

Խորհրդարանն այսօր քվեարկել է երեկ քննարկված հարցերը: Առանց դեմ ու ձեռնպահ ձայների, միայն կողմ քվեարկությամբ առաջին ընթերցմամբ ընդունվել են Քրեական օրենսգրքում փոփոխություններ առաջարկող երկու նախագծերը: Իսկ այսօրվա քննարկումների առանցքում եղել են հիփոթեքային վարկավորման խնդիրները: Որքանով են մատչելի հիփոթեքային վարկերը , ովքեր են կարողանում օգտվել դրանցից , ինչու են դանդաղ նվազում տոկոսադրույքները. այս ու այլ հարցեր այսօր ուղղվել են օրենսդրական փաթեթը խորհրդարանում ներկայացնող ԿԲ փոխնախագահին: Սուր հարցեր, ի դեպ, հնչել են ոչ միայն ընդդիմության, այլ նաև մեծամասնության շարքերից:
Օրենքով կարգավորվում են վարկերի վաղաժամկետ մարման պայմանները, ամրագրվում է, որ քաղաքացին գրավը տեղաշարժելու, իր վարկը մի բանկից մեկ այլ բանկ տեղափոխելու իրավունք ունի: Հեղինակներն ասում են, որ այս կարգավորումներից հետո բանկերն այլևս հնարավորություն չեն ունենա հեռացողների վարկատերերի նկատմամաբ տույժեր կիրառել: Ժամանականյին սահմանափակում, սակայն, կա:
«Երեք տարվա ժամանակահատված է դրված, երեք տարուց հետո որևէ տույժ տուգանք չի կարող կիրառվել»:
Այն դրույթին, որ քաղաքացին իր հիփոթեքն այլ բանկ տեղափոխելու ազատություն կունենա, պատգամավորները չեն առարկում, բայց նաև զարմանում են՝ այդ մեխամիզմը դաշտում վաղուց արդեն կիրառվում է շատ բանկերի կողմից: Այսինքն, ԿԲ-ն ոչ թե նոր բան է առաջարկում, այլ պարզապես օրենքով սահմանում է արդեն գործող կանոնը: Ու բացի դրանից՝ մարդկանց հիփոթեքի մասին ոչ թե այս կանոնները, այլ տոկոսներն են միայն հետաքրքում, իսկ դրանք առայժմ մատչելի չեն՝ ասում է ՕԵԿ-ական Մհեր Շահգելդյանը:
«Երիտասարդ ընտանիքների մեծ մասը չի կարողանում այդ հիփոթեքներից օգտվել, որոնք դրանք մատչելի չեն»:
ԿԲ ներկայացուցչի խոսքով՝ ընդհանուր հիփոթեքային պորտֆելը 400 մլն դոլար է, ծավալն աճում է տարեցտարի, վարկերը ոչ միայն աճում են, այլ նաև կայունանում: Ինչ վերաբերում է հիմնական հարցին՝ տոկոսադրույքներին, ապա ԿԲ ներկայացուցիչը դրանց նվազում այս օրենքով չի խոստանում, բայց և նկատում է, որ տնտեսական իրավիճակին համահունչ տոկոսներ են գործում:
Հիփոթեքային վարկավորման տոկոսադրույքները տարբեր են, բայց գործող 10-12 տոկոս միջին տոկոսադրույքն, ըստ Երիցյանի, համադրելի է ԱՊՀ երկրների ցուցանիշների հետ: Իսկ համեմատությունը զարգացած երկրների հետ, նրա կարծիքով, տեղին չէ: Ի դեպ, այդ տոկոսադրույքները ԿԲ փոխնախագահին հիշեցրեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը: Վահրամ Բաղդարասրայնը կոնկրետ առաջարկով դիմեց ԿԲ փոխնախագահին:
«Փորձի համար ես վաղը ձեզ երիտասարդ, նորաստեղծ ընտանիքներից 10 հոգու ցուցակ պետք է ուղարկեմ, որոնք ունեն սոցիալական լուրջ խնդիրներ, և պետք է հետևողական լինեմ, որ այդ ընտանիքներին 6-7 տոկոսով տրամադրվի հիպոթեքային վարկ, դուք պատրա՞ստ եք այդ հարցը լուծելու»։
Ի պատասխան Ն. Երիցյանն ասաց. «Ես պատրաստ եմ ձեզ հետ աշխատել»:
«Ներողություն, ես չեմ ավարտել։ Դուք բանկերի հետ աշխատեք, իմ հետ մի աշխատեք։ Եթե համաձայն եք, ապա վաղը փորձնական ուղարկեմ այդ 10 հոգու ցանկը»։
Թե ինչ ընթացք է հնարավոր տալ ՀՀԿ խմբակցության ղեկավարի առաջարկին, ԿԲ փոխնախագահն ամբիոնից չասաց, բայց մեկ անգամ ևս կրկնեց՝ ԿԲ-ն ընդհանուր քաղաքականություն է իրականացնում, ադմինիստրատիվ լծակներ՝ տոկոսներ իջեցնելու կամ բանկերին պարտադրելու դա անել, չունի։




