

«Գնում եմ ժողովրդին ծառայելու»,- մարզպետի պաշտոնին վերադառնալն այսպես է այսօր մեկնաբանել Արարատի նորանշանակ մարզպետ Արամայիս Գրիգորյանը: Նա, հիշեցնենք, այս մարզից է, նախկինում նույնպես ղեկավարել է մարզում: Արամայիս Գրիգորյանն այս պաշտոնում փոխարինելու է Ռուբիկ Աբրահամյանին, ով նախկինում փոխարինեց հենց Արամայիս Գրիգորյանին: Գրիգորյանն ու Աբրահամյանը պաշտոնը կորցրել ու գտել են կառավարության այսօրվա նիստում:
Արարատի մարզպետի պաշտոնը Ռուբիկ Աբրահամյանը զբաղեցնում էր 2014թ. մայիսի 8-ից: Աբրահամյանը ՀՀԿ անդամ է։ Հիշեցնեմ, երբ նա մարզպետ նշանակվեց՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության նույն օրվա նիստում հայտարարեց,
«Ինձ բարեկամ չի, ասեմ իմանաք»:
Այսօր արդեն ընտրական այս փուլում պարզվեց, որ Աբրահամյաններն իրականում ունեն ազգակցական կապ:
Հատկանշական է, որ Ռուբիկ Աբրահամյանը մարզպետի պաշտոնում փոխարինեց Արամայիս Գրիգորյանին։ Նա այն ժամանակ նշանակվել էր բնապահպանության նախարար: Այսօր՝ հակառակը տեղի ունեցավ՝ Արամայիս Գրիգորյանը մարզպետ նշանակվեց Ռուբիկ Աբրահամյանի փոխարեն: Կարեն Կարապետյանը նրան արդյունավետ աշխատանք մաղթեց: Գրիգորյանը վստահեցրեց՝ այսօր առավոտյան է տեղեկացել, որ մարզպետ է նշանակվելու:
Նշենք, որ Արամայիս Գրիգորյանը կառավարության կազմում աշխատելու փորձ ունի: Վերջինս, 2008-2009թթ ՀՅԴ քվոտայով զբաղեցնում էր գյուղատնտեսության նախարարի պաշտոնը: Մինչ այդ, 2003 թ. մայիսի 25-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 25 ընտրատարածքից, իսկ 2007 թ. մայիսի 12-ին ԱԺ պատգամավոր է վերընտրվել ՀՅԴ համամասնական ցուցակով։ Գրիգորյանը կառավարություն վերադարձավ 2014թ ապրիլին, երբ Հովիկ Աբրահամյանը վարչապետ նշանակվեց: Արամայիս Գրիգորյանը բնապահպանության նախարարի պաշտոնին հրաժեշտ տվեց, երբ Կարեն Կարապետյանը վարչապետ նշանակվեց:
Թե նախընտրական ինչ գործընթացներում կներգրավվի՝ Գրիգորյանը չի հստակեցնում, ասում է՝ դեռ ժամանակ կա: Հստակեցումներ չկան նաև գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի համար։ Նա նաև չգիտի՝ կընդգրկվի՞ արդյոք ՀՀԿ համամասնական ցուցակում, թե՞ ոչ
«Ախր այնպիսի հարց եք տալիս, ե՞ս եմ որոշողը: Առաջարկ չի եղել, ես ոչ մի բան չեմ որոշել»:
Իգնատի Առաքելյանը, հիշեցնենք, բիզնեսի կառավարման ոլորտում երկարամյա փորձ ունի։ Նա , ինչպես նաև իր մյուս կառավարիչ գործընկեր նախարարների հիմնական մասը, ՀՀԿ- ին անդամագրվեցին վարչապետ Կարեն Կարապետյանի անդամակցության հետ միաժամանակ կամ հետո։




