

Այսօր լրագրողների հետ է հանդիպել զինված խմբի գործով կալանավորված Վահան Շիրխանյանի փաստաբան Հայկ Ալումյանը: Պաշտպանը կրկին ահազանգել է Շիրխանյանի առողջական վիճակի վատացման մասին և որոշ պարզաբանումներ տվել դատական նիստին նրա չներկայանալու մասին:
Շիրխանյանի պաշտպանն այսօր, ըստ էության, արձագանքում էր երեկվա դատական նիստին և ընդհանրապես այն իրավիճակին, որն ստեղծվել է Շիրխանյանի մասնակցության հարցի շուրջ:
«Իրենք փորձում են սլաքներն ուղղել մեր դեմ, ուզում են ցույց տալ, որ Շիրխանյանը չի ցանկանում գալ դատարան: Բայց իրականությունն այն է, որ հենց իրենք չեն ուզում, որ Շիրխանյանը գա դատարան: Շատ լավ իմանալով, որ Շիրխանյանն ի վիճակի չէ ներկայանալ ոչ մի քայլ չի արվում նրան օգնելու համար»:
Օգնություն, ըստ Ալումյանի, կլիներ այն, որ Շիրխանյանին սայլակ կամ պատգարակ տրամադրվեր: Դրա անհրաժեշտությունը փաստող երեք փաստաթուղթ է նա երեկ դատարան ներկայացրել է: Ընդհանուր առմամբ՝ իր պաշտպանյալի առողջական վիճակը խիստ մտահոգիչ է գնահատում:
«Լինելով առողջ՝ կալանավորվեց 2015թ. դեկտեմբերի 19-ին և էդ օրվանից մինչ այսօր դարձել է հաշմանդամ: Ինչ-որ տեղ արդեն ձանձրացել եմ դրա մասին խոսել, բայց սա այն հարցն է, որի մասին լռել չի կարելի»:
Հայկ Ալումյանի այս գնահատականները իրականությանը չհամապատասխանող կամ այսպես ասենք չափազանցված է համարում Քրեակատարողական վարչությունը: Պաշտպանի նախորդ ասուլիսից հետո տարածված հաղորդագրության մեջ, օրինակ, նշվում էր, բժշկական կոնսիլիումի եզրակացությամբ Շիրխանյանը ստացիոնար բուժման կարիք չունի և շարունակում է ստանալ նշանակված դեղորայքային բուժումը:
«Եթե թղթերը տեսնեք, կզարմանաք, թե ինչ բուժօգնություն է ցուցաբերվում: Ձեզ կթվա, թե Շիրխանյանը առողջական կատարյալ վիճակում է, անգամ կարող է ֆուտբոլ խաղալ, մինչդեռ իրականությունը բոլորովին այլ է և շատ ակնհայտ»:
Ի դեպ, Շիրխանյանի վիճակին արձագանքել էր նաև Մարդու իրավունքների պաշտպանը՝ արդարադատության նախարարին առաջարկելով Շիրխանյանին անհապաղ տեղափոխել քաղաքացիական առողջապահական հաստատություն և կազմակերպել նրա անհրաժեշտ խնամքը: Այս ահազանգը նույնպես դեռևս արձագանք չի ստացել:
Ի դեպ, բանդայի գործով հաջորդ դատական նիստը նշանակվել է հունվարի 27-ին: Հայկ Ալումյանն ասում է, որ նույն խնդիրը կլինի նաև հաջորդ նիստի ընթացքում. կամ Շիրխանյանին պետք է սայլակ կամ պատգարակ տրամադրվի, կամ նա նորից նիստին մասնակցելու հնարավորություն չի ունենա:




