
Դոնալդ Թրամփը պաշտոնապես դարձավ ԱՄՆ 45-րդ նախագահ։ Նրա երդմնակալությունն ընդունել է ԱՄՆ Գերագույն դատարանի նախագահ Ջոն Ռոբերթսը։ 70-ամյա Թրամփը ԱՄՆ նախագահի պաշտոնում փոխարինեց Բարաք Օբամային, ով այդ պաշտոնում ծառայել է երկու ժամկետ։
«Ես՝ Դոնալդ Թրամփս, հանդիսավորությամբ երդվում եմ, որ բարեխղճորեն կկատարեմ ԱՄՆ նախագահի պարտականությունները և ուժերիս ներածին չափով կաջակցեմ ԱՄՆ Սահմանդրությանը, կպահպանեմ ու կպաշտպանեմ»,-ասել է Թրամփը՝ աջ ձեռքը վեր բարձրացրած, իսկ ձախը՝ երկու Աստվածաշնչի վրա դրած։
Երդմնակալությունից հետո ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել ելույթով՝ հայտարարելով, որ հանցավորությունը, ավազակությունը և թմրանյութերն ամերիկացիների համար կյանքեր են արժենում և խոստացել, որ այդ «կոտորածը» կավարտվի այսօր։ ԱՄՆ 45-րդ նախագահը հայտարարել է, որ իրենք կփոխանցեն իշխանությունը Վաշինգտոնից ժողովրդին և կսկսեն երկրի վերականգնումը։
Նա նշել է, որ ԱՄՆ-ն իր կենսակերպը չի պարտադրի այլ երկրների, սակայն ցանկանում է օրինակ լինել նրանց համար։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը պաշտպանել է այլ երկրների, սակայն չի պաշտպանել իր սեփական սահմանները։ Թրամփը խոստացել է լիովին վերացնել արմատական իսլամական ահաբեկչությունը։
Նկարները՝ MailOnline-ի




