

Հայ գիտնականները կարող են տնտեսության մեջ կիրառվող արդյունք ստեղծել՝ այսօր «Ռադիոլուրի» հետ զրույցում վստահեցրել է կրթության ու գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանն ու մատնանշել «Հայ կենսաարտադրական տեխնոլոգիա գիտական միավորում» կենտրոնի կողմից իրականացվող կենսաբանական պարարտանյութերի արտադրությունը: Կենտրոնի առաջատար գիտաշխատող, կենսաբանական գիտությունների թեկնածու Գայանե Ավետիսովան «Ռադիոլուրի» հետ զրույցում նշել է, որ այս տարվանից գյուղացիներին տրամադրվող պարարտանյութերին զուգահեռ նաև տեղականն է առաջարկվելու: Տնտեսագետ Ատոմ Մարգարյանի հետ էլ փորձել ենք հասկանալ, որքանով են արդյունավետ գիտության ոլորտին տրվող գումարները ծախսվում:
Ամեն տարի գիտության պետական կոմիտեին պետական բյուջեի սուղ միջոցներից տրամադրվում է տասը մլրդ դրամից ավելի գումար: Այսօր գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանից փորձեցինք պարզել՝ որքանո՞վ են ֆինանսավորվող ծրագրերը կիրառվում տնտեսության մեջ:
Վստահեցրեց՝ ներդրվում են, ավելին, նշեց, որ պատվերի դեպքում կարող են ավելին անել: «Տնտեսությունից է կախված արդյունքը»,-կարծիք հայտնեց զրուցակիցս, «եթե տնտեսությունը ուժեղ լիներ, արդյունքներն ավելին կլինեին»:
Ռազմական արդյունաբերություն- գիտություն կապը առավել ամուր հիմքերի վրա դրվեց վերջին շրջանում:
Սամվել Հարությունյանի տեղեկացմամբ, 2016-ին ՊՆ-ից 42 ծրագիր են ֆինանսավորել, դրանք լուրջ ազդեցություն կունենան բանակի վրա: Գիտպետկոմի նախագահը սակայն փակագծերը չի բացում: Տնտեսության մեջ կիրառվող ծրագրերից Հարությունյանն այդուհանդերձ մատնանշեց.
«Հայ կենսաարտադրական տեխնոլոգիա գիտական միավորում կենտրոնի կողմից իրականացվող կենսաբանական պարարտանյութերի արտադրությունը»:
Շուրջ յոթ տարի հայ գիտնականները աշխատել են ու արդեն 2009թ սկսել կենսաբանական պարարտանյութի արտադրությունը: Կենտրոնի առաջատար գիտաշխատող, կենսաբանական գիտությունների թեկնածու Գայանե Ավետիսովան «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց, որ տեղական արտադրության պարարտանյութը մինչև 60 տոկոս բերքատվություն և 20 տոկոս հողերի բերրիություն է ապահովում:
«Ռադիոլուր»-ի զրուցակցիս խոսքով, առայժմ կարող են ամսական մոտ 40 տոննա արտադրել, 2500 դրամ արժեք ունեցող հեղուկ այս պարարտանյութը հիմնականում անհատ ֆերմերներն են ձեռք բերում, երբեմն՝ մասնավոր կառույցները՝ Արմավիրի ու Գեղարքունիքի մարզերից: Այն կարելի է գնել հենց կենտրոնից:
Հայ գիտնականներն իրենց առաջարկը նաև վարչապետին են ներկայացրել, այս տարվանից սելիտրային զուգահեռ գյուղացիներին նաև տեղական այս պարարտանյութն է տրամադրվելու,-ասաց:
Գիտնականները սակայն հանրապետության ողջ պահանջարկը չեն կարող բավարարել՝ ֆինանսներ չկան:
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան Ատոմ Մարգարյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ընդգծում է՝ գիտությանը տրամադրվող գումարի մեծ մասն ուղղվում է հիմնարար գիտության ֆինանսավորմանը: Կիրառական գիտությանը հասնում է ֆինանսավորման ավելի փոքր մասը: Այդուհանդերձ՝ նշում է, որ մոտ երեք տարի է, ինչ կենսաբանության, քիմիայի, գյուղատնտեսության ոլորտներում ֆինանսավորվում են մի քանի ծրագրեր: Ատոմ Մարգարյանը հույս ունի որ դրանք կոնկրետ արտադրանքի ելք կունենան:
Ստացված արդյունքը իրական արտադրություն դառնալու, աշխատատեղ ու եկամուտ ստեղծելու համար համապատասխան քաղաքականություն պետք է իրականցվի՝ ինովացիոն քաղաքականություն:
«Ինովացիոն կամ գիտական մենեջմենթ» . սա է պակասում Հայաստանին,- համոզված է Ատոմ Մարգարյանը: Զարգացած համալսարանական համակարգերում ու ընդհանրապես զարգացած երկրներում շատ հարգված կրթական ծրագրեր են, Հայաստանում գիտական մտքի առևտրայնացման մշակույթ ցավոք չկա:
Ատոմ Մարգարյանը կարծում է, որ այս բացը նոր կառավարության գործունեության հիմնական վեկտորներից մեկը պետք է լինի: Միաժամանակ նկատում է՝ աշխարհում գիտական ոլորտի ֆինանսավորման 60 տոկոսից ավելին խոշոր ընկերություններն են իրականացնում, Հայաստանում ՝80 և ավելի տոկոսը պետբյուջեն է ֆինանսավորում:
«Կառավարությունը կարող է բիզնեսի առջև նոր տեխնոլոգիաների ներդրման անուղղակի պահանջարկ ներկայացնել՝ պարզապես փակելով մենաշնորհային որոշակի դիրքի օգտագործման ու ընդհանրապես այլ ոչ մրցակցային ճանապարհներով գերշահույթի ստացման հնարավորությունը: Այս դեպքում ընկերությունը հաստատ ինովացիայի ու գիտական պրոդուկտ ստեղծելու մասին կմտածի, լաբորատորիաներ կստեղծի, կամրապնդի իր երկարաժամկետ ներկայությունը շուկայում»,- եզրափակում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան Ատոմ Մարգարյանը:
Ի դեպ, Կարեն Կարապետյանի կառավարության հիմնադրույթներից մեկն էլ գիտության ֆինանսավորման ծավալների հիմնական մասի ուղղորդում դեպի կիրառական և փորձակոնստրուկտորական ծրագրերի կիրառումն է՝ սակայն 2018 թվականից սկսած:




