

Ուղիղ չորս ամիս առաջ՝ սեպտեմբերի 13-ին , Հայաստանի վարչապետ նշանակվեց Կարեն Կարապետյանը: Նա այսօր խախտել է վարչապետերի լռությունն ու հանդիպել լրագրողների հետ: Հիշեցնենք, 2,5 տարվա ընթացքում նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը մամուլի ասուլիսով այդպես էլ հանդես չեկավ: Վարչապետերից Տիգրան Սարգսյանն էր, որ մամուլի ասուլիսով հանդես եկավ, սակայն հանդիպեց լրատվամիջոցների ղեկավարների հետ: Այսօր ուղիղ երկու ժամ կառավարության ղեկավարը լրագրողների հարցերին է պատասխանել:
Անձամբ Կարեն Կարապետյանը կառավարության 100 օրվան նվիրված ու տնտեսական հարցերի կողմնակից է եղել, սակայն քաղաքական թեմաները չեն շրջանցվել: Ի դեպ, Կարեն Կարապետյանն այսօր էլ հավատարիմ է մնացել խոսակցական իր ոճին ու մինչ պատասխանելը նաեւ ինքն է հարցեր տվել։ Վարչապետը շեշտել է՝ ՀՀԿ- ին անդամակցելուց հետո ազատությունը չի նվազել։
Կառավարչից՝ քաղաքական գործիչ, մասնավորից՝ պետական հատված: Արդյունքում՝ Կարեն Կարապետյանը վարչապետ նշանակվեց ու իր իսկ խոստովանությամբ կորցրեց անձնական կյանքը։ Արդեն չորս ամիս բացի աշխատանքից որևէ մեկից տեղյակ չէ։
Ի՞նչը ստիպեց նրան գնալ նման քայլի։ «Անհանգստությունը՝ ինչ է կատարվում մեր երկրում ծառայելու պատրաստակամությունը»:
Համապետական ընտրություններին ընդառաջ՝ քաղաքական հարցերը չշրջանցվեցին: Այսօր էլ չխախտվեց ավանդույթն ու պատասխաններից առաջ վարչապետը նաև հարցեր հնչեցրեց։ «Ինչպե՞ս եմ քարոզելու՝ իմ աշխատանքով: Վերջին տարիներին ՀՀ քաղաքացի եմ, ապրել եմ Երևանից դուրս։ Համապատասխանո՞ւմ է իմ ապրելու օրերի քանակին սահմանափակումը, որպեսզի լինել ՀՀԿ ցուցակում, թե չէ։ Այդ հարցի պատասխանը չգիտեմ, բայց եթե չի համապատասխանում, ապա ես ցուցակում չեմ լինելու»:
ՀՀԿ նախընտրական շտաբը ղեկավարելու առաջարկ, ի դեպ, Կարեն Կարապետյանը չի ստացել, եթե ստանա՝ կմերժի, իսկ ընտրողներին համոզելու է նախապատվությունը տալ ՀՀԿ-ին՝ իր աշխատանքով: Նախորդ կառավարությունից չկան պաշտոնյաներ, որոնց հետ Կարապետյանը ստիպված է աշխատում, նշում է՝ կան կոմպրոմիսային լուծումներ: Ճարահատյալ չի աշխատում որևէ մեկի հետ:
Իսկ ի՞նչ է անելու խոստացված արդյունքները չապահովող պաշտոնյաների հետ։ Հարցին նախ հումորով, հետո լուրջ է պատասխանում։ «Պատասխանատվության չե՞նք ենթարկելու, բոլորին նստացնելու ենք, կախաղան ենք հանելու: Օբյեկտիվ պատճառներ կան, տնտեսության խնդիր կա, հասկանու՞մ եք: Իրականում, եթե մարդ սխալ է արել, պե՞տք է պատասխան տա, պետք է: Շատ դեպքերում լրագրողներից՝ ու՞մ եք նստացնելու, ու՞մ եք պատժելու: Սա՞ է ձեր գլխավոր խնդիրը»:
Հայաստանի տնտեսության վիճակի առաջին գնահատականը վարչապետ նշանակվելուց չորս ամիս անց էլ չի փոխվել։ «Այսօր էլ եմ ասում, դա նշանակում է, որ այն կառավարելի չի՞, ոչ: Բավարարո՞ւ մ է այսօր բոլորիս մեր տնտեսության վիճակը, չի բավարարում»: Տնտեսությունը, այս մեծ համակարգը, մի օրվա մեջ փոփոխելու հնարավորությունը չկա: Մենք ամեն օրվա աշխատանքով մեր խնդիրն է, որ մենք տանք ազդակները, որպեսզի մեր քաղաքացիները զգան, որ մենք ճիշտ ուղղությամբ ենք գնում:
«Օլիգարխների հետ հանգիստ աշխատող վարչապետը, համենայն դեպս այդպես հայտարարեց, չի անհանգստանում, եթե անգամ Ադրբեջանը որոշի գնել Վրաստանի՝ դեպի Հայաստան գազամուղը շահագործող բաժնետոմսերի 25 տոկոսը: «Հիշում եք, երբ գազ չեք ունեցել՝ 90-ականներին, դեռ ինչքան եք հիշելու: Մի վախեցեք, լավ է լինելու: Իրանի ու Թուրքմենստանի դեսպանների հետ ենք հանդիպել, անհոգ եղեք, ոչ մի բան մեզ չի սպառնում»:
Պրիմիտիվ գողություն՝ ավիատոմսերի ոլորտում, Կարեն Կարապետյանի առաջին հայտարարություններից մեկն էր: Այսօր՝ պարզաբանեց՝ կա անարդյունավետ կառավարում, ոչ թե կոպիտ գողություն:
ՊՈԱԿ-ների ու ԾԻԳ-երի կրճատում. Կարեն Կարապետյանի նախաձեռնություններից հերթականը նաև մարդկային ռեսուրսների կրճատում է նախատեսում: Մոտ երեք հազար մարդ պետական կառավարման համակարգում արդեն կորցրել է աշխատանքը:
Համակարգում խնդիրները շատ են, քայլ առ քայլ կհասնեն նրան, որ պետական կառավարման համակարգում ի վերջո աշխատավարձի վճարումը կախված լինի տրամադրած արդյունքից: Վարչապետն էլ է տեղյակ՝ պետական հատվածի աշխատողների մեծ մասի աշխատավարձը ցածր է անգամ միջին հանրապետականի մակարդակից:
Համեստ բյուջեով, ֆինանսական լուրջ խնդիրներով ու տնտեսական համեստ ցուցանիշերով կառավարության ղեկավարը ինչ միջոցների հաշվին ու ինչպես է բարձրացնելու պետական հատվածի աշխատողների աշխատավարձը՝ հարցնում եմ Կարեն Կարապետյանին։ «Վերջնական լուծում չունենք, հիմնական լուծումն այն է, որ մեր տնտեսությունը զարգանա, մեր մուտքերը պետք է շատանան։ Մեր եկամուտները պետք է շատանան, պետք է գանք նրան, որ լավագույն մասնագետներին կարողանանք վարձել»:
Դրայվով և էմոցիոնալ Կարապետյանն այսօր էլ այդպիսին մնաց, ավելին՝ ինչ որ մի պահի, մի քանի հարցից բորբոքվեց։ Ավելի կոնկրետ պարզե՞լ է արդյոք վարչապետը բանանի ներմուծումը խոչընդոտող պաշտոնյան պատժվել է, թե՝ ոչ։ «էդ մարդուն, ում խոչընդոտել են, դիմում տվել է ոստիկանություն, թե չէ: ես իրենց բոլորի հետևից վազեմ , ասեմ դիմում տու՞ր»:
Հետո ավելի հանգիստ ներողություն խնդրեց ու մեկ անգամ ևս բաց ու թափանցիկ աշխատելու պատրաստակամություն հայտնեց:




