

Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած կուսակցություններն ու դաշինքները գրանցման համար պահանջվող փաստաթղթերը վերջնական տեսքի բերելու համար ընդամենը 1 ամիս ժամանակ ունեն: ԿԸՀ հաստատած ժամանակացույցի համաձայն՝ դրանք պետք է ներկայացվեն փետրվարի 6-ից 16-ն ընկած ժամանակահատվածում: Այսինքն՝ մինչ այդ քաղաքական ուժերը պետք է հստակեցնեն՝ միայնա՞կ են մասնակցում ընտրություններին, թե՞ դաշինքով:
Չնայած ժամկետները սուղ են, բայց որոշումները դեռ վերջնական չեն: Հատկապես ընդդիմադիր դաշտում հնարավոր դաշնակիցների փնտրտուքը շարունակվում է : Առաջին և առայժմ միակ դաշինքը, որը պաշտոնապես հայտարարել է իր մուտքը քաղաքական դաշտ, ընդդիմադիր երեք ուժերի՝ Էդմոն Մարուքյանի ղեկավարած «Լուսավոր Հայաստանի», Նիկոլ Փաշինյանի հիմնադրած «Քաղաքացիական համաձայնագրի» և Արամ Սարգսյանի «Հանրապետության» միավորումն է: Եռակողմ դաշինքը, որին հիմնադիրները «Ելք» անվանումն են տվել, պատրաստվում է միասնական ցուցակով մասնակցել ընտրություններին, ավելին՝ հետագայում էլ մտածել մեկ կուսակցություն դառնալու մասին:
Հենց դրանով էլ, Էդմոն Մարուքյանի կարծիքով, «Ելքը» տարբերվելու է նախորդ բոլոր դաշինքներից: «Մենք 1, 2 կամ 3 մանդատ վերարտադրելու խնդիր չենք դնում, ուզում ենք ավելի մեծ թիմով լինենք գալիք խորհրդարանում: Դրա համար խոսում ենք հետագայում մեկ կուսկացություն դառնալու մասին: Ոչ թե հեշտ , այլ բարդ ճանապարհն ենք ընտրել»:
«Ելքը» առայժմ միակ կառուցողական նախաձեռնությունն է քաղաքական դաշտի ընդդիմադիր հատվածում: Մյուսները դեռ բանակցում են կամ սպասում հանգուցալուծումների: Օրինակ «Բարգավաճ Հայաստանում» դեռ պատասխան չի ստացել Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալու հարցը: Խոստումը, սակայն, հնչել է դեռևս դեկտեմբերին խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի կողմից: «Ես վստահեցնում եմ, որ ոչ շատ ուշ, առաջիկա օրերին Գագիկ Ծառուկյանն իր մասնակցության ձևի , ֆորմատի մասին բաց և հրապարակային կտեղեկացնի»:
Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը սակայն դեռ ուշանում է և սպասման մեջ է պահում ոչ միայն «Բարգավաճ Հայաստանի», այլ նաև այլ կուսակցությունների ներկայացուցիչներին: Օրինակ, ԲՀԿ-ից առանձնացած «Համախմբումը» տարեվերջին չէր բացառում Ծառուկյանի վերադարձի դեպքում միավորման ինչ-որ ձևաչափ ունենալ, այսօր խուսափում է հնարավոր դաշնակիցների անուններ նշել:
Ի դեպ, երեկ տեղի է ունեցել «Համախմբում» կուսակցության վարչության հերթական նիստը: Ըստ տարածված հաղորդագրության՝ վարչությունը բավարար է գնահատել այլ քաղաքական ուժերի հետ ընթացող նախնական քննարկումները: Միաժամանակ, որոշում է կայացվել ավելի ինտենսիվ դարձնել դրանք՝ վերջնական որոշումների հանգելու նպատակով: Վարչությունը նաեւ որոշում է կայացրել ստեղծել բանակցող խումբ, որի անդամներից մեկն էլ կուսակցության փոխնախագահ Ստեփան Մարգարյանն է:
ՀԱԿ-ը նույնպես հայտարարել էր բանակցությունների մասին, արդյունքների մասին դեռ չի հայտարարում: Բանակցությունների մեջ են նաև «Ազատ դեմոկրատներն» ու ՀՀՇ-ն: Այստեղ նույնպես արդյունքները խոտանում են շուտով բարձրաձայնել :
Շատ ավելի անորոշ է իրավիճակը «Ժառանգությունում»: Կուսակցության առաջնորդը Հայաստանում չէ , իսկ կուսակցության անդամները տարբեր գնահատականներ են հնչեցնում: Օրինակ Ազգային ժողովում այդ կուսակցության միակ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը կարծում է, որ «Ժառանգությունը» միայնակ էլ կարող է մասնակցել ընտրություններին, նույն կուսակցության մյուս փոխնախագահը՝ Արմեն Մարտիրոսյանը, հակառակ կարծիքն ունի: Բայց մյուս ընդդիմադիրների պես փակագծեր առայժմ չի բացում:
Քաղաքական դաշտի կոալիցիոն հատվածում պատկերը շատ ավելի հստակ է. ՀՀԿ տարբեր գործիչների շուրթերով տարբեր հայտարարել է՝ նախընտրական միավորումներ ստեղծելու կարիք չի տեսնում: Դաշնակցությունը նույնպես, ըստ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի, 90 տոկոսով առաջիկա ընտրություններին կմասնակցի միայնակ:




