

2017 թ. Հայաստանի տնտեսության համար ծանր տարի է լինելու, ինչը փաստում են նաեւ ոլորտի պատասխանատուները։ Տարին սպասողական է նաև ներդրողների համար: 2016 էլ , մի շարք գործոններով պայմանավորված, բարենպաստ չէր:
Հայաստանի տնտեսությունը խեղդվում է, այն պետք է փրկել: Իսկ փրկելու համար, փորձագետների կարծիքով, ամենակարևորը ֆինանսական ռեսուրսների ներգրավումն է, ավելի պարզ՝ ներդրումները: Վերջին տարիներին սակայն Հայաստանում ներդրումները ոչ թե ավելանում են, ինչը կենսական անհրաժեշտություն է, այլ՝ նվազում: Պատճառը նախ ապրիլյան քառօրյա պատերազմն էր, որը անկայուն միջավայր ստեղծեց ներդրողների համար, ապա, ոլորտի պատասխանատուների կարծիքով, Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում տնտեսական աճի փոխարեն բացասական սպասումներ են ձևավորվել:
Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը առանձնացրել է ներդրումների զուտ ներհոսքի ցուցանիշը՝ որքան ենք մենք ներդրումներ կատարում դրսում, որքան են դրանք կազմում Հայաստանում : Պատկերը մտահոգիչ է`ասում է։ «Բացասական ցուցանիշը կազմում է գրեթե 70 մլրդ դրամ: Հայաստանում ոչ թե ներդրումներ են անում, այլ՝ տանում են: Ամենաշատը ներդրումների զուտ հոսքերը՝ ՌԴ՝ 72 մլրդ, Լիբանան՝ 14 մլրդ կարգի գումար է կազմում»։
Հայաստանում ներդրումներ են կատարել Միացյալ Թագավորությունը, Կիպրոսը, Լյուքսեմբուրգը: Ընդհանուր առմամբ՝ մենք ներդրումների արտահոսք ենք ունեցել՝ ընդհանրացնում է։ «Ընդհանուր համախառն ներդրումները մոտ 28 տարվա կտրվածքով մոտենում են արդեն վեց տրիլիոն դրամի: Մեր առաջին գործընկերը Ռուսաստանն է, երկրորդը՝ Գերմանիան, երրորդը՝ Ֆրանսիան»:
Թե ինչու են ներդրողները հեռանում Հայաստանից Վիլեն Խաչատրյանը դժվարանում է ասել, կարծում է , որ յուրաքանչյուր դեպք պետք է առանձին քննության ենթարկվի:
Ներդրումների մտահոգիչ պատկերի հարցում կառավարությունում ազնիվ են: Վարչապետ Կարեն Կարապետյանը խոստովանում է՝ նախընտրական տարին խանգարում է տնտեսության ակտիվացմանը, ամենուր անորոշություն է, անգամ սեփական գույք գնելու հարցում։ «Բիզնեսմենները նույն կերպ, եթե մենք ռեալ կարողանանք արդար միջավայր ստեղծենք և բիզնեսմենը հասկանա, որ ինքը իր համար անսպասելի զարգացումներ չի ունենա, խոչընդոտներ չի ունենա, գումար դնելու իր համարձակությունը կաշխուժանա»:
Հանձնարարականը հստակ է՝ անել հնարավոր ու անհնար ամեն ինչ, որպեսզի 2017թվականին Հայաստան հնարավորինս շատ ներդրողներ գան: Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը խոստովանում է.«Վերջին տարիները ցույց են տվել, որ կարևորագույն թույլ կողմերից մեկը օտարերկրյա ներդրողներն են, որը գնալով նվազում են: Պետք է շրջենք այդ տենդենցը վերելքի ուղղությամբ»։
Ֆինանսական ոլորտի պատասխանատուն շրջման կետը համարում է մակրոտնտեսական կայունության ապահովումը, վստահելի ու իրատեսական քաղաքականության իրականացումը: Իսկ սրա առաջին քայլերից մեկը, ըստ Արամյանի, 2017թ. պետական բյուջեն է, որը վստահություն կներշնչի օտարերկրյա ներդրողներին:
Ընդամենը մի քանի ամիս առաջ հայտարարվեց, որ «Սիթի Փարքինգ սերվիս» ընկերության 100 տոկոս բաժնեմասն անցնում է պետությանը: Արդյո՞ք սա ռիսկ չէ ներդրողների համար: Նրանք կարող են այստեղ ներդրումներ անել, բիզնես կայացնել ու « կանգնել կոտրած տաշտակի» առջև: Ֆինանսների նախարարը ռիսկը տեսնում է, սակայն վստահեցնում է՝ զգուշավոր են եղել, հատկապես օտարերկրյա ներդրողներին բացասական ազդակ հաղորդելու հարցում:
Որքան էլ ջանքեր գործադրվեն, միևնույնն է՝ 2017թ. դժվարություններն ակնհայտ են լինելու՝ փաստում են փորձագետները:




