Հասարակություն

Ինչպիսի ճակատագիր է սպասվում մարզային հեռուստաընկերություններին

Ինչ ընդհանրություն ունեն հայաստանյան լրատվամիջոցներն ու աճպարարներ Հարի Հուդինը կամ  Դևիդ Կոպերֆիլդը: Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասրադյանը նմանություն տեսնում է: «Աճպարարներ Հարի Հուդինին կամ Դևիդ Կոպերֆիլդին դնում էին մետաղյա արկղի մեջ, ձեռքերը կապում էին, իրենք փաթաթած վիճակում էին, դնում էին հողի մեջ ու ասում՝ դուրս արի: Մոտավորապես սա է անկախ Հայաստանում լրատվամիջոցների վիճակն ու պատմությունը»:

Լրատվամիջոցները դժվարություններից,  ըստ փորձագետի, կորուստներով, բայց դուրս են գալիս և շարունակում են գործել:  Ընդհանուր առմամբ՝ վերջին տարիներին  Նավասարդյանը մեդիա դաշտում զարգացում ու կայացում արձանագրում է, հատկապես նկատելի համարելով  նոր մեդիայի զարգացումը, բայց նշում է մի խնդիր, որից դուրս գալ, ասում է, կդժվարանար անգամ Կոպերֆիլդը: Խոսքը թվայնացման արդյունքում մարզային հեռուստաընկերությունների համար ստեղծված իրավիճակի մասին է: «Թվայնացման արդյունքում ունենք մի իրավիճակ, երբ մարզերում գործող հեռուստաընկերությունները հնարավոր է փակվեն:  Այս խնդիրը բոլորը շատ լավ հասկանում են, բայց  ուզում ենք հավատալ այն հայտարարություններին, թե հատուկ քաղաքականություն չի հետապնդում այս գործելաոճը: Սակայն ոչ մի բան չի արվում, որպեսզի մարզային ՀԸ-երը չփակվեն»:

Խնդիրը տևական ժամանակ բարձրացնում են նաև իրենք՝ մարզային հեռարձակող լրատվամիջոցները: «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում 2010-ին կատարված փոփոխությամբ լիցենզավորման մրցույթների նոր կարգ է սահմանվել՝ նախատեսելով մեկ մասնավոր մուլտիպլեքսորի  գոյություն: Ի դեպ՝ մասնավոր մուլտիպլեքսորի լիցենզավորման այս տարի անցկացված մրցույթը հայտարարվել է  չկայացած՝ հայտերի բացակայության պատճառով: Որպես միջանկյալ լուծում անալոգային լիցենզիաների ժամկետը 1 տարով երկարաձգել է, բայց խնդիրը չի լուծվել:

Մարզային 6 հեռուստաընկերությունների ներկայացուցիչներ համատեղ հայտարարություն են տարածել,  նրանց միացել են լրագրողական կազմակերպությունները:  Նրանք կոնկրետ լուծումներ են առաջարկում և իշխանություններին հորդորում  գտնել դրանցից ամենաարդյունավետը:

Երևանի մամուլի ակումբի նախագահի խոսքով՝ խնդիրը հատկապես սուր է գարնանը սպասվող ընտրություններից առաջ: «ՀՀ պատմության մեջ առաջին անգամ  ունենալու ենք  տարածքային ցուցակներով ընտրություն, ինչի լուսաբանման հիմնական բեռը կրելու են  մարզային ԶԼՄ-ները»:

Ի դեպ , սա թվայնացման այն դրսևորումներից մեկն է, երբ հնարավորությունները արդյունքում ոչ թե ավելանում , այլ՝ պակասում են: Երևանի մամուլի ակումբի նախագահը հիշեցնում է, որ   առաջիկա  ընտրություններից թե իշխանությունների, թե հանրության , թե միջազգային կառույցների ակնկալիքները մեծ են: Բայց դեռ ընտրությունները չսկսած  2 հարց արդեն մտահոգության տեղիք է տալիս: Մեկը  մարզային ԶԼՄ-ների նկատմամբ ոչ մրցակցային պայմանների առկայությունն է, մյուսը՝ Ընտրական օրենսգրքում լրագրողների և լրատվամիջոցների իրավունքների սահմանափակումը»:

Ընտրական օրենսգրքում, հիշեցնեմ, վերանայվել են նաև լրագրողներին ու լրատվամիջոցներին վերաբերող դրույթները: Մասնագիտական շրջանակները հատկապես մտավախություն ունեն դրույթներից մեկի վերաբերյալ, որը պատասխանատվություն է սահմանում կրկնակի քվեարկության մասին կեղծ հաղորդում ներկայացնելու համար: Սա, նրանց կարծիքով, զսպաշապիկի դեր է ունենալու ընտրությունների ընթացքը վերահսկողների համար: Շատ բան, իհարկե կախված կլինի հանգամանքից, թե ինչպես կկիրառվի այդ դրույթը: Փորձագետներն ասում են՝ չգիտեն, թե իրավապահ մարմինները որքանով կօգտվեն այս գործիքից , բայց որ գործիքը նրանց ձեռքում է և կարող է օգտագործվել, չեն կասկածում:

Կարդացեք նաև

Back to top button