

5 քառօրյա, 5 արտահերթ նիստ, 2 արտահերթ նստաշրջան, ընդունված 100-ից ավելի օրինագիծ, վավերացված մի քանի տասնյակ համաձայնագիր. այսպիսին է Ազգային ժողովի նախավերջին՝ 10-րդ նստաշրջանի թվային պատկերը: Իսկ ինչ են ասում թվերը պատգամավորների քվեարկությունների, բացակայությունների և օրենսդրական ակտիվության մասին: Այս ցուցանիշներն ամեն նստաշրջանից հետո ամփոփում ու ներկայացնում է parliamentmonitoring.am-ը: Եվ այսպես, ովքեր են այս նստաշրջանի ամենա-ները։
ԱԺ 10 րդ նստաշրջանը չխախտեց նախորդների ընթացքում ձևավորված ավանդույթը և բացակայությունների մասով արձանագրեց նույն պատկերը. նստաշրջանի ամենաշատ բացակայած պատգամավորը կրկին ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է: Նա այս անգամ ևս գրանցել է 100 տոկոսանոց արդյունք՝ 149 բացակայություն 149 քվեարկությունից: Ի տարբերություն նախորդ նստաշրջանների՝ բացակայությունների ռեկորդն այլևս միայն Ծառուկյանինը չէ: Նրա հետ նույն արդյունքը՝ 149 բացակայություն 149 քվեարկությունից, գրանցել է նաև հանրապետական Աշոտ Աղաբաբյանը: Մրցակցությունն այս անգամ թեժացրել է նաև ԲՀԿ խմբակցության անդամ, բայց «Համախմբում» կուսակցության առաջնորդ Վարդան Օսկանյանը: Նա, ի տարբերություն առաջատարների, 149 քվեարկություններից 1-ին մասնակցել է:
***
Կողմ, դեմ թե ձեռնպահ. այս ընտրությունը քննարկված մոտ 160 օրենքների դեպքում պատգամավորները կատարել են տարբեր կերպ, տարբեր հիմնավորումներով առաջնորդվելով: Զարուհի Փոստանջյան, Նիկոլ Փաշինյան, Թևան Պողոսյան. սա նստաշրջանի ընթացքում ամենաշատ դեմ քվեարկած պատգամավորների եռյակն է: Նրանք երեքն էլ թեև նստաշրջանի ընթացքում ավելի շատ կողմ են քվեարկել , քան դեմ, բայց արձանագրել են դեմ քվեարկությունների ամենաբարձր ցուցանիշը: 10-րդ նստաշրջանում Նիկոլ Փաշինյանը դեմ է եղել 31 օրինագծի, կողմ՝ 51-ին: Ամբողջ գումարման ընթացքում նա դեմ է քվեարկել 402 անգամ:
Դե իսկ կողմ քվեարկությունների մենաշնորհը այս գումարման խորհրդարանում հանրապետական խմբակցությանն է: Բոլոր նստաշրջանների և նաև վերջինի ընթացքում ՀՀԿ- ի քվեարկությունների ավելի քան 90 տոկոսը կողմ է: Հանրապետականները դեմ են քվեարկում միայն ընդդիմության նախաձեռնություններին: Իսկ այդպիսիք այս նստաշրջանի ընթացքում չեն եղել: 100 տոկոսանոց կողմ ցուցանիշ արձանագրել է 4 հանրապետական՝ 149 կողմ 149 քվեարկության ժամանակ, ՀՀԿ-ում շատ են նաև այս ցուցանիշից մեկով պակաս արդյունք գրանցած պատգամավորները:
Նրանցից մեկը Կարինե Աճեմյանն է: «Ես այն պատգամավորներից եմ, որ միշտ հիմնավորել եմ իմ քվեարկությունները: Չի լինում այնպես, որ դեմ լինեմ, բայց կողմ քվեարկեմ, բոլոր օրենքները կարդում եմ, ինձ համար մութ անկյուններ չկան, նաև կարգապահ կուսակցական եմ»,- ասում է։
***
10-րդ նստաշրջանում փոխվել է ակտիվ պատգամավորների եռյակը: Ամենաշատ հարցերը տվել ու ելույթներն ունեցել է ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը: Երկրորդը Խոսրով Հարությունյանն է, երրորդը Թևան Պողոսյանն է: Նախորդ նստաշրջանում հիշեցնեմ, եռյակն ամբողջությամբ ՕԵԿ-ական էր: Հարցին, թե ինչու են պակասեցրել ակտիվությունը, խմբակցությունում հստակ պատասխան չունեն: Մհեր Շահգելդյանն ասում է՝ անկախ արդյունքներից, ՕԵԿ-ը միշտ էլ ակտիվ է եղել: «ՕԵԿ-ը միշտ եղել է ակտիվ, առաջին իսկ օրվանից թե ընդդիմության մեջ, թե իշխանության: Աբսուրդ է ակտիվության համար քննադատության առարկա դառնալ: Սովորական խորհրդարանական ակտիվություն է»:
***
ՕԵԿ 5 հոգանոց խմբակցության, ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանի ակտիվությունը ոչ մի կերպ չի վարակել խորհրդարանի այն հատվածին, որը չի սիրում մասնակցել օրենսդրական քննարկումներին: Լուռ պատգամավորների թիվը 5-րդ գումարման խորհրդարանում համարյա չի փոխվում: 10-րդ նստաշրջանում այն 55 է: Այդքան պատգամավոր ամբիոնին կամ խոսափողին չի մոտեցել:




