

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանի դիտարկմամբ՝ Ադրբեջանը չի պատրաստվում որեւէ կերպ կատարել 2016-ին Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները: Փաստորեն, բանակցային գործընթացը կանգնած է: Պատգամավորի գնահատմամբ՝ դա նշանակում է, որ մեր հարեւանը փորձում է նորից ռազմական միջոցով իր խնդիրները տանել առաջ՝ նոր զինատեսակներ է գտնում: Պատգամավորի խոսքով՝ դա մարտահրավեր է եւ մենք պետք է կարողանանք պատրաստ լինել առաջիկա տարիներին էլ ապահովել այնպիսի անվտանգության մակարդակ, որ Ադրբեջանում լինի մշտական գիտակցումը, որ հայկական կողմերը միշտ ունակ կլինեն պարտադրելու խաղաղությունը, իսկ հարկ եղած դեպքում էլ՝ համապատասխան ջախջախում կտան:
Հաշվի առնելով, որ համանախագահող երկու երկրներում սպասվում են փոփոխություններ, եւ փոխվելու է նաեւ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը, 2017-ը Արցախյան բանակցություններին որեւէ բան չի տալու՝ համոզված է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը: «Միշտ համարել եմ, որ այն սերունդների խնդիր է եւ մենք դեռ երկար ժամանակ չենք հասնելու լուծման՝ հաշվի առնելով նաեւ, թե ով է մեր հակառակորդը կամ թշնամին: Միակ գաղափարը, որ կարող է լինել, որը միտված կլինի հարցի լուծմանը, Հայաստանի եւ Արցախի այնպիսի հզորացումն է, որի դեպքում միջազգային հանրությունը ուղղակի կգիտակցի կամ միանգամից Արցախը կճանաչի, կամ՝ ուղղակի կպարտադրի Արցախի վերադարձը բանակցային սեղան: Եթե այս երկուսը լինեն, գուցե սկսվի ինչ-որ գործընթաց: Արդյոք հավատու՞մ եմ, որ դա 2017-ին կլինի՝ ոչ»:
«Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիանա Հովհաննիսյանի գնահատմամբ՝ անցած տարվա ապրիլից հետո հնչած հայտարարություններից ելնելով կարելի է ասել, որ հիմնական թիրախը կողմերի միջեւ վստահության բարձրացումն է եւ այդ ուղղությամբ են քայլերն իրականացվում եւ առաջիկայում էլ դեռ այդ ուղղությամբ են քայլերը շարունակվելու:
«Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նույնպես կարծում է, որ Արցախյան խնդրի կարգավորման առումով պետք չէ առանձնապես սպասելիքներ ունենալ ո՛չ համանախագահող երկրներում տեղի ունեցող փոփոխությունների, ոչ էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կազմում սպասվող փոփոխության արդյունքում: «Միակ խնդիրը, որը կարող է ինչ-որ զարգացում ստանալ, դա շփման գծում վստահության մեխանիզմների ստեղծման շուրջ ինչ-որ նոր միջադեպերի բացառման ինչ-որ մեխանիզմների ստեղծումն է: Ցավոք սրտի, սակայն, մենք տեսնում ենք, որ ոչ Մինսկի խմբի աշխատանքի շրջանակներում, ոչ ընդհանրապես ԵԱՀԿ-ի գործունեության առումով, արդյունքի չեն բերում»:
ԱՊՀ ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Մարգարովի խոսքով՝ անցած տարվա ապրիլից հետո բանակցային գործընթացի դինամիկան փոխվեց, իսկ Ադրբեջանը շարունակում է ապակառուցողական իր քաղաքականությունը՝ չցանկանալով մասնակցել հետաքննման մեխանիզմների ներդրմանը:
Սերգեյ Մինասյանի գնահատմամբ նույնպես՝ ադրբեջանական կողմը չի ցանկանում որեւէ ձեւով գնալ ինչ-որ առաջխաղացման: Նա նկատեց նաեւ, որ դրա արդյունքում իր իմաստն է կորցնում նաեւ որեւէ լուրջ խոսակցություն, այսպես ասած, քաղաքական պայմանավորվածությունների շուրջ կամ բանակցային գործընթացի հետ կապված: Հետեւաբար, «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրենի գնահատմամբ, առավել հավանական է, որ առաջիկայում նույնպես մենք կունենանք նույն իրավիճակը, ինչ-որ այս պահին կա: «Ինչը որ, ցավոք սրտի, միաժամանակ ոչ մի երաշխիք չի հանդիսանում նոր, լինի լայնամասշտաբ կամ ցածր մակարդակի, ռազմական էսկալացիայի չկրկնվելու»։
Թե քաղաքագետ Սերգեյ Մինասյանը, թե Թեւան Պողոսյանը կարծում են, որ ժամանակն էլ պետք է առավել արդյունավետությամբ օգտագործել՝ ներքին խնդիրները կարգավորելու, տնտեսությունն ու ժողովրդավարական ինստիտուտները զարգացնելու եւ երկարատեւ պայքարի պատրաստ հասարակություն ձեւավորելու համար:




