

Ամանորյա տոնական կերակուրներ շատ տարբեր են, ազգայինից մինչև ժամանակակից, այսպես ասենք, երևակայական ուտեստներ: Խոսելով ամանորյա սեղանի և կերակրատեսակների բազմազանության մասին՝ «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հ/կ նախագահ Սեդրակ Մամուլյանը և Հայոց ազգագրության թանգարանի գիտական գծով փոխտնօրեն, ազգագրագետ Սվետլանա Պողոսյանը նշել են, որ յուրաքանչյուր ընտանիք ամանորյա սեղանը զարդարում է իր ճաշակով և նախասիրություններով, սակայն շատ կարևոր է, որ լինեն նաև գոնե մի քանի ազգային ավանդական ամանորյա ուտեստներ, առավել ևս, երբ ազգային խոհանոցով մենք բավականին հարուստ ազգ ենք: Հունվարի 6-ին էլ տոնում ենք Հիսուս Քրիստոսի ծնունդը, եւ ինչպես Ամանորը, Սուրբ Ծնունդը նույնպես ունի իր ավանդական կերակրատեսակները:
Մենք այն բացառիկ երջանիկ ազգերից ենք, որը ոչ միայն հարուստ է ծիսական ուտեստներով, այլև պահպանել է ազգային այդ ժառանգությունը: Օրինակ Ամանորը դիմավորել առանց տարեհացի, «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հ/կ նախագահ Սեդրակ Մամուլյանը ոչ միայն չի կարող, այլև չի պատկերացնում: «Դա մեծ ծախս չէ: Հաց է՝ մեջը դրված կամ դրամ, կամ կոճակ, որը բաժանում են 12 կտորի։ Ում բաժին ընկավ, նրա համար հաջող տարի է լինելու: Այսպես թե այնպես քաղցրավենիքներ ենք դնում, ինչն է խանգարում, որ ծիսական տարեհացը դնենք»:
Ամանորյա ավանդական կերակրատեսակներն են տարատեսակ տոլմաները, քաշիկան, ամիճը, որը հիմնականում ձավարով կամ չրով լցոնած հնդկահավն է: Այս ամենն իհարկե մեր ազգային ավանդական խոհանոցի հարստություններն են, սակայն ընդունենք, որ գրեթե բոլորի տանը շատ ավելի հանդիպում ենք ոչ թե ավանդական տարեհաց կամ ամիճ, այլ արդեն ավանդական դարձած խոզի ազդր, ինչը ոչ միայն մեր ազգային խոհանոցի հետ կապ չունի, այլև ծուլության նշան է՝ նկատեց ազգային խոհանոցի գլխավոր խոհարարը: «Ինչից եկավ այդ մեծ ազդրերի սովորույթը: Մի կողմից քաղքենիություն էր, մյուս կողմից՝ ծուլության նշան»,- ասում է։
Հայկական ազգային խոհանոցի հետ որևէ կապ չունեն նաև նրբաբլիթները՝ բլինչիկները, որոնք ևս հանդիպում են ամանորյա գրեթե բոլորի սեղաններին: Սակայն, ի տարբերություն տարատեսակ ազդրերի, գոնե այս կերակրատեսակին Սեդրակ Մամուլյանը կողմ է, առավել ևս, երբ այն պրակտիկ է սառնարանում պահելու և թարմ տապակելու համար:
Հնում , ի դեպ, Ամանորին պատրաստվում էին ոչ թե դեկտեմբերի վերջին տասնօրյակին, այլ դեռևս վաղ աշնանը, անգամ ամառվանից սկսած՝ ասում է ազգագրագետ Սվետլանա Պողոսյանը: «Պահեստավորում էին պաշար, չրեղեն, թարմ մրգերը, որը պետք է սեղանին լինի: Անշուշտ տոնի կարևոր տարրերից մեկը տոնական ուտեստն է, մյուս կարևոր տարրը ընտանիքի , համայնքի անդամների մասնակցությունն է և էմոցիոնալ պատրաստվածությունը դրան»:
Ի տարբերություն ամանորյա սեղանի և ուտեստների՝ Սուրբծննդյան ուտեստներն ու սովորույթները շատ ավելի են պահպանվել և շարունակվում են: Սուրբծննդյան գլխավոր ուտեստը չամիչով քաշովին է, հաճախ լավաշով և ձվածեղով: Տապակում են զանազան կանաչեղեն և պարտադիր ձուկ, որը, ըստ Սեդրակ Մամուլյանի, կարող է լինել ցանկացած տեսքով:
Եվ, իհարկե, Սուրբծննդյան սեղանն անհնար է պատկերացնել առանց գինու, որը խորհրդանշում է Քրիստոսի արյունը:




