ԿարևորՔաղաքական

ԱԺ 2017 թ. ընտրությունների մեկնարկը տրված է

Խորհրդարանական ընտրությունների մեկնարկը տրված է. ապրիլի 2-ը ընտրությունների օր նշանակելու մասին հանրապետության նախագահի երեկվա հրամանագրից հետո Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր արտահերթ  նիստ է հրավիրել:  Հաստատվել է  ընտրությունների նախապատրաստման ու անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը: Հանձնաժողովը նաև սահմանել է կուսակցությունների տարածքային  ցուցակում ընդգրկվող թեկնածուների առավելագույն թիվը: Հաշվարկի հիմքում յուրաքանչյուր տարածքում ընտրողների թիվն է:

 

Ըստ նոր Ընտրական օրենսգրքի՝ խորհրդարանական  ընտրությունների ժամանակ  ունենալու ենք  13 ընտրատարածք.  յուրաքանչյուր մարզ ներկայացնելու  է մեկ տարածք, Սյունիքի և Վայոց ձորի մարզերը դիտարկվելու  են համատեղ, Երևանը բաժանվելու  է 4 տարածքների։ Այսինքն՝ նախկին 41 ընտրատարածքները փոխարինվելու են  13-ով:

Ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցություն կամ  դաշինք առաջադրելու  է 2 ցուցակ՝  մեկ համապետական համամասնական և 13 տարածքային՝ ամեն ընտրատարածքի համար մեկական: Կուսակցության ստացած մանդատների կեսը տրվելու է կուսակցության համապետական ցուցակի թեկնածուներին, մյուս կեսը բաշխվելու է կուսակցության տարածքային ցուցակներում ընդգրկված թեկնածուների միջև։

Կուսակցության տարածքային ցուցակում թեկնածուների առավելագույն թիվը, ըստ Ընտրական օրենսգրքի, սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը  ընտրությունները նշանակելուց հետո՝ 10 օրվա ընթացքում:

Այսօր հանձնաժողովը  կատարեց իր այդ պարտականությունը: ԿԸՀ նախագահը տեղեկացրեց՝ տարածքային  ցուցակներում թեկնածուների առավելագույն թիվը որոշվել է՝  ըստ ընտրողների թվի: Ոստիկանությունն այդ տվյալներն  արդեն տրամադրել է։ «Ոստիկանության  անձնագրային և վիզաների վարչության կողմից այսօր առավոտյան ստացվել են ընտրողների մասին պահանջվող տեղեկությունները: Ըստ 13 ընտրական տարածքի՝ ներկայացվել է ընտրողների թիվը, քանի որ տարածքային ցուցակներում թեկնածուների առավելագույն թիվը պետք է որոշվի ըստ ընտրողների քանակի»:

Ընտրողների առավելագույն թիվ ունենք 4 ընտրական տարածքներում՝ Արմավիրում, Կոտայքում, Լոռիում և Շիրակում: Հետևաբար, ամենամեծ տարածքային ցուցակները կկազմվեն հենց այդ մարզերում. կուսակցություններն ու դաշինքներն  իրավունք կունենան  ներկայացնել 15 թեկնածու: Երևանի երկու տարածքներում ցուցակը կկազմվի  14, մյուս երկուսում՝ 13 թեկնածուներից: Ամենափոքր ցուցակները կունենանք  Արագածոտնում և Տավուշում: Այստեղ կուսակցությունները կարող են 7-ական թեկնածու առաջադրել:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր հաստատեց նաև  2017-ի ապրիլի 2-ին նշանակված ընտրությունների նախապատրաստման և անցկացման ժամանակացույցը:  «Ժամանակացույցում ընդհանուր առմամբ ներառված է 117 կետ: Բոլոր այն  իրավահարաբերությունները, որոնք ամրագրված են Ընտրական օրենսգրքում, մանրամասն իրենց ժամկետներով ներկայացված են»:

Ժամանակացույցով նախատեսված առաջին քայլերից մեկը  նախընտրական քարոզչության ընթացքում վճարովի եթերաժամի 1 րոպեի գնի հրապարակումն է: Հանրային ռադիոն  և հեռուստատեսությունը սա պետք է անեն ընտրությունների նշանակումից ոչ ուշ, քան 10 օր հետո, այսինքն՝ մինչև 2017-ի հունվարի 9-ը:

Կուսակցություններն ու դաշինքները գրանցման համար պահանջվող փաստաթղթերը ԿԸՀ պետք է ներկայացնեն փետրվարի 6-ից 16-ն ընկած ժամանակահատվածում: Հանձնաժողովն ընտրական ցուցակների գրանցումը պետք է կատարի փետրվարի 16-ից մինչև 26-ը: Ընտրական տեղամասերը, ըստ ժամանակացույցի , կկազմավորվեն մինչև փետրվարի 16-ը: Ընտրողների ցուցակը կհրապարակվի քվեարկության օրվանից 40 օր առաջ՝ այսինքն փետրվարի 21-ին:

Նախընտրական քարոզչությունը կսկսվի մարտի 5-ին ու կավարտվի մարտի 31-ի կեսգիշերին: Ապրիլի 1-ը լռության օր կլինի, ապրիլի 2-ն ՝ արդեն ընտրությունների:

 

Կարդացեք նաև

Back to top button