

Տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի հերթն այսօր տնտեսական զարգացման ու ներդրումների նախարար Սուրեն Կարայանինն էր: Նախարարը խոսել է արտահանումից, ներդրումներից ու նշել, որ ներդրումների ծավալը ՀՀ-ում շատ ցածր է, միջնաժամկետ հատվածում տարեկան առնվազն հինգ անգամ պետք է ավելացնել ներդրումների ծավալը , որպեսզի կայուն աճ ապահովվի: ՌԴ կապող միակ՝ Վերին Լարսի անցակետը տարին մի քանի անգամ տարբեր պատճառներով լուրջ խնդիրներ է ստեղծում հայ տնտեսվարողների համար: Հարցը քննարկել են ու օդային բեռնափոխադրումների համակարգ են մշակել, որի արդյունքում՝ արագ փչացող ապրանքատեսակներ արտահանելիս անցակետի փակ լինելու դեպքում հնարավոր կլինի ԵԱՏՄ արտահանել օդային ճանապարհով՝ մատչելի գնով:
Ներդրումների խթանման ու բիզնեսին աջակցելու նպատակով Կարեն Կարապետյանի կառավարությունում էկոնոմիկայի նախարարության փոխարեն ստեղծվեց տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարություն: Նախարար նշանակվեց մինչ այդ միջազգային տնտեսական ինտեգրման ու բարեփոխումների փոխնախարար ի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Կարայանը: Նախարարի խոսքով՝ 2016թ Հայաստանում արտահանման ռեկորդային ծավալների աճ է գրանցվել՝ շուրջ 21 տոկոս տարեկան կտրվածքով, իսկ չորրորդ եռամսյակում աճը կկազմի առնվազն 25 տոկոս: Արդյունքները սակայն գոհացուցիչ չեն:
Տնտեսության զարգացման շարժիչ ուժ դառնալու համար այն պետք է ՀՆԱ-ի մեջ առնվազն 50 տոկոսը կազմի, այժմ այն 30 տոկոս է: Կարայանի խոսքով՝ առկա է արտահանման կենտրոնացվածության բարձր աստիճան: Արտահանումը պետք է դիվերսիֆիկացնել և ըստ երկրների, և ըստ ապրանքատեսակների: Միաժամանակ՝ «ուսումնասիրությունները ցույց են տվել, որ արտահանման ցածր ներուժ ունենք հարևան ու առաջին առևտրատնտեսական գործընկեր երկրների հետ»՝ ասում է նախարարն ու խոսում թվերով.
«Մեր արտահանումը ՌԴ մեկ շնչի հաշվով կազմում է ընդամենը 1,7 ԱՄՆ դոլար, իսկ ԻԻՀ՝ առնվազն 1 ԱՄՆ դոլար: Սա շատ ցածր ցուցանիշ է։ Մենք գտնում ենք, որ կա չօգտագործված մեծ ներուժ։ Այս երկրներում մեր արտահանումը մեծացնելու է մեր առաջիկա քայլերից հիմնականը»:
Օրակարգում է արտոնյալ առևտրային ռեժիմներ ունեցող շուկաների մուտքի հնարավորությունների ընդլայնումը: ԵԱՏՄ- ին անդամակցելիս, եւ այժմ էլ Հայաստանի առաջնային խոստումներից մեկը արտահանողների համար ավելի քան 180 մլն- ոց շուկան էր: Սակայն ՌԴ կապող միակ՝ Վերին Լարսի անցակետը տարին մի քանի անգամ տարբեր պատճառներով լուրջ խնդիրներ է ստեղծում հայ տնտեսվարողների համար: Հարցը քննարկել ու կարծես խնդրի լուծումը գտել են.
«Օդային բեռնափոխադրումների համակարգ ենք մշակել և այն տնտեսվարողները, որոնք արագ փչացող ապրանքատեսակներ են արտահանում ԵԱՏՄ, հնարավորություն կունենան այն մատչելի գնով տեղափոխել»:
Բանակցությունները ԻԻՀ հետ շարունակվում են, մեր երկրում ցանկանում են, որպեսզի այստեղ տրվող սերտիֆիկատը ճանաչվի հարևան Իրանում։ Իրանի սահմանակից տարածքում նախանշված ազատ տնտեսական գոտին ամենայն հավանականությամբ իր աշխատանքները կսկսի 2017 թ. ապրիլին: Սա կակտիվացնի Հայաստան- Իրան առևտրաշրջանառությունը:
Ներդրումների ծավալն էլ է ՀՀ-ում շատ ցածր: Տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարի խոսքով՝ այս տարվա անցած ինն ամիսների ընթացքում օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը կազմել է 92 մլն ԱՄՆ դոլար, կամ ՀՆԱ-ի 1,3 տոկոսը: Աշխատում են, որպեսզի այդ արդյունքը հասցնեն մինչև հինգ տոկոսի: Այս նպատակով ներդրողների համար շուկաներ են ապահովում, գործարար միջավայրն են բարելավում, օրակարգում է «Օտարերկրյա ներդրողների մասին» նոր օրենքի նախագիծը: 2017-ին կփորձեն անել ամեն ինչ, որպեսզի առնվազն 150-200 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ ապահովեն:
Սուրեն Կարայանի տեղեկացմամբ, վարչապետ Կարեն Կարապետյանի՝ մարզեր կատարած այցերի արդյունքում հավաքագրել են բոլոր բիզնես գաղափարները, որոնք կարող են հիմք հանդիսանալ տեղական նշանակության ներդրումային ծրագրերի զարգացման համար:
«Արդեն իսկ հավաքագրվել է 160 ծրագիր, որոնցից մոտ 110-ը հենց մարզերից է՝ մոտ 240 միլիոն դոլար արժողությամբ»:
Նախարարը շեշտեց, որ 2017 թվականի առաջին եռամսյակում կգործարկվեն կամ իրենց գործունեությունը կընդլայնեն 7 ընկերություն, որոնք շուրջ 3 միլիարդ դրամ ներդրումների արդյունքում կստեղծեն 824 աշխատատեղ:




