
Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»
ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը 2016 թվականը հաղթանակների տարի է համարում: Այդ հաղթանակների շարքում եւ ապրիլյան ռազմական գործողությունների հետեւանքներն են եւ տնտեսական աճը, որ այդ պայմաններում կարողացել են ապահովել Արցախում: Այսօր Արայիկ Հարությունյանը տարեվերջի ասուլիս է հրավիրել՝ ավարտվող տարին ամփոփելու համար:
Ապրիլյան ագրեսիան անկասկած տարվա առանցքային իրադարձությունն էր, որը ԼՂՀ վարչապետի գնահատմամբ իր ազդեցությունը թողեց ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ընկալումների վրա։ Ադրբեջանում հասկացան, որ խնդիրը ռազմական ճանապարհով չեն կարողանա լուծել, իսկ միջազգային հանրությունն էլ հասկացավ, որ հայությունը կանգնած է եւ կարճ ժամանակում կարող է համախմբվել:Ապրիլյան ագրեսիան մի շարք ծրագրեր սրբագրելու առիթ հանդիսացավ, բայց տնտեսական ցուցանիշների անկում չարձանագրվեց, տնտեսական աճն ապահովվեց եւ հնարավորություն ստեղծվեց 2017 եւ 2018 թվականների համար ավելի հավակնոտ ծրագրեր նախատեսել:
ԼՂՀ սահմանների՝ դրանք հստակորեն սահմանադրությունում ամրագրելու եւ ԼՂՀ տարածքային ամբողջականության հաշվին հակամարտությունը կարգավորելու շուրջ տարվող բանակցությունների մասին հարցին պատասխանելով՝ Արայիկ Հարությունյանը նշեց, որ հավատում է ՀՀ նախագահին, որ ցանկացած տարբերակ պետք է արժանանա ժողովրդի վստահությանը:
Ընդ որում՝ ԼՂՀ վարչապետը չի կարծում, որ բանակցություններ են ընթանում. տեղի են ունենում հանդիպումներ, որոնք հնարվորություն են տալիս, որ լայնամասշտաբ պատերազմ չլինի:




