Հասարակություն

IDeA հիմնադրամի աջակցությամբ Հայաստան է տեղափոխվել 37 սիրիահայ

IDeA հիմնադրամի «Աջակցություն սիրիահայերին» նախաձեռնության շրջանակներում մինչ օրս Հալեպից Հայաստան է տեղափոխվել 37 սիրիահայ։

«Հալէպ» հայրենակցական բարեսիրական կազմակերպությանը  Հայաստան տեղափոխվելու ցանկություն է հայտնել ևս 18 հոգի:

Հոկտեմբերին 15-ին IDeA հիմնադրամը հայտարարել էր սիրիահայերի աջակցության նպատակով 250 հազար ԱՄՆ դոլար հատկացնելու մասին: Այս ֆինանսական հատկացումը բաշխվում է չորս գործընկերների՝ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության, «Առաքելություն Հայաստան» (Mission Armenia) հասարակական կազմակերպության, «Հալէպ» հայրենակցական բարեսիրական կազմակերպության  և «Repat Armenia» հիմնադրամի միջև` հետևյալ ուղղություններով ծրագրերի մշակման և իրագործման համար.

·                     աջակցություն նրանց, ովքեր շարունակում են մնալ Սիրիայում (ՀԲԸՄ);

·                     աջակցություն նրանց, ովքեր ժամանակավոր ապաստան են փնտրում Սիրիայի սահմաններից դուրս (Mission Armenia);

·                     աջակցություն նրանց, ովքեր որոշել են տեղափոխվել Հայաստան («Հալէպ»);

·                     աջակցություն Հայաստանում ինտեգրվելու ու աշխատանք գտնելու հարցում («Repat Armenia»):

«Աջակցություն սիրիահայերին» նախաձեռնության շրջանակում սիրիահայերի կարիքների գնահատման նպատակով «Առաքելություն Հայաստան» և Repat Armenia կազմակերպություններն անցկացրել են քննարկումներ, մշակել ծրագրեր, որոնց մեկնարկը կտրվի 2017թ.-ի հունվարին:

IDeA-ի տրամադրած միջոցներով «Առաքելություն Հայաստան» կազմակերպությունը 2017 թ. հունվարից կսկսի հոգալ Հայաստան տեղափոխված սիրիահայերի համար բնակարանների վարձակալության ծախսերը:

Սիրիահայերին աջակցելու IDeA հիմնադրամի կոչին միացել են տարբեր կազմակերպություններ և անհատներ, որոնց նվիրատվությունների ընդհանուր գումարը կազմում է 10 միլիոն 784 հազար դրամ:

Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են դրամական աջակցություն ցուցաբերել ՀԲԸՄ-ին, «Առաքելություն Հայաստան», «Հալէպ» և Repat Armenia կազմակերպություններին, կարող են նրանց հաշվեհամարներին վերաբերող տեղեկատվությունը գտնել այս հղումով:

Կացարանի կամ աշխատատեղի տրամադրման, դասընթացների կազմակերպման և այլ առաջարկները կարող եք ուղղել [email protected] էլ. փոստով կամ +374 (0) 60 700801 հեռախոսահամարով:

Կարդացեք նաև

Back to top button