

«Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ազատման խնդիրը վարչապետի առաջարկն է եղել, քննարկվել է նաև մեզ հետ և իրականցվել է փոփոխությունը», — այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը: Նախարարն այսօր ամփոփել է 2016թ., խոսել ծրագրերից, կարևորել դրանք, տեղեկացրել, որ հանրապետության 235 համայնքներում ամենօրյա տրանսպորտային երթևեկություն չի իրականցվում տարբեր պատճառներով:
Տարածքային կառավարման ու զարգացման նախարարություն, սա նոր ստեղծված նախարարություն է՝ իր նոր ղեկավարով: Այն ստեղծվեց ՀՀԿ և ՀՅԴ քաղաքական համաձայնագրի կնքումից հետո: Արտակարգ իրավիճակների նախարարությունն առանձնացվեց, մարզերի կառավարումը վստահվեց ՀՅԴ-ին՝ ստեղծելով տարածքային կառավարման ու զարգացման նախարարություն: Նույն այս գերատեսչությունում 2016 թ. բարեփոխումների տարի էր, խոշորացման ծրագրերն սկսվեցին, 140 բնակավայրեր միավորվեցին՝ ստեղծելով 18 խոշորացված համայնք։ Ծրագիրը կշարունակվի նաև 2017 թ. աշնանը. 250 և ավելի համայնք կմիավորվի ու 20-ից ավելի փնջեր կստեղծվի:
ՏԿԶ Նախարար Դավիթ Լոքյան. «2018-ին կունենանք մոտ 100 համայնք, որոնք կառավարվելու են օպտիմալ, ունենալու են հսկայական մարդկային կապիտալ, ֆինանսական ռեսուրսներ ու տնտեսական ծրագրերի մեծ փաթեթներ»:
Լոքյանի պնդմամբ՝ արդեն իսկ խոշորացված համայնքներում ներդրումային ծրագրերի մեկնարկը տրված է, հիմնականում դրանք իրականցվում են դրամաշնորհների միջոցով:
Ամեն տարի կառավարությունը շուրջ 48 մլրդ դրամ է հատկացնում համայնքներին՝ գործառույթներն ապահովելու համար: Նախկինում գումարը տրամադրվում էր՝ հաշվի առնելով երկու սկզբունք՝ տվյալ համայնքների հարկային բազաներ ու բնակչության թիվ: Այժմ ֆինանսական «Համահարթեցման մասին» օրենքով ֆինանսավորման կարգը կփոխվի, դոտացիաների չափը՝ նույնպես: Վարդենիսը, օրինակ, կստանա 22 մլն դրամ ավելի գումար:
Նոր կառավարության ձևավորումից հետո փոխվել է նաև մարզպետների աշխատանքային ժամանակացույցը: Դավիթ Լոքյանի խոսքով՝ նրանց համար փոփոխված իրավիճակ է, աշխատում են առավոտից մինչ ուշ գիշեր, ներդրումային ծրագրեր են փորձում կազմել։ Դրանք, իհարկե, դեռ պետք է մշակվեն, վերջնական տեսքի բերվեն:
Ի դեպ, հոկտեմբերի 6-ին մարզպետի պաշտոնից ազատվեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Դավիթ Լոքյանը տեղեկացրեց, որ մարզպետի ազատման խնդիրը վարչապետի առաջարկն է եղել, քննարկվել է նաև կառավարության անդամների հետ և իրականցվել է փոփոխությունը: Սուրիկ Խաչատրյանին Սյունիքի մարզպետի պաշտոնում փոխարինեց Վահե Հակոբյանը:
Այս պահին կրկին քննարկման օրակարգում է մի քանի նախարարությունների՝ մարզեր տեղափոխելու հարցը: Սա՝ տարածքների համաչափ զարգացման տրամաբանության շրջանակներում: ՏԿԶ նախարարի փոխանցմամբ, այս համատեքստում առաջինը կարելի է դիտարկել մշակույթի նախարարության՝ Գյումրի տեղափոխելու հարցը։ Վերջնական որոշումը կընդունվի 2017 թ-ի ընթացքում:
Քննարկվում է նաև մի քանի այլ՝ օրինակ՝ գյուղատնտեսության նախարարության տեղափոխման հարցը:




