

2016 թվականն է այսօր ամփոփել ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Նրա ասուլիսը արտագնա էր՝ անցկացվել է Արագածոտնի մարզում գտնվող «Արմենիա Վայն» գինու գործարանում: Առաքելյանը, ի դեպ, նախարարի պաշտոնում է երեք ամիս: Բիզնես դաշտից պետական հատված տեղափոխված գործիչը բիզնես գաղափարները նաև ոլորտ տեղափոխեց:
Ընդամենը երեք ամիս. հենց այսքան ժամանակ է, որ Իգնատի Առաքելյանը բիզնես դաշտից պետական կառույց է տեղափոխվել: Անկուսակցական Առաքելյանը վերջերս նաև ՀՀԿ-ական դարձավ: Եթե մինչ այդ նա քաղաքականությունից հեռու էր, ապա շատ մոտ էր գյուղատնտեսության ոլորտին: Առաքելյանը նախարար դարձավ ու առաջինը հանդիպեց աղավնաձորցիների հետ, որոնք նախորդ տարվա մթերած խաղողի գումարներն էին պահանջում:
Այսօր արդեն նախարար Առաքելյանը հայտարարեց՝ մթերողների հետ հանդիպումներ է ունենում՝ ընդգծելով, որ մթերման հետ կապված գյուղացին պետք է որևէ խնդիր չունենա: «Արմենիա Վայնը» ընկերությունն օրնակ պատրաստ է պայմանագիր կնքել ու Վայոց ձորի մարզից 700 տոննա խաղող գնել: Նա շեշտեց, որ գյուղնախարարության գերակա խնդիրն է լինելու մթերողների հետ աշխատել, գտնել այն ուղին, որ մթերողը պատրաստ լինի պայմանագիր կնքել գյուղացու հետ: «Ես հորդորում եմ բոլոր ոլորտների մթերողներին մտածել այս ուղղությամբ, նշել, թե ինչ գնով են պատրաստ խաղողը գնել, որը թույլ կտա գյուղացուն որոշել ինչ ցանի, ինչը՝ չէ»:
Իգնատի Առաքելյանի նախարար դառնալուց հետո փոխվելու է նաև սուբսիդավորման քաղաքականությունը: Նախարարը նշեց, որ մշակվել է պարարտանյութի սուբսիդավորման ծրագիր: «Կհրավիրենք մրցույթ, որպեսզի համոզված լինենք, թե քանի ընկերություն կա, պարարտանյութի ինչ քանակ կա և ովքեր ինչ են առաջարկում»։
Տոհմային երինջների հետ կապված խնդիրներ էլ կան: «Մենք որոշելու ենք չափորոշիչներ Հայաստանում գործող լավագույն տոհմաբույծների համար: Կհամագործակցենք մասնավորի հետ: Խիստ վերահսկողություն ու մոնիտորինգ է լինելու»,- ասաց:
Ի դեպ, ՀՀ գյուղատնտեսության ներկա նախարարը չի կարծում, որ ոլորտի այսօրվա խնդիրները ժառանգություն է ստացել նախկին նախարար Սերգո Կարապետյանից: «Ես չեմ համարում, որ այսօրվա խնդիրները նախկին նախարարի խնդիրներն են: Իմ գնալուց հետո էլ կարող է խնդիրներ լինեն, չեմ կարծում, որ կան խնդիրներ, որ ինքն է թողել», — նշեց Իգնատի Առաքելյանը: Նա ընդգծեց, որ ոլորտում այսօր բազմաթիվ խնդիրներ կան:




