

Գերատեսչությունների ղեկավարների ամփոփումները շարունակվում են։ Այսօր ֆինանսների նախարար Վարդան Արամյանն է հանդիպել լրագրողների հետ: Նախարարը տնտեսական աճից, արտաքին պարտքից է խոսել, անդրադարձել նաև «Գնումների մասին» նոր օրենքին ՝այն «հեղափոխական» անվանելով: Ընտրական զարգացումները նույնպես չեն անտեսվել: Կաշխատի՞ արդյոք Արամյանը ֆինանսների նախարարի պաշտոնում, պարզ կդառնա 2017-ի գարնանը միայն:
Նախատեսած 2,2 տոկոս տնտեսական աճի խոստումները չկատարվեցին: Ֆինանսական ու տնտեսական տարին մեր երկիրն ավելի համեստ ցուցանիշերով կփակի: Անվանական ՀՆԱ-ի մասով շեղումը փոքր կլինի, իրականը՝ 0,5 տոկոս կկազմի: Ակնկալիքները, բացառությամբ գյուղատնտեսության ոլորտի, իրականացել են: Գյուղատնտեսությունում տարին, ըստ ֆինանսների նախարարի, անկումով կփակենք: «Մենք 2016թ գյուղատնտեսության ոլորտում՝ օգոստոսը օգոստոսի նկատմամբ ունենք 9,6 տոկոս աճ, սեպտեմբերին ունեցել ենք շուրջ 20 տոկոս անկում, հոկտեմբերին արձանագրվեց 30 տոկոսանոց անկում»։
Անկումը տնտեսական գործոններով չի պայմանավորված, քանի որ, Արամյանի պարզաբանմամբ, գները կոնկրետ այս անկմանը չեն արձագանքում, գները չեն բարձրացել՝ ի տարբերություն նախորդ տարիների նման իրավիճակներ: Իսկ գյուղատնտեսության ոլորտի անկման ցուցանիշերը միայն հաշվարկմամբ է պայմանավորված: Հենց սա էլ առիթ է դարձել, որ բյուջետային հատվածում ճշգրտումներ լինեն:
Ներմուծումն ու առևտրի շրջանառությունը տոկոսային քիչ կետով, սակայն ավելանում են: «Սրանք դրական միտումներ են, կարծում ենք, որ 2017թ. մուտք կգործենք դրական միտումներով»։
Վերին Լարսի անցակետի փակվելը խնդիր է ոչ միայն բեռնափոխադրողների համար։ Այն ուղղակիորեն ազդում է նաև հարկերի վճարման վրա: Որքան մեքենաները շուտ հասնեն անցակետ, այնքան հարկահավաքությունն ավելի բարձր ցուցանիշ կգրանցի: «Մենք, ամենայն հավանականությամբ, կունենաք առնվազն մեկ տրիլիոն 72 մլրդ դրամ հարկերի մակարդակ: Թիրախը, որ դրել ենք , կարծում ենք հաղթահարելի է, ռիսկերը աճի ուղղությամբ են։ Եթե այդ մեքենաները շուտ անցնեն մեր անցակատերը, բնականաբար՝ այս ցուցանիշն ավելի բարձր կլինեն: Տարին ակնկալում ենք փակել ծախսերի մասով՝ մեկ տրիլիոն 432 մլրդ դրամով: Պակասուրդը ամեն դեպքում կարծում ենք չի գերազանցի 305 մլրդ դրամ կամ ՀՆԱ շուրջ 5,8 տոկոսը»:
Արտաքին պարտքն ավելանում է, գլխավոր ֆինանսիստը շտապում է հանգստացնել՝ ռիսկեր չկան, դեֆոլտի վտանգ՝ նույնպես: Խնդիրներ չենք ունենա նաև պարտքի սպասարկման հետ կապված: «Ընդհանուր պետական պարտքը՝ ԿԲ պարտքը և կառավարության պարտքը՝ ներառյալ ներքին պարտքը, ակնկալում ենք, որ կկազմի5 մլրդ 905 մլն դոլար: Ներքին պարտքը՝ կառավարության շուրջ 1 մլրդ դոլարի չափով կկազմի: Հարաբերական ցուցանիշի տեսանկյունից կառավարության պարտքն առանց ԿԲ պարտքի 50 տոկոսը մի փոքր կգերազանցի 2016-ին, ընդհանուր պարտքը կկազմի շուրջ 55 տոկոս (ՀՆԱ- ի նկատմամբ. խմբ.)»:
Ֆինանսների նախարարն այսօր էլ վստահեցրեց՝ կոռուպցիայի դեմ պայքարի լավագույն ուղիներից մեկը «Գնումների մասին» նոր օրենքն է, որտեղ արդեն ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի ու վարչապետի ծախսերը գաղտնի են լինելու: Սա, Արամյանի խոսքով, նրանց անվտանգության համար է արվում:
«Գնումների մասին» օրենքը հեղափոխական է, որը մեր թիմն արեց: Կոռուպցիայի դեմ կպայքարեն: Թափանցիկություն և շահերի բախում. հիմքում սա է դրված: Վստահեցնում է, որ էապես թուլացնելու են կոռուպցիոն դրսևորումները՝ պարզեցում, բողոքարկման անկախ ինստիտուտ:
2017թ- ն ընտրական տարի է: Կշարունակի՞ պաշտոնավարել ֆինանսների նախարարի պաշտոնում, թե՞ ոչ, կախված կլինի ընտրությունների արդյունքներից: Մինչ այդ էլ գլխավոր ֆինանսիստը չի պատրաստվում սպասել գարնանը, կաշխատի մինչև ընտրություններ, հետո ժամանակը ցույց կտա: «Իսկ ես ինձ որտեղ եմ տեսնում, ես ինձ տեսնում եմ իմ հայրենիքում: Այստեղ չլինեմ, մեկ այլ տեղում ՝ ամեն դեպքում ես կաշխատեմ, որ ինչ- որ մի բանով օգտակար լինեմ մեր երկրին»:




