ՀասարակությունՄշակույթ

Հանրային ռադիոյի և Հանրային հեռուստատեսության հոբելյանների առթիվ թողարկվել են թեմատիկ բացիկներ


Հանրային ռադիոյի եւ հեռուստատեսության համար գերհագեցած 2016 հոբելյանական տարին մոտենում է իր տրամաբանական ավարտին՝ կրկին մատուցվող անակնկալով:  Այս անգամ անակնկալը պատրաստվել է «Հայփոստի» հետ համատեղ: Թողարկվել են ռադիոյի 90 եւ հեռուստատեսության 60- ամյակների առթիվ դրոշմանիշով թեմատիկ բացիկներ: Այսօր հանրային ռադիոյի շենքում տեղի է ունեցել մարման պաշտոնական արարողությունը:

 

 

Հոբելյանական տարվա առիթով հանրությանն այսօր կրկին նվեր են մատուցել Հանրային ռադիոն եւ հեռուստատեսությունը: Ռադիոյի 90 եւ հեռուստատեսության 60 ամյակների կապակցությամբ թողարկվել են դրոշմանիշով թեմատիկ բացիկներ: Այսօր Հանրային ռադիոյի շենքում կապի եւ տրանսպորտի փոխնախարարի, Հանրային ռադիոյի եւ հեռուստատեսության ղեկավարների, «Հայփոստ» ընկերության ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցավ թողարկված բացիկների մարման արարողությունը:

Մոտ երկու ամիս առաջ ստանալով առաջարկը՝ «Հայփոտի» դիզայներ Դավիթ Դովլաթյանը երկար չմտորեց, թե հատկապես Հանրային ռադիոյի թեմատիկ բացիկի համար ինչ խորհրդանիշ է ընտրելու:

«Մենք որոշեցինք ներկայացնել արձանը, որն արդեն Երեւանում հայտնի է դառնում եւ կոչվում է «Եթեր»։ Իհարկե, ցույց տվեցինք հին ռադիոընդունիչը նաեւ: Ֆիլատելիայի միջոցով մենք ամբողջ աշխարհին ցույց ենք տալիս, որ մենք ունենք նման հարստություն: Օրինակ՝ նույն ֆիլատելիայի միջոցով մենք աշխարհին ցույց ենք տվել նաեւ, որ ունենք մոտավորապես 90 տարվա կինեմատոգրաֆիա: Քչերը գիտեն, որ Հայաստանի նման փոքր երկիրը կարող է ունենալ նման բան»:

Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արման Սաղաթելյանը չի թաքցնում գոհունակությունը, որ ծանրաբեռնված տարեվերջյան թոհուբոհի մեջ տարին փակում ենք եւս մեկ նոր նախաձեռնությամբ: Կարծում է՝ դրոշմանիշով բացիկի թողարկումը տարվա տրամաբանական ավարտն է, որն ամփոփում է 2016- ի ընթացքում տեղի ունեցած բոլոր հոբելյանական միջոցառումները:

«Կապի եւ տրանսպորտի փոխնախարարի հետ այսօր արդեն զրուցեցինք եւ քննարկեցինք առանձին դրոշմանիշի շարք պատրաստելու հարցը եւ մյուս տարի, հուսով ենք, որ այդ նախագիծը նաեւ կյանքի կկոչվի»:

Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանն իր հերթին շնորհավորանքներից բացի չի մոռանում հավատարիմ հանդիսատեսին եւ ունկնդրին:

«Մենք անգամ եւս հնարավորություն ունենք եւ հեռուստադիտողների, եւ ռադիոլսողներին շնորհակալություն ասելու, որ տարիներ մեզ հետ եք եւ մեր կողքին եք, որովհետեւ դուք մեր շատ սիրելի ունկնդիրն ու հեռուստադիտողն եք եւ մեր ամենամեծ քննադատը: Այն ամենը, ինչ մենք անում ենք իրոք ուղղված է ձեր ժամանակը ավելի լավ, ավելի հետաքրքիր դարձնելու համար»:

Հանրային հեռուստառադիոխորհրդի փոխնախագահ Ստեփան Զաքարյանը խորհրդանշական համարեց թեմատիկ բացիկի թողարկումը:

«Կարծում եմ՝ մի 100 տարի հետո այս նամականիշների համար մեծ պայքար կսկսվի աշխարհով մեկ, որովհետեւ հայկական ռադիոն ամբողջ աշխարհում նախ հայտնի է իր հումորով: Իսկ հայկական հեռուստատեսությունը, անկախ նրանից, թե ինչ որ ասում են, լավագույններից մեկն է: Ես մաղթում եմ, որ մեր ծրագրերը բոլորը նայեն հաճույքով, նաեւ այդ ծրագրերից ինչ որ բան սովորեն մեր երեխաները»:

Վերջում հավելենք, որ ընդհանուր առմամբ «Հայփոստը» թողարկել է 1500 բացիկ հեռուստատեսության 60 ամյակի եւ 1000 բացիկ ռադիոյի 90 ամյակի կապակցությամբ:  Բացիկները կհայտնվեն նաեւ ազատ վաճառքում՝ «Ֆիլատելիայի անկյուն» կոչվող խանութում, որը գտնվում է տրանսպորտի եւ կապի նախարարության շենքի առաջին հարկում:

Կարդացեք նաև

Back to top button