
տեղադրվել է ժամը 12։29- ին
վերջին լրացումը՝ ժամը 18։42- ին

Կառավարությունն այսօր իր նախավերջին նիստն է անցկացրել: Այն ոչնչով նախորդներից չի տարբերվել՝ սկսվել է հանձնարականներով, աչքի է ընկել օրակարգում ընդգրկված հարցերի առատությամբ: Վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է նաև ամփոփել և հաշվետվություններ ներկայացնել 2016թ. վերաբերյալ, վերանայել 2017թ. միջոցառումների ծրագրերն ու գերակա խնդիրները: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանին գործադիրի ղեկավարը հանձնարարել է ավարտել մարզերի անձնագրի ձևավորումը, որտեղ կամրագրվեն մարզը բնութագրող ցուցանիշները:
Նախատոնական տրամադրություն՝ զարդարված տոնածառի տեսքով, ու տրված հանձնարարականներն ի մի բերելու հորդոր: Այսօր չխախտվեց ավանդույթն ու կառավարության նիստն սկսվեց վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարականներով: Մինչև տարեվերջ կամփոփվեն նախորդ հանձնարարականները, կներկայացվեն նաև գերատեսչությունների 2017թ. գերակա խնդիրներն ու ծրագրերը: Տարածքային կառավարման ու զարգացման նախարար Դավիթ Լոքյանը մինչև տարեվերջ կհետևի, որպեսզի մարզերի անձնագրերի ձևավորման գործընթացն ավարտվի:Արտաքին գործերի նախարարությունն էլ հանձնարարություն ունի: Զբոսաշրջության պետական կոմիտեն ու Քաղավիացիայի վարչությունը առաջարկել են վիզաների հայեցակարգ մշակել: Վարչապետի հանձնարարականով արտաքին գործերի նախարարությունը ոչ միայն այս հարցը կքննարկի, այլ նաև համեմատություններ կանցկացնի, թե ինչպես են հարևան երկրներում այդ գործընթացը կազմակերպում:
Չխախտվեց նաև կառավարության նիստի օրակարգում առանձնացված քննարկվող ու չքննարկվող նախագծերի ներկայացման ավանդույթը:
Քննարկվող նախագծերի մասին. ՀՀ կառավարությունը հաստատեց «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամ ստեղծելու և գործադիր տնօրեն նշանակելու նախագիծը: Կառավարության աշխատակազմի ղեկավար- նախարար Դավիթ Հարությունյանի փոխանցմամբ, ստեղծվելու է նաև հոգաբարձուների խորհուրդ, որի անդամ ի պաշտոնե կլինեն վարչապետը, տնտեսական զարգացման և ներդրումների, ֆինանսների նախարարները: Հոգաբարձուների խորհրդի մյուս անդամներից 2-ը նշանակվելու են ՀՀ պետական կառավարման ոլորտի ներկայացուցիչներից՝ ՀՀ վարչապետի կողմից՝ Գործադիր տնօրենի առաջադրմամբ, 6-ը՝ մասնավոր հատվածից:
Վարչապետ Կարեն Կարապետյանի խոսքով՝ իրենք չափազանց կարևորում են այս ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ստեղծումը։ «Դա այն հարթակն է, որտեղ ձևավորվելու է մեր տեսլականը, մեր հորիզոնները, թե ինչպես ենք պատկերացնում մեր երկրի տնտեսության զարգացումը՝ ըստ ոլորտների, մակրոցուցանիշների, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ներգրավման, ներդրումների»:
Կառավարությունը հավանություն տվեց «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագրի նախագծին: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանի պարզաբանմամբ, պայմանագիրը հանդիսանում է միջպետական, որի կողմերն են ԵԱՏՄ անդամ պետությունները: «Մաքսային օրենսգրքի ընդունման հիմնական նպատակը ԵԱՏՄ-ում միասնական մաքսային կարգավորման ապահովումն է, որը ներառում է ԵԱՏՄ մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման, ԵԱՏՄ մաքսային տարածքում կամ դրա սահմաններից դուրս դրանց գտնվելու և օգտագործման կարգի ու պայմանների, ԵԱՏՄ մաքսային տարածք ապրանքների ներմուծման, ԵԱՏՄ մաքսային տարածքից դրանց արտահանման, ժամանակավոր պահպանման և այլ գործառնություններ», -ասաց Հարությունյանը: Վարչապետ Կարեն Կարապետյանը կարևորեց փաստաթուղթը. «Այն բավականին դժվար է ծնվել։ Պետք է առավելագույնս ադապտացնել մեր գործող օրենքներին և կիրառման գործընթացը շատ մատչելի դարձնել»:
«Մաքսային օրենսգրքում ֆիքսվել է նաև մեր ազատ տնտեսական գոտին՝ Իրանի սահմանի վրա»,- ասաց Կարապետյանը՝ հավելելով, որ Եվրասիական միության երկրները պայմանավորվել են սահմանափակել այդ դաշտը: ԵԱՏՄ Մաքսային օրենսգիրքը կազմված է 9 բաժիններից, 61 գլուխներից և 464 հոդվածներից:
ԼՂՀ-ում Մատենադարան՝ Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի մասնաճյուղ կստեղծվի, պատմության և մշակույթի անշարժ հուշարձան համարվող ՀՀ Լոռու մարզի Ախթալա համայնքի «Մ. Արամյանցի տուն (ամառանոց)» պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի նկատմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ կճանաչվի:




