

Այսուհետ տարատեսակ փաստաթղթեր՝ ասենք ընտանեկան կարգավիճակի, չդատվածության և այլ տեղեկանքներ ստանալու համար քաղաքացիներն ստիպված չեն լինի տարբեր կազմակերպություններ։ «Հայփոստի կամ Միասնական գրասենյակների միջոցով այդ թղթերը հնարավոր կլինի ստանալ մեկ կենտրոնից։
Մեկ այլ ձեռքբերում ևս. քաղաքացու միակ կացարանը՝ բնակարան, տուն, այլևս չի օտարվի վարկային պարտավորությունները չկատարելու համար։ Հաճախ բողոքում ենք, որ ԴԱՀԿ- ի կիրառած արգելանքի մասին տեղեկանում ենք վերջում: Այս խնդիրը եւս նախարարությունը փորձել է լուծել։ Ընդամենը ԴԱՀԿ կայքում նշված հեռախոսահամարով պետք է զանգահարել և ավտոմատ հավաքել հանրային ծառայությունների համարանիշը: Նրանք, ովքեր ունեն ID քարտ, պետք է հավաքեն քարտի հետևի համարը և ավտոմատ կստանան SMS՝ իր հաշվի վրա արգելանք կա՞, թե՞ ոչ: Իսկ եթե չունի ID քարտ, ապա սոցիալական քարտի հետևի համարը կարող են գրանցել։
Արդեն հաջորդ տարվանից հայտարարագիր ներկայացնող անձանց շրջանակն ընդլայնվում է: Նախկինում այդպիսի պաշտոնյաների թիվը մոտ 500 էր, այժմ նրանց թիվը կհասնի 2000- ին։ Աշխատանք է տարվում նաև փոխկապակցված անձանց շրջանակը մեծացնելու ուղղությամբ:
Նկատենք, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի տարեվերջյան ասուլիսին հնչած հարցերի գերակշիռ մասը վերաբերվում էր ապօրինի հարստացումը քրեականացնելու օրինագծին։ Այն ուժի մեջ է մտնելու 2017 թվականի հունիսից: Լրագրողները նախ հետաքրքրվեցին արդյո՞ք պետությունն ունի քաղաքական կամք` պայքարելու ապօրինի հարստացածների դեմ: Նախարարը պատասխանում է, որ ճիշտ և ազնիվ չէ խոսել քաղաքական կամքի բացակայության մասին, քանի որ շատերը չէին հավատում, որ նման օրենքի նախագիծը կհասնի ԱԺ, ավելին՝ այն կընդունվի։
Կեղծ դիվիդենտներ չհավաքելու համար անմիջապես չեն հայտարարել, որ վաղվանից գործելու է ապօրինի հարստացումը, որպեսզի հաջորդ օրը քննադատություն չլիներ, որ մարդիկ ասեն` տեսեք՝ ապօրինի հարստացման քրեականացումն ուժի մեջ է, բայց չի գործում:
Նախարարը անդրադարձավ նաև կոռուպցիայի դեմ տարվող պայքարին; Լրագրողները նկատեցին, որ վերջին 1 տարում կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում տեղի ունեցած ձերբակալություններն ու կալանավորումները եղել են կառավարման միջին օղակում։ Արդյո՞ք կոռուպցիան հենց այդ օղակում է դարանակալել։ «Մենք միշտ գնահատական ենք տալիս «միջին օղակ», մենք միշտ ուզում ենք ականատես լինել «մեծ տեսարանների»: Ես համարում եմ, որ կոռուպցիայի դեմ պայքարն իրավապահ համակարգի տիրույթում է»,- ասում է։
Անդրադարձ կատարվեց նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ընդդեմ Հայաստանի կայացվող վճիռներին։ Հարցին, թե ինչպե՞ս պետք է վարվել այն դատավորների հետ, որոնց մեղքով պետական բյուջեից փոխհատուցվում են ՄԻԵԴ վճիռների կատարման խնդիրները, ի դեպ, վերջերս կայացված վճիռներից մեկով ՄԻԵԴ-ը հիշատակել է Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի անունը, նախարարն ասաց, որ խնդիրը շատ լուրջ է, պարբերական քննարկման առարկա է, ԵԽԽՎ տարբեր կառույցներում նույնպես միանշանակ պատասխան դեռևս որևէ մեկը չունի այս հարցում։ Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ խնդրի լուծման համար Սահմանադրությունը լավ հիմքեր է դրել, բայց դրանք խնդիրներ են, որոնք մեկ օրում, նույնիսկ տասնամյակների ընթացքում հնարավոր չէ կարգավորել:




