

Հայրական ապտակի կողմնակիցների բանակն այսօր շատ է մեր հասարակությունում, դա է պատճառը, որ բռնությունը դաստիարակության մեջ այլևս դիտարկվում է որպես նորմ՝ այսօր «Անչափահասների նկատմամբ բռնությունները Հայաստանում և ընտանեկան բռնության դեմ օրենքի անհրաժեշտությունը» թեմայով քննարկման ժամանակ նշել է Երեխաների պաշտպանության ցանցի խորհրդի անդամ Նունե Գեղամյանը։ Անդրադառնալով բռնությունների դեպքերի արձագանքմանը՝ նկատել, որ պետական մակարդակում ծառայությունների մատուցման կարիք կա։
Ընտանեկան խնդիրները պետք է մնան տան պատերի ներսում եւ չպետք է հանրային քննարկման առարկա դառնան: Դեռեւս այս մտածողությունն է գերակա հայկական ավանդական ընտանիքներում: Երեխաների պաշտպանության ցանցի նախագահ Միրա Անտոնյանը հասարակության տարբեր շերտերի հետ ունեցած զրույցներն ամբողջացնելով այսօր նշեց, որ հասարակությունը բաժանված է երկու բեւեռների՝ ավանդական ընտանիքի պահպանման եւ երեխաների իրավունքների պաշտպանության կողմնակիցների: Տիկին Անտոնյանը այն հիմնավորումներին, թե չպետք է մտնել ավանդական հայկական ընտանիք, արձագանքեց, որ 80-100 տարի առաջ երեխաները ծնվում էին տանը՝ տատմոր օգնությամբ, հիվանդանոց գնալն ընդունված չէր։ Եթե մենք այժմ չենք ուզում միջամտել՝ նշանակում է հարյուր տարի հետո էլ նույն խնդիրների մասին ենք խոսելու՝ ասում է: <<Հասարակությունը փոխվում է, նորմերը նույնպես>>:
Երեխաների պաշտպանության ցանցի նախագահ Միրա Անտոնյանը հավաստեց նաեւ, որ Հայաստանում երեխաների նկատմամբ կիրառված բռնությունների վերաբերյալ ճշգրիտ տվյալներ չկան, քանի որ ոստիկանությունը և հասարակական կազմակերպությունները միայն տեղեկություն են ունենում բռնությունների ընթացք ստացած դեպքերի վերաբերյալ: <<Այդ թիվը մի քանի անգամ գերազանցող բռնության դեպքերը մնում են չբարձրաձայնված>>,- շեշտեց տիկին Անտոնյանը` շարունակելով, որ միակ ձեւը բռնությունները կանխելու ընտանիքների հետ աշխատելն է։
Տիկին Անտոնյանը հավելեց նաեւ, որ ընտանեկան բռնության դեպքերը պատիժներ ով չեն լուծվում եւ, անդրադառնալով ընտանեկան բռնության մասին օրենքի կարեւորությանը, վստահեցրեց, որ կողմ արտահայտվելով այդ նախագծին՝ ամենևին չի նշանակում, որ առաջնորդվում են ֆեմինիստական գաղափարներով։ Որպես օրինակ նշեց, որ բազում կանանց համար տղամարդը դիտարկվում է <<բանկի քարտ>>, ու եթե այդ քարտը դատարկվում է` <<սկսվում են հոգեբանական ճնշումները>>:
Երեխաների պաշտպանության ցանցի խորհրդի անդամ Նունե Գեղամյանն էլ ցավով նշեց <<հայրական ապտակին>> գերի լինելու հասարակության մոտեցման մասին, որը կարծես թե դարձել է դաստիարակության նորմ: Խոսելով բռնությունների վերաբերյալ դեպքերի արձագանքման մասին՝ Նունե Գեղամյանը նշեց, որ պետական մակարդակում ծառայությունների մատուցման կարիք կա։
Երեխաների պաշտպանության ցանցի խորհրդի անդամ Աիդա Մուրադյանի փոխանցմամբ էլ՝ իրենց կազմակերպությունը շուրջ 10000 ծնողների շրջանում կատարել է ուսումնասիրություն և պարզել, որ ծնողների 40 տոկոսը դաստիարակության մեթոդների մեջ կիրառում է ֆիզիկական բռնությունը։ <<Այս հանգամանքն այնքան էլ նոր փաստ չէ, քանի որ դեռևս 2010 թվականին կատարված մեկ այլ ուսումնասիրություն արձանագրել էր նույն ցուցանիշը>>,- նշեց Աիդա Մուրադյանը՝ հավելելով, որ արդեն հինգ տարի է` իրավիճակը չի փոխվել։
Նշենք, որ ոստիկանության տվյալներով՝ այս տարվա 11 ամիսներին գրանցվել է երեխաների նկատմամբ բռնության 182 դեպք:




