Քաղաքական

Հայաստանում 2016- ի դրականը եւ բացասականը՝ ըստ Արմեն Աշոտյանի

2016-ի կարեւորագույն իրադարձությունները՝ մեկը դրական, մյուսը` բացասական. ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի ձեւավորումն է եւ ապրիլյան քառօրյա պատերազմը: Այսօր անցնող տարին ամփոփել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Անդրադարձել է նաեւ ընթացիկ հարցերին եւ ապագա զարգացումներին: Աշոտյանի գնահատմամբ՝ 2016-ը բարդ տարի էր, նահանջ տարի, բայց կարծում է՝ հաջողվեց ոչ միայն չնահանջել, այլեւ մարտահրավերներին դիմագրավելով ապահովել մնացած տարիների համար ավելի կայուն քաղաքական, սոցիալական եւ տնտեսական առաջընթացի հիմքեր:

 

Սեյրան Օհանյանի մասին՝ լատինական ասացվածքով, իսկ հայացք քաղաքականությանը՝ Չարլզ Դարվինի աչքերով: ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր ամփոփեց 2016 թվականը:  «Պլատոնն իմ ընկերն է, բայց ճշմարտությունն ավելի թանկ է: Քաղաքականությունը ձգում է նախկին պաշտոնյաներին: Կյանքը ցույց է տալիս, որ նրանք չեն կարող արձանագրել շատ մեծ արդյունքներ: Փորձենք այսօրվա քաղաքականությանը նայել Դարվինի աչքերով, փաստենք, որ փոխվել է քաղաքական կլիման եւ տարբեր քաղաքական տեսակներ փորձում են իրենց գոյությունը նոր կլիմայի պայմաններում արդարացնել, ամրապնդել եւ երաշխավորել՝ դինոզավրերից մինչեւ սողուններ, թռչուններից մինչեւ կաթնասուններ, կան նաեւ բուսական աշխարհի ներկայացուցիչներ»,- ասում է նա։

Տեսակների պայքարում կուսակցական մեկ տեսակ չէ, որ հաղթելու է՝ դա են հուշում խորհրդարանական կառավարման սկզբունքները: Այս պահի դրությամբ հանրապետականի փոխնախագահը բնական է համարում նախընտրական դաշինքներից ընդամենը մեկը: Ասում է <<Քաղաքացիական պայմանագիր>>, <<Լուսավոր Հայաստան>> եւ <<Հանրապետություն>> կուսակցությունների համագործակցությունը լիբերալների ձայները <<անտեր>> չի թողնի: Մնացած նոր միավորումները անբնական եւ արհեստական է համարում: Նախկին քաղաքական գործիչների ասածներին, հայտարարություններին եւ ելույթներին Արմեն Աշոտյանն անդրադարձավ հպանցիկ, ինչպես օրինակ Լեւոն Տեր- Պետրոսյանի ելույթին:

Հատկապես ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին առաջին նախագահի թեզերը՝ կարգավորման դիմաց որոշ տարածքներ զիջելու մասին, մեկնաբանելու կարիք չի տեսնում հետեւյալ պատճառով։<<ՀԱԿ-ի նկատմամբ հանրային ուշադրություն, օրակարգ ձեւավորելու տեսակետից Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը այլընտրանք չուներ: Իրենց տեխնոլոգիան էր, մենք չենք ուզում այդ տեխնոլոգիայի մաս լինել, հետեւաբար՝ բնական համարեք, որ հանրապետականները չեն լծվում Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից առաջարկված քաղաքական օրակարգի <<ռասկրուտկային>>:

Ինչ վերաբերում է հենց հանրապետականի օրակարգին՝ Արմեն Աշոտյանը համոզված է՝ կուսակցությունը կա եւ մնում է թիվ մեկ քաղաքական ուժը թե արտաքին կապերի, թե՝ կուսակցական կառույցների առումով: Հանրապետականը, ի դեպ, 2016-ը փակում է հետեւյալ թվաբանությամբ՝ տարվա սկզբում ունեցել են 152 հազար անդամ, այսօր արդեն 158 հազար են: Տարբերությունը՝ 6 հազար է, այն դեպքում, երբ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ ՀՀԿ-ին անդամակցելուց հետո հայտարարվեց 7 հազար նոր կուսակցականների մասին: Սա ունի իր բնականոն բացատրությունը՝ ըստ Արմեն Աշոտյանի:

<<ՀՀԿ-ն ոչ միայն ընդունում է մարդկանց, այլ նաեւ հեռացնում է: ՀՀԿ ոչ մի նախկին, ներկա կամ ապագա պաշտոնյա իրավունք չունի նեղանալու կուսակցությունից, եթե որոշում է կայացվում, որ տվյալ պարագայում պետք է լինի ռոտացիա, փոխարինում եւ այլն: Մանավանդ, որ ոչ մի անձ այդ պաշտոնին չի սերտաճել>>։

Արմեն Աշոտյանը հավաստիացրեց՝ լինելով բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, ով 2016-ի փետրվարին առաջիններից պաշտոնանկ արվեց՝ չի նեղացել հարազատ կուսակցությունից: Նաեւ վստահեցրեց, որ վարչապետի հանրապետական դառնալուց հետո նույնպես՝ կուսակցությունը լքածներ չկան: Հանրապետական փոխնախագահը, ի դեպ, չցանկացավ մեկնաբանել վարչապետի աշխատանքի 100 օրը: Պարզապես նշեց, որ հույսի կառավարությունից այն աստիճանաբար վերածվում է հույսերի արդարացման կառավարության:

Կարդացեք նաև

Back to top button