ՄիջազգայինՎերլուծական

Դեսպան Կարլովի սպանությունն ու ռուս-թուրքական հարաբերությունները

Անկարայում նախօրեին երեկոյան սպանվել է Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովը: Ռուս բարձրաստիճան դիվանագետի վրա կրակել են այն պահին, երբ նա ելույթ էր ունենում «Ռուսաստանը թուրքերի աչքերով» ֆոտոցուցահանդեսի բացման արարողությանը: Սպանությունից անմիջապես հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիպ Էրդողանը զանգահարել է ռուս պաշտոնակից Վլադիմիր Պուտինին՝ անձամբ հայտնելու տեղի ունեցածի մասին: Արտակարգ այս դեպքը Մոսկվա-Անկարա հարաբերություններում սրացման պատճառ չդարձավ: Թուրքիայում Ռուսաստանի դեսպանությունն ու հյուպատոսությունները երեկվա աննախադեպ միջադեպից հետո չփակվեցին, պարզապես ուժեղացվեց  դրանց հսկողությունը։ Թուրքիայի ԱԳ նախարարն էլ չչեղարկեց նախապես ծրագրված այցը Մոսկվա, որտեղ Ռուսաստանի պաշտոնակցի հետ պետք է քննարկեր Սիրիան։ Չավուշօղլուն այսօր Ռուսաստանի մայրաքաղաքում հանդիպեց Սերգեյ Լավրովի հետ: Սակայն նախօրեին տեղի ունեցած ողբերգական իրադարձությունից հետո օրակարգի գլխավոր հարցը ոչ թե Սիրիան էր, այլ դեսպան Կարլովի սպանությունը: Նախարար  Չավուշօղլուն հայտարարեց, որ Թուրքիան կանի հնարավորը՝ Ռուսաստանի դեսպանի սպանությունը հետաքննելու համար։ Անկարան Մոսկվային սիրաշահելու համար չշրջանցեց նաև հարցի բարոյական մասը՝ փողոցը, որտեղ գտնվում է Ռուսաստանի դեսպանատունը, կանվանվի ի պատիվ Անդրեյ Կարլովի:

Անկարա են մեկնել նաև ռուսաստանյան իրավապահ մարմինների ներկայացուցիչներ՝ հետաքննելու կատարվածն ու պարզելու, թե ով է կանգնած սպանության հետևում։ Սպանության հանգամանքները ևս Ռուսաստանն ու Թուրքիան կհետաքննեն միասին: 22-ամյա Մևլութ Մերթ Ալթընթաշը  սպանությունն իրականացրել է հենց տեսախցիկների առաջ, Անկարայի արդի  արվեստի կենտրոն է մտել անարգել։ Կոստյումով և փողկապով երիտասարդին ընդունել են  որպես դեսպանի թիկնապահ։ Նրան հարձակումից հետո ոչնչացել են Թուրքիայի հատուկջոկատայինները: Ալթընթաշը, ի դեպ, ոստիկան է և ավելի վաղ մասնակցել է Անկարայում Թուրքիայի դեսպանության պահպանությանը, որտեղ անցյալ շաբաթ տեղի էին ունենում հակառուսական ցույցեր՝ ի նշան Հալեպում տեղի ունեցող գործողությունների:

Դատելով սպանության պահին Ալթընթաշի բացականչություններից ՝ «Մի մոռացեք Հալեպի մասին», «Մի մոռացեք Սիրիան», «Քանի դեռ մեր եղբայրները վտանգի մեջ են, ձեզ ևս վտանգ է սպառնում», «Ալլահ Աքբար», հարձակման պատճառը հենց Սիրիայում ծավալվող իրադարձություններն են:

Անկարայի ահաբեկչությունը գրեթե միանշանակ դատապարտման է արժանացել աշխարհում։ Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերին առաջարկել է աջակցություն հետաքննությանը, Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին դատապարտել է հարձակումը, իսկ Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնն անվանել է ստոր սպանություն:

Ռուսաստանի դիվանագիտության պատմության մեջ դեսպան սպանվել է մեկ անգամ՝ 1829 թվականին Պարսկաստանում սպանվել է դեսպան Ալեքսանդր Գրիբոյեդովը:

2016 թվականի դեկտեմբերի 19-ը ևս Ռուսաստանի դիվանագիտության պատմության մեջ կմնա որպես ամենաողբերգական էջերից մեկը: Դեսպանի մակարդակի դիվանագետի սպանությունը արտակարգ պատահար է, որը կարող է դիվանագիտական հարաբերությունների խզման պատճառ դառնալ անգամ, երկրներին պատերազմի առաջ կանգնեցնել։ Աշխարհաքաղաքական այս իրողությունների մեջ  Կրեմլն  Անկարայից միայն ակնկալում է Թուրքիայում ռուսական հաստատությունների պաշտպանության երաշխիք:

Կարդացեք նաև

Back to top button