

Ազգային ժողովի դեկտեմբերի 13-ի արտահերթ նստաշրջանի ընթացքում ընդունված մի քանի տասնյակ նախագծերից մեկը «Գնումների մասին» օրենքն էր: Այն արտահերթի ընթացքում քվեարկվեց 3 ընթերցումներով և ընդունվեց ձայների 77 կողմ, 14 ձեռնպահ հարաբերակցությամբ: Ուշագրավ է, որ ընդունումից հետո միայն լուրջ քննարկումների առիթ դարձավ օրենքի դրույթներից հատկապես մեկը. այն գաղտնիության որոշակի ռեժիմ է սահմանում հանրապետության նախագահի, վարչապետի և ԱԺ նախագահի արարողակարգային ծախսերի համար: Որքանով էր անհրաժեշտ այս փոփոխությունը, ինչ խնդիր է լուծում և ինչ վտանգներ ունի: Հարցերի պատասխանները՝ տնտեսագետի, քաղաքական գործչի ու քաղտեխնոլոգի դիտանկյուններից:
Լավագույն ապացույցներից մեկը, որ գերհագեցած օրակարգերով արտահերթ նիստերի ու նստաշրջանների ընթացքում պատգամավորները ֆիզիկապես չեն կարողանում ծանոթանալ օրենքների բոլոր մանրամասներին, դրսևորվեց «Պետական գնումների» մասին օրենքի քննարկման ժամանակ: Քվեարկությունից առաջ պատգամավորները խոստովանեցին, որ փոփոխություններից մեկի մասին տեղեկացել են մամուլից:
Փոփոխությամբ նախատեսվում է պետական գաղտնիք պարունակող համարել հանրապետության կարևորագույն երեք պաշտոնյաների՝ նախագահի, վարչապետի և ԱԺ նախագահի արարողակարգային ծախսերը: Տնտեսագետ Արտակ Մանուկյանը նշում է, որ գնումների համար անկյունաքարային սկզբունքը թափանցիկությունն է: Թե ինչու որոշվեց սահմանափակել այս սկզբունքը հանրապետության նախագահի, վարչապետի և ԱԺ նախագահի ծախսերի դեպքում, տնտեսագետը կապում է այն ուսումնասիրությունների, մամուլի հրապարակումների հետ, որոնք անարդյունավետ ծախսեր են բացահայտել: «Կարծես պետությունը գնում է այն ճանապարհով, որ ամենահեշտը անարդյունավետության մասին տեղեկատվությունը փակելն է: Սա իհարկե կդժվարացնի նաև ԶԼՄ-ների աշխատանքը, և արդեն օրենքի հղում տալով չեն բացահայտվի այն կոռուպցիոն ռիսկերը, որոնք պարբերաբար բացահայտվել են ԶԼՄ-ներում»:
«Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի քարտուղար Մանե Թանդիլյանը նույնպես կարծում է, որ նոր դրույթները կոռուպցիոն ռիսկերի վտանգ ունեն: Նա հստակ չի տեսնում այն շարժառիթը, որը ստիպեց կառավարությանը գնալ այդ փոփոխությանը: Քաղաքական գործիչը միտումն ընդհանուր առմամբ վտանգավոր է համարում: «Այս համատարած անվստահության մթնոլորտում բերել չպատճառաբանված, դրդապատճառ չունեցող նմանատիպ օրենք, համարում եմ ոչ միայն անթույլատրելի, այլև վտանգավոր, որովհետև սա կարող է ունենալ շարունակություն»:
Քաղաքական PR տեսանկյունից քայլը ռիսկային էր՝ արդեն իր մասնագիտական դիրքերից քայլն այսպես է գնահատում քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը: Նա նույնպես չի տեսնում հրատապության այն հիմնական շարժառիթը, որը կառավարությանը կստիպեր արտահերթ ընթացակարգերով նման լուրջ քայլեր քննարկել: Ենթադրում է, որ կառավարությունը փորձել է խնդիրը լուծել այս խորհրդարանի գործունեության շրջանում՝ մտավախություն ունենալով, որ հաջորդն այդքան փափուկ չի լինելու: «Ես կարծում եմ` այս շտապողականությունը պայմանավորված է գուցե նրանով, որ, ասենք, այս Ազգային ժողովի վերջին ժամկետն է, և գուցե շտապում են, որպեսզի այս Ազգային ժողովը, որտեղ գործող իշխանություններն ունեն ճնշող մեծամասնություն, այս օրինագիծը վավերացնի: Գուցե լուրջ հույսեր չկան, որ հաջորդ Ազգային ժողովը այսքան փափուկ լինի»:
Դասական առումով պետական գաղտնիք համարվում է երկրի ռազմական, արտաքին հարաբերությունների, տնտեսական և այլ ոլորտների այն տեղեկություններն են, որոնք պաշտպանվում են պետության կողմից և որոնց տարածումը կարող է ծանր հետևանքներ առաջացնել երկրի անվտանգության համար:
Քննարկման բանախոսները այսօր քննարկում էին նաև հարցը, թե արդյոք հանրապետության երեք առաջին պաշտոնյաների արարողակարգային ծախսերը մտնում են այդ շրջանակի մեջ: Նրանց գնահատմամբ՝ կարող են լինել դեպքեր, որոնք կպահանջեն փակ տեղեկատվություն կամ տեղեկությունների սահմանափակում, բայց մտահոգիչը հստակ ու համոզիչ հիմնավորումների բացակայությունն է: «Եթե որևէ բացատրություն կա, ապա այն չի էլ տրվել: Այս վերաբերմունքը հասարակության և Ազգային ժողովի նկատմամբ անթույլատրելի է»:
Խորհրդարանում նախագիծը ներկայացնելիս ֆինանսների նախարար Վարդան Արամյանը հայտարարեց, որ օրենսդրական նախաձեռնության նպատակը երկրի կարևորագույն պաշտոնյաների անվտանգության ապահովումն է:
Իսկ քվեարկությունից առաջ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը պարզաբանեց, որ գնման արարողակարգերին վերաբերող տեղեկատվությունը փակ է լինելու, բայց բաց է մնալու հաշվետվությունների մեխանիզմը: Տնտեսագետ Արամ Մանուկյանը սա մեծ հնարավորություն չի համարում:
Ի դեպ, «Գնումների մասին» նոր օրենքի ընդունումը կառավարությունը հիմնավորում է նաև ԵԱՏՄ անդամակցությունից բխող պահանջներով: ԵԱՏՄ պայմանագրի դրույթները սահմանում են գնումների քաղաքականության ընդհանուր հայեցակարգեր, որոնք պետք է արտացոլվեն ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից պետական գնումներին վերաբերող իրենց ներպետական օրենսդրություններում։




