

Վիկտոր Դալլաքյանը որեւէ նոր կուսակցություն չի ստեղծել: Նա գնացել է ավելի պարզ ճանապարհով՝ անդամագրվել է դեռեւս 2003 թվականից գրանցված եւ գործող <<Երրորդ հանրապետություն>> կուսակցությանը, որի գործող նախագահ Էդուարդ Անտոնյանն այսօր հայտարարել է՝ դեկտեմբերի 23-ին կայանալիք կուսակցության 7-րդ արտահերթ համագումարում կներկայացնի իր հրաժարականը: Դրանից հետո կուսակցության համար կսկսվի նոր փուլ՝ նոր նախագահով, նոր կանոնադրությամբ, ավելի քան 50 էջանոց ծրագրով, նախընտրական բանաձեւով եւ նոր գործընկերներով: Վիկտոր Դալլաքյանն այսօր վերջնական հստակեցումներ չի մտցրել, բայց բոլոր փակագծերն արդեն բացել է:
Ընդդիմության դաշտ վերադարձող Վիկտոր Դալլաքյանի համար այս տարվա կարեւորագույն-բացասական իրադարձություններից առաջին հորիզոնականը զբաղեցնում է ապրիլյան քառօրյա պատերազմը: Հակառակ սուր եւ անողոք քննադատությանը՝ այս գործիչը, ով այդ օրերին դեռ աշխատում էր նախագահականում, պնդում է՝ ինքն ու այդ օրերի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ցանկանում են փրկել սխալ ճանապարհով գնացող պետությունը՝ մտադրվել են խափանել վերարտադրվելու ցանկություն ունեցող իշխանության ծրագրերը: Եթե մինչ այսօր ամեն ինչ քողարկվում էր, այսօր արդեն Վիկտոր Դալլաքյանը բացեց որոշ փակագծեր: Ասում է՝ իր եւ Օհանյանի հրաժարականներից հետո պարբերաբար հանդիպել են, հանդիպում են եւ դեռ հանդիպելու են:
<<Երրորդ հանրապետություն>> կուսակցության առաջիկա արտահերթ համագումարին հավաքվելու են միայն կուսակցականներով, հրավիրված որեւէ քաղաքական ուժ չի լինելու, իհարկե, եթե մինչ այդ դեպքերը չզարգանան սրընթաց եւ չձեւավորվի այն լայն կոնսոլիդացման, որին ձգտում են եւ ինչ նպատակով էլ հանդիպում են տարբեր կուսակցությունների հետ:
Ի դեպ, արդեն ստեղծված նախընտրական դաշինքներից մեկի՝ <<Քաղաքացիական պայմանագիր>>, <<Լուսավոր Հայաստան>> եւ <<Հանրապետություն>> կուսակցությունների հետ համագործակցությունը Վիկտոր Դալլաքյանը բացառում է: Ասում է՝ <<նրանք իրենց քայլերը պատկերացնում են որոշակի աշխարհաքաղաքական կողմնորոշումների շրջանակում>>: <<Երրորդ հանրապետություն>> կուսակցությունում բացառում են որեւէ արտաքին քաղաքական կողմնորոշում՝ ասում է Դալլաքյանը՝ հստակ չպատասխանելով նաեւ ՀԱԿ-ի հետ համագործակցության հնարավորությանը: Պարզապես նշում է, որ Լեւոն Տեր- Պետրոսյանի տեսակետները ԼՂ հակամարտության վերաբերյալ տարբեր են: Առանց խուսանավելու եւ հստակ որոշմամբ Վիկտոր Դալլաքյանն այսօր խոստացավ՝ եթե անգամ ձախողվի 2017-ի ընտրություններում՝ կրկին իշխանության դաշտում նրան այլեւս չենք տեսնի: Իշխանություն դառնալու միակ տարբերակը՝ խորհրդարանական ընտրություններում հաղթելն է:




