
Հայաստանի Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Ավետիսյանների սպանության գործով առաջին ատյանի դատարանի վճիռը: Այսպիսով, տուժածների իրավահաջորդների ներկայացուցիչների բողոքները մերժվել են: Դատավճիռը կարող է բողոքարկվել երեք ամսվա ընթացքում: Նշենք, որ դեկտեմբերի 19-ի դատական նիստին միայն դատախազն էր ներկա:
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանն ավելի վաղ Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովին ցմահ ազատազրկման էր դատապարտել:
Ողբերգությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին: Մեղադրական եզրակացության համաձայն՝ ռուսական բազայի զինծառայող Վալերի Պերմյակովը մտել է Ավետիսյանների ընտանիքի տուն եւ գնդակահարել Աիդա Ավետիսյանին, Հասմիկ Ավետիսյանին, Սերյոժա Ավետիսյանին, Արմեն Ավետիսյանին, Արաքսյա Պողոսյանին եւ փոքրիկ Հասմիկ Ավետիսյանին: Այնուհետեւ նա դանակահարել է փոքրիկ Սերյոժա Ավետիսյանին, որը 7 օր անց հիվանդանոցում մահացել է: Իր գործողությունները Պերմյակովը բացատրել է այն հանգամանքով, որ ցանկացել է տուն հասնել: Նա ինքնակամ լքել է զորամասը՝ իր հետ ավտոմատ տանելով: Թափառելով գիշերային Գյումրիով՝ նա ցանկացել է խմել, կոտրել է պատուհանի ապակին եւ մտել Ավետիսյանների տուն: Աղմուկից արթնացած Աիդա Ավետիսյանը սկսել է բղավել: Պերմյակովի հավաստմամբ՝ ինքը վախեցել ու սկսել է կրակել: Ընդ որում, հարեւաններից ոչ ոք կրակոցների ձայներ չի լսել: Գնդակահարելով ընտանիքին՝ Վալերի Պերմյակովը փոխել է հագուստը եւ փախուստի դիմել՝ տանից տանելով մի քիչ գումար եւ սպանվածների բջջային հեռախոսները: Միաժամանակ, անուն-ազգանվամբ համազգեստն ու հրազենը նա Ավետիսյանների տանն է թողել: Պերմյակովին ռուսաստանցի սահմանապահը հայտնաբերել է «Բայանդուր» ուղեկալի տարածքում:
2015 թվականի օգոստոսի 12-ին Վալերի Պերմյակովը դասալքության համար դատապարտվել է 10 տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմի ուղղիչ հաստատությունում:
Օգոստոսի 23-ին էլ Շիրակի մարզի դատարանը Պերմյակովին մեղավոր է ճանաչել Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության (104 հոդվածի 2-րդ մասի 5 եւ 8 ենթակետեր), ավազակային հարձակման (175 հոդվածի 2-րդ մասի 3 եւ 4 ենթակետեր), ապօրինի սահմանահատման համար (34-329 հոդվ., 1-ին մաս): Դատարանի վճռով Վալերի Պերմյակովը դատապարտվել է ցմահ ազատազրկման:




