ԿարևորՔաղաքական

Կայացավ ՀԱԿ 2-րդ համագումարը (լրացված)

լրացված ՝ 16.46-ին


Այսօր տեղի է ունեցել ՀԱԿ համագումարը, որն ըստ էության նախապատրաստական աշխատանք է 2017-ի ընտրություններից առաջ: Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀԱԿ խմբակցության ղեկավար, կուսակցության փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը հաստատել էր, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին քաղաքական ուժի համամասնական ցուցակը գլխավորելու է ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Սպասվում էր, որ նրա այսօրվա ելույթը պարունակելու է լուրջ ազդակներ: 1 ժամանոց ելույթ՝ թալանից մինչեւ Հենրիխ Մխիթարյան: Ինչ որոշումներ է ընդունել ՀԱԿ-ը եւ ինչ է առաջարկում Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ մեր հաջորդ ռեպորտաժում:

 

 

Նոր նախագահ եւ նոր վարչություն. այսօր կայացավ Հայ Ազգային Կոնգրես կուսակցության երկրորդ համագումարը: Կառավարության նիստերի դահլիճում հավաքվել էր 390 պատվիրակ: Հենց նրանք՝ փակ գաղտնի քվեարկությամբ ընտրեցին կուսակցության ղեկավար նոր կազմին:

Կուսակցության նախագահի համար առաջադրվել էր մեկ թեկնածու՝ Լեւոն Տեր-Պետրոսյան, վարչության անդամների թեկնածուները 59-ն էին՝ 35 տեղի համար: Ի դեպ, ցանկը որոշ առումով ուշագրավ է: Այն, օրինակ՝ գլխավորում է ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանը, ով թեեւ տարիներ շարունակ ընդհատակում է, բայց ՀԱԿ վարչությունում մշտապես պահպանում է իր տեղը: Վարչությունում տեղ զբաղեցնելու ցանկություն են հայտնել նաեւ  «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը, Զոյա Թադեւոսյանը, նախկին պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանը եւ Էջմիածնից Հակոբ Հակոբյանը:

Ի դեպ, բացի ՀԺԿ-ից եւ Ազատամարտիկների դաշինքից որեւէ այլ քաղաքական ուժ համագումարին չէր հրավիրվել: Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանն այսօր հաստատեց՝ պատրաստ է իր հետագա ճանապարհն անցնել կայացած քաղաքական ուժի հետ: Հիշեցնենք, որ ՀԱԿ-ի եւ ՀԺԿ-ի համագործակցությունը սկիզբ է առել 2007 թվականից:

Համագումարի ընթացքում քննարկվեց եւ ընունվեց նաեւ բանաձեւ, որն առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախընտրական ծրագրի առանցքն է դառնալու: ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը տեղեկացրեց, որ կուսակցությունում մեծ նշանակություն են տալիս 2017-ի խորհրդարանական ընտրություններին:

Ճշմարտությունն ասելու եկավ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Մեկ ժամանոց ելույթում անդրադարձավ մի շարք խնդիրների: Ասաց, որ Հայաստանի բոլոր չարիքների հիմքը կոռուպցիան է եւ թալանը, կարծում է՝  «ազգ-պետություն» գաղափարն արդարացված չէ եւ նոր արտագաղթի հիմք կդառնա, հայտարարեց՝ ՀԱԿ-ը չորս սկզբունքով է գնում ընտրությունների՝ սպառազինու­թյուն­ների մրցավազքի դադարեցում, նոր պատերազմի վտան­գի բացառում, Ղարաբաղի հարցի լուծում եւ Թուրքիայի հետ հա­րա­բերությունների կարգավորում:

Վերջին կետը կլուծվի ինքնաբերաբար, հաջորդ իսկ օրը, երբ լուծվի Ղարաբաղի հարցը: Իսկ այս լուծումն ունի մի բանաձեւ, ըստ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ «կարգավորման այլ տարբերակ, քան փոխզիջումը գոյություն չունի»: Լեւոն Տեր-Պետրոսյանը շարունակում է պնդել, որ խնդրի լավագույն լուծումը կարող էր լինել 1998 թվականին, բայց կարծում է, որ այսօր էլ ուշ չէ:

Այսքանից հետո Լեւոն Տեր-Պետրոսյանը խիստ սպասվելի եւ անխուսափելի է համարում քննադատական խոսքերը եւ կասկածները, որ դեռ կհնչեն: Եվ պատրաստ է արդեն հիմա երկու զգուշացում հնչեցնել:

«Ելույթը գուցե դառը ստացվեց, բայց նպատակը ազգին հուսադրող ու արժանապատիվ ելք ցույց տալն է»,- խոսքը եզրափակեց ՀԱԿ առաջնորդը՝ ազգի ուրախության ու հպարտության միակ աղբյուրն այսօր համարելով Հենրիկ Մխիթարյանին:

Կարդացեք նաև

Back to top button