ԿարևորՔաղաքական

ԱԺ արտահերթն ավարտվեց. պատգամավորները որոշ օրինագծերի ծանոթացել էին մամուլից

Ազգային ժողովն  այսօր ավարտել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը: Քվեարկվել են արտահերթի 4 օրերի ընթացքում քննարկված  մի քանի տասնյակ օրինագծերը: Այդ թվում՝ Ազգային ժողովի կանոնակարգը, Մարդու իրավունքների պաշտպանի, կուսակցությունների ու հասարակական կազմակերպությունների մասին օրենքները: Ի դեպ, հարցերից երեքը  վարչապետի առաջարկով արտահերթ նստաշրջանի օրակարգից հանվել  է:

 

ԱԺ արտահերթ նստաշրջանի վերջին օրը քվեարկություններն այնքան շատ էին, որ ԱԺ նախագահից դրանց անվանումների ընթերցելն  ու քվեարկություն կազմակերպելը  կես ժամից ավելի  պահանջեց: Ավելին, արտահերթի օրակարգն այնքան հագեցած էր, որ օրենքներից մի քանիսի  բովանդակությունը պատգամավորները ճշտում էին քվեարկությունից առաջ:

«Օրենքների էս արագ քննարկումների արդյունքում  երբեմն չենք հասցնում  տեղեկանալ ամբողջական ինֆորմացիային»,- ասում էր Արամ Մանուկյանը։ Նրա այս դիտարկումը վերաբերում էր « Գնումների մասին» օրենքին, ավելի ստույգ՝  դրա այն հոդվածին, որը վերաբերում է հանրապետության նախագահի, ԱԺ նախագահի ու վարչապետի ծախսերին:  Որ օրենքում նման հոդված կա, պատգամավորը տեղեկացել էր մամուլից: «Մամուլում տեղեկություններ եղան, որ այս օրենքով նախատեսվում է, որ ԱԺ նախագահի, նախագահի ու վարչապետի պետական ծախսերը դառնում են պետական գաղտնիք ու թափանցիկ չեն լինելու»:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ  էր մամուլից իմացել, որ իր, հանրապետության  նախագահի ու վարչապետի ծախսերն այսուհետ  «Պետական գնումների մասին» օրենքի համաձայն գաղտնի են լինելու: Իր մասով վստահեցրեց, որ գաղտնի չեն լինի: «Ես էլ եմ այդ մասին թերթից տեղեկացել, ու դժվար թե նման բան լինի»,- ասաց։

Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը նախ մի նկատառում արեց: «Եթե մամուլին հավատում եք՝ հավատացեք նաև օրենքներին»: Հետո պարզաբանեց՝ միայն գնման արարողակարգն ու  ծախսերի մրցույթներն են փակ լինելու: «Խոսքը վերաբերում է արարողակարգի գնումներին, որն իրականցվում է փակ կարգով, զուտ արարողակարգի, որ ռեստորանում որտեղ հաց ուտեն։ Այդ երեք մարմիններինը փակ պետք լինի»:

Նախագիծն ընդունվեց ձայների 77 կողմ, 22 ձեռնպահ, 2 դեմ հարաբերակցությամբ:

Խորհրդարանն այսօր ավարտեց արտահերթ նստաշրջանի աշխատանքը: Դրա ընթացքում, հիշեցնեմ, մի քանի տասնյակ օրենքներ ընդունվեցին: Այդ թվում՝ հարկային համաներման մասին փաթեթը, որը  մի շարք արտոնություններ է նախատեսում  փոքր ու միջին ձեռնարկատիրությամբ զբաղվողների համար, ապօրին հարստացման քրեականացում նախատեսող փաթեթը, որը քրեական պատասխանատվություն է նախատեսում այն պաշտոնյաների համար, որոնց հայտարարագրերում իրավապահները գույքի ու օրինական եկամուտների էական անհամապատասխանություն կգտնեն:

Այս արտահերթի ընթացքում երրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց նաև զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին օրենսդրական  փաթեթը: Այն «1000 դրամներ» պայմանական անվանումն է ր ստացել: Չնայած հակասական գնահատականներին՝ 2017-ից նոր հիմնադրամը, որը կձևավորվի յուրաքանչյուր աշխատողի վճարած 1000 դրամից, կսկսի գործել: Պաշտպանության նախարարը,  հիշեցնեմ, ասել է, որ հիմնադրամին թափանցիկ արդյունավետ աշխատանքն իր պատվի հարցն է:

 

Կարդացեք նաև

Back to top button