Հասարակություն

2016-ը ծանր տարի էր ԲՈՀ-ի համար


Համակարգում տեղի ունեցած փոփոխություններին է այսօր անդրադարձել Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ Լիլիթ Արզումանյանը: Նա նշել է, որ մասնագիտական խորհուրդներն այս տարի  12 աշխատանք են մերժել, նախորդ տարիների համեմատ կրճատվել է նաև ԲՈՀ-ի մերժումների թիվը: 120-ով պակասել է պաշտպանությունների թիվը: Լիլիթ Արզումանյանը նաև նկատել է, որ լրագրողների հետեւողականությունը զգոնացնում է, եւ երբ որեւէ պաշտոնյա պաշտպանում է գիտական ատենախոսություն, ԶԼՄ-ների արձագանքը եւ աչալրջությունը որոշակի դրական արդյունք է տալիս:

 

 

Բարձրագույն որակավորման հանձնաժողովի համար 2016-ը բավականին ծանր տարի էր:  Տեղի ունեցան մի շարք բարեփոխումներ, որոնք թեև հաջող էին, բայց դժվար փուլ էր՝ ամփոփելով անցնող տարին և համակարգում իրականացված բարեփոխումները՝ նշեց ԲՈՀ-ի նախագահ Լիլիթ Արզումանյանը: Դրանցից մեկը գիտական աստիճանաշնորհման համակարգն է:

«Այսօր ունենք նոր գիտական աստիճանաշնորհման անվանացանկ և նոր ձևավորված 62 մասնագիտական խորհուրդներ: Պաշտպանությունները կազմակերպվում են փոքր թվով գիտնականներով: Դրանով պատասխանատվությունը բավականին կբարձրանա: ԲՈՀը կարծում եմ բավականին արդյունքի հասել է և միայն այն փաստը, որ այս տարի մասնագիտական խորհուրդներում 12 աշխատանք մերժվել է, իսկ դա արդեն պատասխանատու վերաբերմունքի արդյունք է կարծում եմ: Մեր մերժումների թիվը նախորդ 2 տարիների համեմատ կրճատվել է՝ 45 է այս տարի: Այս տարի 120-ով պակասել է նաև պաշտպանությունների թիվը»:

Անդրադառնալով որոշ ոլորտներում անորակ գիտական աշխատանքներին, որոնք ԲՈՀ-ը մերժում կամ վերադարձնում է խորհուրդներ, Լիլիթ Արզումանյանը նշեց, որ անցյալ տարի 9 խորհուրդ նկատողություն է ստացել: Ավելին՝  կանոնակարգով կա նման կետ, որ խորհուրդը  երեք անգամ թերանալու դեպքում կարող է վերակազմավորվել կամ ընդհանրապես փակվել:

Դիտարկելով պաշտպանություններն ըստ ոլորտների՝ ԲՈՀ-ի նախագահը նկատեց, որ շարունակում են պահանջված մնալ այն մասնագիտությունները, որոնց գծով ասպիրանտուրայի բաժիններում շատ տեղեր կան:

«Օրինակ՝ իրավաբանություն, տնտեսագիտություն»:

Միևնույն ժամանակ գիտության բազմաթիվ ճյուղեր կան, որտեղ ոչ միայն դոկտորներ, այլեւ թեկնածուներ անգամ չունենք: Այս հանգամանքը շատ է մտահոգում նաև հոգեբանական գիտությունների դոկտոր Սամվել Խուդոյանին:

Ինչ վերաբերում է 2017 թ. ծրագրերին, ԲՈՀ- ը պատրաստվում է վերանայել մասնագիտական քննություններն ու քննական ծրագրերը: Նոր ծրագրերը պետք է համապատասխանեցվեն նոր անվանացանկերին: Լրացել են նաև քննական հանձնաժողովների լիազորությունների ժամկետները: Պետք է վերահաստատվեն դրանց կազմերը՝ նշեց Լիլիթ Արզումանյանը:

Կարդացեք նաև

Back to top button