Հասարակություն

Հայաստանում սահմանվել է ջրամատակարարման միասնական սակագին

Այս տարի նոյեմբերի16-ին ՀՀ  էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության եւ «Վեոլիա» ընկերության միջև ստորագրվեց ջրամատակարարման ապահովման պայմանագիր։ 2017 թվականի հունվարի 1-ից Հայաստանի բոլոր 5 ջրամատակարար ընկերությունների համակարգերը առաջիկա 15 տարիներին կառավարելու է  ֆրանսիական Veolia Group- ը։ 1 խմ ջրի սակագին է սահմանվել 180 դրամը։ Արդյո՞ք մենաշնորհային կառավարմամբ միասնական օպերատորը խնդիրներ չի ստեղծի համակարգում, արդյո՞ք սակագնային փոփոխությունը ժամանակավրեպ չէր, եւ ի՞նչ նոր առաջարկներով է սպառողներին ներկայանալու միասնական օպերատորը:

 

Հունվարի 1-ից հանրապետության ջրամատակարարման համակարգը 15 տարով վարձակալությամբ անցնում է ֆրանսիական «Վեոլիա» ընկերությանը, որը մինչ միասնական օպերատոր դառնալը 2006 թվականից շուրջ 10-ը տարի իրականացնում էր  <<Երեւան Ջուր>> ընկերության կառավարումը՝ Երևան քաղաքի և շրջակա մի շարք գյուղերի ջրամատակարարման ու ջրահեռացման աշխատանքները: Շահագրգիռ գերատեսչությունները միասնական օպերատորի մուտքը կարեւորում են մեկ հանգամանքով՝ <<մեկ վարձակալի հետ աշխատելն ավելի կայուն հիմքեր կարող է ապահովել>>:

Ֆրանսիական ընկերության հետ կնքած պայմանագրում հստակ պայմաններ ու կատարողական ցուցանիշներ են դրված, որը օպերատորը պետք է ապահովի, իսկ չապահովելու դեպքում՝ ընկերությունը կտուգանվի՝ այսօր նշեց ՀՀ  էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը։ Տուգանքի չափը կարող է հասնել մինչև 90 մլրդ դրամի: Վերջինս այն գումարն է, որը նոր օպերատորը վճարելու է որպես վարձավճար 15 տարիների ընթացքում: Իսկ ըստ պայմանագրի, «Վեոլիա» ընկերությունը պարտավոր է վարձակալության վերջին տարում՝ 2030 թվականին, խմելու ջրի վաճառքի ծավալը հասցնել 174 միլիոն խորանարդ մետրի  և  սպասարկման  ամբողջ տարածքն ապահովել 24- ժամյա ջրամատակարարմամբ, իրականացնելու է նաեւ 37,5 մլրդ դրամի ներդրում:

ՀՀ քաղաքացիներին առաջնային հուզող հարցերից մեկը ջրի սակագնին է վերաբերում։ Արսեն Հարությունյանը նշում է, որ 1 խմ մետրի դիմաց 180 դրամ սակագինը առաջիկայում չի վերանայվի:

Ի դեպ, հանրապետության 570 գյուղեր ընդգրկված չեն միասնական օպերատորի սպասարկման տարածքում: Դրանք այն տարածքներն են, որտեղ խմելու ջուր ունենալը խնդիր է: Վերջինիս լուծման պարտավորությունը ստանձնելու է պետությունը՝  իրականացնելով ջրային ցանցի վերանորոգում եւ վերականգնում: Արսեն Հարությունյանը չի բացառում այդ գյուղերում նոր օպերատորի կողմից իրականացվելիք ծառայությունների հնարավորությունը:

Այժմ ջրի որակի մասին: Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը Հայաստանի խմելու ջուրը աշխարհում լավագույններից է համարում: Միակ մտահոգող տարածքը Արմավիրի մարզն է ջրի որակի եւ բարձր սակագնի առումով։ Հարցերը քննարկվել են նոր օպերատորի հետ, մարզ որակյալ ջուր հասցնելու նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Վերադառնալով համակարգը «Վեոլիա» ընկերությանը վարձակալության տալու խնդրին՝ շատ մասնագետներ մենաշնորհի վտանգ են տեսնում։ «Ռադիոլուրի» հետ զրույցում  ջրային ռեսուրսների փորձագետ Քնարիկ Հովհաննիսյանը կարծում է, որ միասնական օպերատոր ընտրելը սխալ է: «Հինգ կառավարման օղակները բավականին լավ էին աշխատում: Եթե մեկ օպերատոր է գործում՝ մրցակցության խնդիր չկա արդեն: Ամենամեծ  խնդիրը կարծում եմ հենց դա կլինի»,- կարծիք հայտնեց Քնարիկ Հովհաննիսյանը:

Կարդացեք նաև

Back to top button