

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանի դիտարկմամբ՝ Ադրբեջանը չի պատրաստվում որեւէ կերպ կատարել Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները: Փաստորեն, բանակցային գործընթացը կանգնած է: Պատգամավորի գնահատմամբ՝ դա նշանակում է, որ մեր հարեւանը փորձում է նորից ռազմական միջոցով իր խնդիրները տանել առաջ՝ նոր զինատեսակներ է գտնում: Պատգամավորի խոսքով՝ դա մարտահրավեր է եւ մենք պետք է կարողանանք պատրաստ լինելու առաջիկա տարիներին էլ ապահովել այնպիսի անվտանգության մակարդակ, որ Ադրբեջանում լինի մշտական գիտակցումը, որ հայկական կողմերը միշտ ունակ կլինեն պարտադրելու խաղաղությունը, իսկ հարկ եղած դեպքում էլ՝ համապատասխան ջախջախում կտան: Այս մասին պատգամավորը խոսել է լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ՝ անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին եւ դրանցից բխող մարտահրավերներին դիմագրավելու խնդիրներին:
Հաշվի առնելով, որ համանախագահող երկու երկրներում սպասվում են փոփոխություններ, եւ փոխվելու է նաեւ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը, գալիք տարին Արցախյան բանակցություններին որեւէ բան չի տալու՝ համոզմունք հայտնեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը: Ընդհանրապես հիմնախնդրի կարգավորման մասին էլ ասաց հետեւյալը.
«Միշտ համարել եմ, որ այն սերունդների խնդիր է եւ մենք դեռ երկար ժամանակ չենք հասնելու լուծման՝ հաշվի առնելով նաեւ, թե ով է մեր հակառակորդը կամ թշնամին: Միակ գաղափարը, որ կարող է լինել, որը միտված կլինի հարցի լուծմանը, Հայաստանի եւ Արցախի այնպիսի հզորացումն է, որի դեպքում միջազգային հանրությունը ուղղակի կգիտակցի կամ միանգամից արցախը կճանաչի, կամ՝ ուղղակի կպարտադրի Արցախի վերադարձը բանակցային սեղան: Եթե այս երկուսը լինեն, գուցե սկսվի ինչ-որ գործընթաց: Արդյոք հավատու՞մ եմ, որ դա 2017-ին կլինի՝ ոչ»:
Ժամանակն էլ պետք է օգտագործել ներքին խնդիրները կարգավորելու, տնտեսությունն ու ժողովրդավարական ինստիտուտները զարգացնելու եւ երկարատեւ պայքարի պատրաստ հասարակություն ձեւավորելու համար՝ հավելեց պատգամավորը՝ որպես ներքին մարտահրավեր հիշատակելով սպասվող խորհրդարանական ընտրությունները:
«Մարտահրավեր է այն իմաստով, որ պետք է ամեն ինչ անենք, որ ընտրությունները լինեն բաց, արդար, մրցակցային, թափանցիկ եւ այնպիսին, որ արդյունքների հանդեպ որեւէ մեկը կասկած չունենա: Թե դրանից հետո ինչ Ազգային ժողով կընտրի մեր հանրությունը, դա արդեն կլինի հանրության ընտրությունը»:
Քանի որ «Ժառանգություն» խմբակցության անդամը կուսակցական չէ, ասաց, որ էթիկայի տեսակետ ճիշտ չի համարում կուսակցության տեսակետներ ներկայացնել ընտրությունների հետ կապված: Որպես անհատ էլ՝ շեշտեց, թե ցանկություն չունի իրեն 2017-ին ձեւավորվելիք խորհրդարանի կազմում տեսնելու:
Մարտահրավերներից մեկը Թեւան Պողոսյանը պայմանավորում է Միջին Արեւելքում տեղի ունեցող զարգացումներով: Մասնավորապես, Սիրիայում դեռ ունենք հայ համայնք եւ պետք է այնպիսի մոտեցումներ զարգացնել, որ անհրաժեշտության դեպքում կարողանանք մեր հայրենակիցներին օգնել:
«Շատ մարդիկ եկել են Հայաստան: Հայաստանում պետք է կարողանանք նրանց տեղայնացնել, որ իրենք հայրենիքը «գտնեն» եւ փորձենք ամեն ինչ անել, որ այստեղ մնան, ոչ թե Հայաստանը, այսպես ասած, օգտագործեն որպես միջին օղակ»:
Պատգամավորի կարծիքով՝ ոչ պակաս կարեւոր են նաեւ Թուրքիայի ներսում տեղի ունեցող զարգացումները: Պիտի հետեւել ուշի ուշով եւ պատրաստ լինել դեմն առնելու ցանկացած այնպիսի զարգացումների, որոնք կարող են վնասել մեր շահերը՝ հավելեց նա: Ըստ Թեւան Պողոսյանի՝ մեկ այլ մարտահրավեր էլ, որ կարող է հաջորդ տարի սրվել, կապված է ամերիկյան նոր ղեկավարության՝ Իրանի հետ միջուկային գործարքը վերանայելու նախընտրական շրջանի խոստման հետ: Եթե հարեւան Իրանի նկատմամբ սանկցիաների թեթեւացումը ավելի խորը տնտեսական համագործակցության հեռանկարներ էր բացել, ապա Թրամփի՝ նախընտրական այդ խոստման կատարման դեպքում կարող են այստեղ շատ խնդիրներ առաջանալ:
Բանախոսն ասաց, թե հույս ունի, որ զարգացումները կտանեն ավելի շուտ Իրանի նկատմամբ սանկցիաների թուլացման, քան խստացման: Թեւան Պողոսյանի գնահատմամբ՝ խնդիրներից մեկն էլ պայմանավորված է ընդհանուր սահման չունեցող միության՝ ԵՏՄ-ին անդամակցությամբ: Եթե մտածում ենք ապագայում մեր տնտեսությանը զարկ տալու մասին, ապա՝ պետք է նաեւ այլընտրանքային ճանապարհներ էլ գտնենք:




