ԿարևորՏնտեսական

Ձեռներեցների կոնֆեդերացիան պահանջում է հարկային համընդհանուր համաներում

Ինչպես հայտնի է՝ կառավարությունը քննարկում է տնտեսվարող որոշ շրջանակների համար համաներում կիրառելու հավանականությունը: ՓՄՁ շահերը պաշտպանող Ձեռներեցների կոնֆեդերացիայի անդամ կազմակերպությունների նախագահները սակայն լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ հայտարարել են, որ իրենք ակցիա են նախաձեռնելու, որպեսզի համաներման գործընթացը տարածվի ամենատարբեր ոլորտների վրա եւ լինի համընդհանուր: Նրանք շեշտել են, որ չեն ցանկանում փողոց դուրս գալ, սակայն, եթե «Համաներման մասին» օրենքը լինի, իրենց կարծիքով, ոչ ամբողջական, ապա՝ չեն բացառում նաեւ փողոց դուրս գալով բողոքի տարբերակը:

 

ՀՀ ՓՄՁ շահերը պաշտպանող ՀԿ-ները, անդրադառնալով կառավարության նախաձեռնությամբ սկսված տնտեսական համաներման գործընթացին, հայտարարեցին, որ պատրաստվում են իրականացնել ակցիա՝ բոլոր ոլորտներում այդ համաներման գործընթացը տարածելու պահանջով։

Փոքր առեւտրի մասին խոսելով՝ Գագիկ Դանիելյանը շեշտեց, թե իրենք ողջունում են համաներում հայտարարելու կառավարության ցանկությունը, սակայն, կարծում են, որ համաներումը պետք է վերաբերվի ոչ թե շատ նեղ շրջանակների, այլ՝ մեծամասնությանը, քանի որ, ըստ նրա, այսօր հարկային, բանկային պարտավորությունների ծանրության բեռի տակ է մեծամասնությունը: Այդ բեռի ու պարտավորությունների պատճառով էլ չեն կարողանում գոյատեւել փոքր ու միջին ձեռներեցները, տաքսիների վարորդները: Նրանք խնդրում են միառժամանակ վարկերի սառեցում:

Փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանն ասաց, թե ինքը հավատով է տրամադրված վերջին բարեփոխումների նկատմամբ, բայց, ապագային հավատով նայելու հույս ու վստահություն դեռ չունի: Կոնկրետ փոխադրողներն այսօր շատ երթուղիներ սպասարկելուց հրաժարվում են, ինչը, նրա պատկերավորմամբ, նշանակում է, որ դանակը ոսկորին է հասել: «Մարդկանց հնարավորություն տվեք՝ մեջքները շտկեն: Ուրիշ բան չենք ուզում»,- ասում է:

Փոխադրող ընկերություններում կուտակվել է վերահսկող-տեսանկարահանող սարքերի արձանագրած խախտումներից առաջացած զգալի գումար, որը վճարելու հնարավորություն չկա եւ այն դարձել է անհուսալի պարտք՝ հավելեց բանախոսը: Իրենք առաջարկում են, որ համաներումը տարածվի նաեւ այս ոլորտում:

Բանախոսները կարծիք հայտնեցին, որ համընդհանուր համաներումը կարող է ինչ- որ բաներ փոխելու հույս առաջացնել, իսկ շատ սահմանափակ թվով սուբյեկտների վրա համաներումը տարածելով՝ կնշանակի, որ փոփոխությունները ոչ լիարժեք են արվում։

Կարդացեք նաև

Back to top button