Հասարակություն

Քյուրաթաղում լավատեսությամբ են նայում ապագային


Հադրութի շրջանի Քյուրաթաղ գյուղում կյանքի որակի բարելավումը դանդաղ ընթացք ունի: Գյուղում կառուցվել է հանդիսությունների սրահ, ունեն դպրոց, որտեղ գործում է նաև նախակրթարանը: Այս ուսումնական տարում  նախակրթարանն ավարտած 11 սան արդեն պատրաստված դարձավ առաջին դասարանցի: Քյուրաթաղում գերակշռում են հին տները: Վթարային է դարձել նախկին ազատամարտիկ Ֆելիքս Նավասարդյանի տունը: Նրա ընտանիքն այժմ ժամանակավորապես ապրում է գյուղի համագյուղացիներից մեկի ազատ տանը, որի բնակիչներն հիմա ապրում են Հադրութ քաղաքում:

 

 

Քյուրաթաղ կամ նախկին Դուդուկչի գյուղում երեխաներն ազատ ժամերին ունեն իրենց սիրելի զբաղմունքը՝ ֆուտբոլ են խաղում և պարտաճանաչորեն մասնակցում թենիսի պարապմունքներին:  Երկու մարզաձևն էլ շատ հոգեհարազատ է ու սիրելի: Պարզապես, ֆուտբոլ խաղում ու դատում են այնքան, որքան տիրապետում են մարզաձևին, իսկ թենիս խաղալ արդեն երեք տարի  սովորում են մարզիչի օգնությամբ: Իհարկե, սպորտով զբաղվում են դասերից ու տնային գործերն ավարտելուց հետո: Քյուրաթաղում երեխաներն էլ իրենց մասն ունեն տնտեսական գործերում:

«Հնդկահավ եմ պահում, մի 50 հատ ունենք, 3  կով ունենք, ոչխարներ, այծեր: Օգնում եմ ծնողներիս»:

Գյուղում զարգացած է անասնապահությունը, անասուն են պահում, բանջարեղեն են աճեցնում ու ապրում: Քյուրաթաղում  կյանքի որակի  բարելավումը դանդաղ ընթացք ունի, սակայն գյուղացիները լավատես են ու  նոր ծնվող երեխայի հետ  կապում են գյուղի ապագան:

Առաջընթացը  տեսնում են  նաև Ստեփանակաերտի համալսարանում սովորող ուսանողների մեջ: Անատոլին 15 տարեկան է, տան կրտսեր զավակը, սվորում է Քյուրաթաղի դպրոցում, քույրն ու եղբայրը ուսանողներ են, քույրը ռուսաց լեզվի մասնագետ է դառնալու, եղբայրը՝ լրագրող: Օգնում է ծնողներին բանջարեղենի մշակման գործում, անտառից փայտ է բերում, այս ամենի հետ մեկտեղ ունի նաև իր հանգստյան օրը, երբ ավագ եղբայրն ու քույրը տանն են լինում:

«Հողը եկամուտ է, բայց բերքը  չենք կարողանում իրացնել»,-ասում է Իննա Նավասարդյանը, եթե վերամշակող ձեռնարկություն լինի, ապա կկարողանան իրենց հողից եկամուտ ստանալ: Իննան ու ազատամարտիկ ամուսինը գյուղում ապրում են ուրիշի տանը, իրենց սեփական տունը վթարային է, ապրել չի լինում:

Քյուրաթաղում նշմարելի են շատ տներ, որոնք հողե, կամ կիր-ավազե շաղախով են կառուցված, պատերազմի հետևանքով տներն ավելի խարխուլ են դարձել: Այդօրինակ տներից է նաև Ֆելիքս Նավասարդյանի հայրական տունը, որտեղ ապրել են:

Ֆելիքս Նավասարդյանը արցախյան պատերազմին մասնակցել է 1989 թվականից մինչև զինադադար՝ 1994թ, իսկ 1996 թվականին զորացրվել է: Կնոջ ու որդու հետ ապրում են ուրիշի տանը. գյուղապետարանի հարևանությամբ: Ավագ որդին տեղափոխվել է Երևան, աշխատում է հյութերի արտադրամասում, աղջիկը նույնպես Հայաստանում է ապրում: Հիմա կրտսեր որդին է հույսը, սակայն տուն չունենալը մեծացնում է գյուղը լքելու և Հայաստան վերաբնակեցվելու հավանականությունը:

«Մենք տուն չունենք, օդից ենք կախված, հող կա, բայց հնարավորություն չունենք տուն կառուցելու, ֆինանսական խնդիրներ ունենք»,-ասում է Իննա Նավասարդյանը:

Խնդրին տեղյակ են համայնքի ղեկավարը, Հադրութի շրջանի վարչակազմի ղեկավարը, սակայն հնարավորություններ չունեն բնակարանով ապահովելու նախկին ազատամարտիկի ընտանիքին:

Վարչակազմի պատասխանը բացասական է, իսկ Ֆելիքս Նավասարդյանի ընտանիքին գյուղում պահելու համար  Քյուրաթաղ համայնքի ղեկավար Ռոման Ղարայանը լավատեսորեն վստահեցրեց՝  խնդրին լուծում կտրվի:

Քյուրաթաղում ապրում է 335 բնակիչ, դպրոցի առաջին դասարանում սովորում է 11 աշակերտ: Երեխեների մեջ շատ են տղաները, այս մասին խոստովանում են հենց երեխաները: 10-րդ դասարանում 3 աշակերտ կա, երեքն էլ՝ տղա:

Ապրիլյան պատերազմի ժամանակ երեխաները հաճախ են կրակոցների ձայներ  լսել, սակայն չեն վախեցել, իրենց խոսքերով՝ խուճապի չեն մատնվել, քանի որ վստահ են եղել, որ Արցախի սահմանները հուսալի ձեռքերում են: Արցախյան պատերազմի ժամանակ գյուղը 10 զոհ է ունեցել:

Կարդացեք նաև

Back to top button