ԿարևորՄիջազգային

ExxonMobil- ի ղեկավարն ու Պուտինի «ընկերը» ԱՄՆ հավանական պետքարտուղար

Միացյալ Նահանգների ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը երկրի առանցքային՝ պետքարտուղարի պաշտոնում առաջադրել է ExxonMobil նավթային հսկայի տնօրենների խորհրդի նախագահ Ռեքս Թիլերսոնին: «Համառությունը, հսկայական փորձն ու աշխարհաքաղաքական ընկալումները նրան դարձնում են լավագույն թեկնածուն պետքարտուղարի պաշտոնի համար: Նա առաջ կմղի տարածաշրջանային կայունությունն ու ուշադրությունը կսևեռի Միացյալ Նահանգների ազգային անվտանգության առանցքային շահերի վրա», Reuters գործակալության փոխանցմամբ՝ նշված է Թրամփի նախընտրական թիմի հայտարարության մեջ: Bloomberg գործակալությունը հղում անելով իր աղբյուրներին գրում է, որ Թիլերոսոնն առաջարկը ընդունել է:

Ռեքս Թիլերսոնը դիվանագիտական և քաղաքական փորձ չունի, սակայն հայտնի է որպես հաջողակ գործարար, ով ղեկավարում է աշխարհի խոշորագույն, առաջատար նավթային մասնավոր ընկերություններից մեկը, ինչն ինքնին ենթադրում է քաղաքական քաջատեղյակություն և լուրջ քաղաքական կապեր: 2016 թվականի դեկտեմբերի տվյալներով՝ ExxonMobil-ի ընդհանուր կապիտալը գնահատվում է 380,17 մլրդ դոլար: Ռեքս Թիլերսոնն ունի բավականին սերտ կապեր Ռուսաստանում և անձամբ նախագահ Պուտինի հետ: Մասնավորապես՝ հայտնի են նրա խոշորագույն նավթային ծրագրերը «Ռոսնեւֆտի» հետ:

Դոնալդ Թրամփը ավելի վաղ Թիլերսոնին անվանել էր համաշխարհային մասշտաբի խաղացող՝ հայտարարելով, որ «Ռուսաստանում խոշորագույն գործարքների կնքումը առավելություն է նրա համար, քանի որ նա լավ գիտի գործող անձանցից շատերին»: Վլադիմիր Պուտինը  2013 թվականին Թիլերսոնին պարգեւատրել է Բարեկամության շքանշան:

Պուտինն ու Թիլերսոնը, ըստ արևմտյան լրատվամիջոցների, ծանոթ են առնվազն 2005 թվականից, հանդիպում են պարբերաբար, վերջին անգամ, ըստ պաշտոնական տեղեկատվության, հանդիպել են այս տարվա հունիսին:

Առաջին հայացքից Մոսկվայի համար, որը Թրամփի ընտրվելուց հետո պարբերաբար հայտարարում է Վաշինգտոնի հետ հարաբերությունները կարգավորելու ցանկության մասին, որքան էլ ցանկալի լինի Թելերսոնի նշանակումը, ակնհայտ է, որ ExxonMobil ղեկավար Թիլերսոնը եւ պետքարտուղար Թիլերսոնը բոլորովին այլ կարգավիճակներ են։ Ի դեպ՝ հենց այս հանգամանքի վրա էր վերջերս ուշադրություն հրավիրել Ռուսաստանի նախագահը։

Թելերսոնի առաջադրումը պետքարտուղարի պաշտոնում դեռ բավական չէ, որ նշանակվի։ Նման նշանակումը ԱՄՆ նախագահը կարող է անել միայն Սենատի համաձայնությամբ։ Թեեւ ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատում այժմ մեծամասնությունը հանրապետականներին է, սակայն իր կուսակցության մեջ Թրամփը ունի լուրջ հակառակորդներ, որոնք ԱՄՆ համար կարեւորագույն այս պաշտոնում ցանկանում են տեսնել քաղաքական հասուն գործչի։

Սենատը Թելերսոնի թեկնածությունը պետք է քննարկի արդեն հունվարի 20- ից՝ Թրամփի նախագահամուտից հետո։

Կարդացեք նաև

Back to top button