Հասարակություն

Ուխտաձորն ու իր աշխատասեր բնակիչները

Հադրութի շրջանը Արցախի հարավային շրջաններից է, որտեղ գտնվում է Ուխտաձոր գյուղը: Տեղացիներն ամուր են կանգնած իրենց հողին, աշխատում ու ապրում են գյուղում: Ծնունդների թիվն ավելանում է: Ուխտաձորում գերակշռող են անտառային հողերը, սեփականաշնորհված հողերը հացահատիկի արտեր են, տնամերձ  հողամասերում էլ բանջարեղեն են մշակում: Գյուղում չկա ոռոգման ջուր: Հողերը մշակվում են խմելու ջրով:  

 

Ուխտաձոր գյուղը Արցախի հարավ-արևելյան մասում է, Հադրութի շրջանում:  Այս գյուղից բնակիչները չեն հեռանում, գյուղի փողոցներում կարելի է հանդիպել  երիտասարդների, երեխաների,  միջին ու ավագ տարիքի մարդկանց: Նրանք ապրում ու արարում են հարազատ գյուղում: Ուխտաձորում բնակչության թիվը տարեցտարի ավելանում է: Համայնքում  անցած տարի ծնվել է 5 երեխա, այս տարի 7:

Համայնքի ղեկավար Աբրիկ Բազյանն ասաց, որ գյուղն ունի 315 բնակիչ, բոլորն էլ ապահոված են հողամասով: 924 հա ընդհանուր վարչական տարածքից 720 հա-ից ավելին գյուղատնտեսական նշանակության հողեր են, որից 366 հա-ը՝ վարելահող,  մեծ մասն էլ՝ գետեր, անտառներ, արոտավայրեր, ճանապարհներ:  «Յուրաքանչյուր ընտանիք ապահովված է հողամասով, մեկ շնչին՝ 6000 քմ հող է հատկացվել: Աճող ընտանիքներին մենք կարող ենք հողամաս հատկացնել : Հողեր շատ ունենք«,- ասում է համայնքի ղեկավար Աբրիկ Բազյանը:

Պահուստային ֆոնդում 25 հա հող կա։ Տնամերձ հողամասերում մշակում են բանջարեղեն, վարելահողերում՝ հացահատիկ: Իրենց մշակածը բավարարում է տնտեսության համար, շուկա չեն գնում՝ հացն էլ, սնունդն էլ տանից է:

Ուխտաձորում ոռոգման ջուր չկա,  հողերը մշակում են բնական աղբյուրից հոսող  խմելու ջրով: Գյուղում խմելու ջուրն ամբարվում է և մատակարարվում բնակչությանը  օրը 2 անգամ:

Ուխտաձորում բացի գյուղատնտեսությունից տեղացիները զբաղվում են նաև անասնապահությամբ: Համայնքի ղեկավարը նշեց, որ համայնքում հաշվառված է մոտ 150 գլուխ  խոշոր եղջերավոր,  550  գլուխ՝ մանր անասուն,  1300  թև թռչուն, 100  գլուխ խոզ: Լեռնային շրջանի բնակիչները պահում են նաև ձիեր ու ավանակներ, դրանք իրենց փոխադրման հիմնական և հուսալի միջոցներն են՝ հատկապես անտառից խոտն ու փայտը  տուն հասցնելու համար: Չորքոտանի փոխադրամիջոցների թիվը մոտ 40 է:

Տեղացիներն այլ զբաղմունք էլ ունեն,  երիտասարդների մի մասն աշխատում է ենթակառուցվածքային հիմնարկներում, մյուս մասը պայմանագրային զինծառայող է: 24-ամյա Սևակն արդեն 3 տարի ծառայում է Հայաստանի սահմանապահ զորքերում, Հորադիսի դիրքերն է պահում: «15 օր աշխատում եմ, 15 օր տանը մնում և զբաղվում հողագործությամբ: Անտառ ենք գնում, խոտ ու փայտ բերում, ձմռանը պատրաստվում»,- ասում է:

Գյուղում կա նաև փրկարարական ծառայություն, որտեղ աշխատում է 7 փրկարար, 35 մարդու զբաղվածություն է ապահովում Ուխտաձորի դպրոցը, որտեղ սովորում է 48 աշակերտ: Մանկապարտեզ չունեն, բայց  նախադպրոցական տարիքի 14 երեխա  հաճախում է  դպրոցի նախակրթական խմբակ:

Արցախյան պատերազմի ժամանակ բազմաթիվ զրկանքներ կրած ուխտաձորցին ամուր է կանգնած իր հողին: Արցախյան պատերազմին տվել է 18 զոհ, նրանց հիշատակին կառուցվել է պուրակ:

Ամռանը աշխատում են, ապրուստ ստեղծում, իսկ ձմռանը՝ վայելում:

Կարդացեք նաև

Back to top button