

Ամանորի ու Սուրբծննդյան տոները ենթադրում են ոչ միայն ուրախ շփումներ, կերուխում և նվերներ, այլ՝ նաև սթրես։ Դա պայմանավորված է ժամանակի սղությամբ, փողի պակասով ու կարճ ժամանակում շատ նվերներ գնելու անհրաժեշտությամբ։ Ամերիկացի հոգեբաններն ասում են, որ ամանորյա սթրեսի զոհ են դառնում հատկապես կանայք, քանի որ հենց նրանք են իրենց ուսերին կրում Ամանորի ծանր եռուզեռը։
Նախատոնական գնումների շրջանում պետք է զգոն եւ զգույշ լինել՝ այսօր հայտարարել է Սպառողների միության նախագահը: Արմեն Պողոսյանը նկատել է, որ այս տարի ամանորյա թանկացումները բավականին մեղմ են նախորդ տարիների համեմատ, ընդհանուր առմամբ՝ դեռ եռուզեռը չի սկսվել, բայց սննդային ակցիաներն արդեն սկսվել են, զուգահեռ շատացել են սպառողների բողոքները՝ խանութներում։ «Գնանկման» անվան տակ անորակ կամ վերամշակված սնունդ է վաճառվում՝ լրագրողներին հայտնեց «Սպառողների ասոցիացիայի» նախագահ Արմեն Պողոսյանը:
Սպառողների պաշտպանն առայժմ անուններ չի տալիս, դեպքերը փաստերով ապացուցելու կարիք կա: Ասվածն առնչվում է ձկնկիթին եւ պանրին: <<Պանիրն էժանացրել են, բայց երեւում է, որ վերամշակված է: Երեւույթը, որպես կանոն, տոներից առաջ նկատվում է, երբ առեւտուրը շատանում է>>,- ընդգծեց Պողոսյանը։
Սպառողների միության նախագահն ակնկալում է ամրապնդել սպառող-վերահսկող-արտադրող կապը, այլապես խնդիրների լուծումները տեսականից գործնականի չեն վերածվի: Այդուամենայնիվ, արդյո՞ք այսօր վստահելի է մեր շուկան։ Սեփական հարցին Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը սեփական պատասխանն ունի` իհարկե՝ ոչ: Ըստ Պողոսյանի՝ նվազել է նաև սպառողների գնողունակությունը, ուստի երբեմն բարձր որակը ստորադասվում է ցածր գնին:
Իհարկե, տարիներն ինչ-որ առումով շտկել են իրավիճակը, սպառողներն սկսել են ուշադրություն դարձնել ժամկետներին, պարունակությանը, որակին, սակայն դեռ սպառողական կրթական մակարդակը բավարար չէ, որ մարդիկ հասկանան` իրենք վճարում են, իրենք էլ այս շուկայի տերն են: Այսօր խնդիրը նաեւ պահպանությանն է վերաբերում: <<Սննդային խանգարումների 90%-ը կապված է ոչ թե սննդի որակի, այլ դրա ոչ ճիշտ պահպանման եւ տեղափոխման հետ>>,- շեշտեց Սպառողների միության նախագահը եւ խորհուրդ տվեց հետեւել պահպանման կանոններին:
Վերջում Սպառողների միության նախագահը հորդորեց՝ Ամանորը դիտարկել ոչ թե նյութական առումով` այն վերածելով հոգսի, այլ բարոյական առումով՝ որպես հրաշք տոն:




