Հասարակություն

Գորիսում, ինչպես` ողջ հանրապետությունում. գործազրկության դեմքը

<<1200 գործազուրկ, շուրջ 63 տոկոսը՝ կանայք են, ցանկում գերակշռում են 25-40 տարեկանները>>. Գորիսի գործազրկության պատկերն է ներկայացնում տեղի Զբաղվածության կենտրոնի ղեկավար Վարուժան Գալստյանը: Ինչպես հանրապետության բոլոր շրջաններում՝ գործազրկության պատկերը մեղմելու համար այստեղ էլ իրականացվում են ծրագրեր, որոնցից մի մասն արդյունավետ են համարում, մի մասը՝ ոչ այնքան։

Կենտրոնն իրականացնում է նաև վերապատրաստման և ուսուցողական ծրագրեր: Ըստ կենտրոնի ղեկավարի՝ ուսումնական ծրագրերը կազմակերպելիս հաշվի է առնվում տվյալ տարածաշրջանում մասնագիտական պահանջարկը: Կարճ ասած՝ մասնագիտական ցանկը տվյալ դեպքում որոշում է աշխատանքային շուկան։

Գորիսում այսօր առավել պահանջված են սպասարկման ոլորտի մասնագետները: <<Վերջին տարիներին քաղաքում կառուցվել են մեծ թվով հյուրանոցներ, աշխատողների կարիք կա>>,-ասում է Զբաղվածության կենտրոնի ղեկավարը՝ միաժամանակ նշում, որ Գորիսում քիչ չեն նաև արտագնա աշխատանքի մեկնողները, որոնց մեջ նաև բարձրագույն կրթություն ստացած գորիսեցիներն են: Աշխատանք գտնելու համար դիպլոմը շատ քիչ է՝ ասում է նա։

Գորիսում մի քանի ուսումնական հաստատություններ կան, որոնց շրջանավարտներն ամեն տարի համալրում են բարձրագույն կրթությամբ գործազուրկների թիվը: Կրթություն-աշխատաշուկա անհամաչափությունն ինչպես ողջ հանրապետությունում, այստեղ էլ առկա է։

Կարդացեք նաև

Back to top button