
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի եւ Հայաստանի ՄԽ եռանախագահների հետ համատեղ ջանքեր է ներդնելու խնդրի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ՝ այսօր Համբուրգում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։
Անդրադառնալով հետաքննության մեխանիզմների ներդրման խնդրին՝ Նալբանդյանը շեշտել է, որ պետք է վերացվեն խոչընդոտները։ Նախարարը նշել է, որ դիտորդների թվի ավելացումը շատ բան չի կարող փոխել, բայց դա կարող է խորհրդանշանակ քայլ լինել առաջ ընթանալու համար։ Ըստ Նալբանդյանի՝ խոսքը ոչ միայն հետաքննության մեխանիզմների ներդրումն է, այլ այն, որ դա կարող է զսպիչ ազդեցություն ունենալ։
Այսօր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մամուլի ասուլիսում նշել էր, որ ԵԱՀԿ դիտորդական առաքելության թվի ավելացման շուրջ կա փոխհամաձայնություն, բայց համաձայնություն չկա նրանց տեղակայման հարցում։
Հայաստանի արտգործնախարարը նշել է, որ Ադրբեջանը համաձայնելով դիտորդների թվի ավելացմանը՝ ասենք, 7- ով, միաժամանակ նշում է, որ դրանք չեն կարող տեղակայվել շփման գծում։ «Ասում են, որ նրանք լինեն Բաքվում, Երեւանում եւ Թբիլիսիում ու երբ հարկ լինի՝ Ադրբեջանից թույլտվություն խնդրեն՝ շփման գծում դիտարկում անցկացնելու համար»,- Ադրբեջանի դիրքորոշումը ներկայացրեց Նալբանդյանը։
Հայաստանի արտգործնախարարը նշում է, որ այսպիսով Բաքուն իրեն փակուղու մեջ է դնում՝ ապրելով «ծուռ հայելիների թագավորությունում»։
Էդվարդ Նալբանդյանը եւս մեկ անգամ շեշտում է, որ պետք է կատարվեն Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, պահպանվի 1994 95 թվականների հրադադարի համաձայնագրերի հանձնառությունները։




