
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան
Մարտիրոսյանը Մոսկվայում մասնակցել է Ասիայի և Խաղաղօվկիանոսյան երկրների
տրանսպորտի նախարարների համաժողովի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի
3-րդ նստաշրջանի աշխատանքներին։
Նստաշրջանում ունեցած իր ելույթում Վահան Մարտիրոսյանն անդրադարձել է
կայուն տրանսպորտի զարգացմանը, ավտոմոբիլային և երկաթուղային
ճանապարհաշինությանը, «Հյուսիս-հարավ» մայրուղու շինարարությանը,
մուլտիմոդալ բեռնափոխադրումներին և մի շարք այլ օրախնդիր հարցերի։
Նախարարը հատկապես կարևորել է երթևեկության անվտանգության բարձրացմանը
վերաբերող հարցերը։
«Մենք առանձնակի նշանակություն ենք տալիս ճանապարհային երթևեկության
անվտանգության բարձրացմանը, մասնավորապես, անվտանգության կառավարումն
ուժեղացնելուն և օրենսդրական բարեփոխումներին, միջազգային ավտոմոբիլային և
երկաթուղային փոխադրումների ընթացակարգերի պարզեցմանը,
Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում տրանսպորտային փոխկապակցվածության
ամրապնդմանը»,- ասել է նախարար Վահան Մարտիրոսյանը։
Նստաշրջանի ընթացքում քննարկումներ են ծավալվել Ասիա-խաղաղօվկիանոսյան
տարածաշրջանում կայուն տրանսպորտային կապի, տրանսպորտի զարգացման մասին
նախարարների դեկլարացիայի և տրանսպորտի զարգացմանն առնչվող
գործողությունների տարածաշրջանային ծրագրի հաստատման վերաբերյալ:




