

1988-թ ավերիչ երկրաշարժից հետո շատերի մոտ սկսեցին հարցեր առաջանալ, թե որքանով են անվտանգ այն բնակելի շենքերը, որտեղ մենք ապրում ենք, որքանով են անվտանգ երկրաշարժից հետո կառուցված շինությունները՝ նորակառույցները։ Վերջին տարիներին կառուցվող շենքերն արդեն լիովին համապատասխանում են սեյսմիկ չափանիշերին և անվտանգ են՝ լրագրողների հետ զրույցում վստահեցրել է ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը: Նորակառույց շենքերի սեյսմակայունության առումով կասկածներ չունի նաև «Հայնախագիծ» ընկերության տնօրեն Գրիգոր Ազիզյանը, ով «Ռադիոլուրի» հետ զրույցում հայտնել է՝ նորմերին համապատասխանում են ոչ միայն մայրաքաղաքում, այլև մարզերում կառուցված նոր շինությունները:
1988թ: Դեկտեմբերի 7: Ավերիչ երկրաշարժն ընդգրկեց 30.000 քառակուսի կիլոմետր տարածք. ստորգետնյա ցնցումները զգացվեցին Երևանում և Թբիլիսիում: Սպիտակում երկրաշարժի ուժգնությունը 10 բալ էր, Լենինականում` 9, Կիրովականում` 8: Սպիտակ քաղաքն ավերվել էր հիմնովին: Այդ երկրաշարժի հետեւանքներն զգում ենք մինչեւ այսօր: Հոգեբանները փաստում են. երկրաշարժի պես աղետը ուժեղ սթրես է ցանկացած մարդու համար, առավել ևս նրանց, ովքեր հայտնվել են աղետի էպիկենտրոնում։ Վախն ու ապրումները կարող են ուղեկցել նրանց ողջ կյանքի ընթացքում:
Իսկ սեյսմիկ անվտանգության մասնագետները վկայում են, որ երկրաշարժեր միշտ էլ եղել են, կան և կլինեն, ոչ ոք չի կարող դիմակայել դրանց, պարզապես անհրաժեշտ են միջոցառումներ՝ մեծ ավերածություններից խուսափելու համար: Խորհրդային տարիներին կառուցվում էին շենքեր, որոնցում թերագնահատված էր սեյսմիկ անվտանգությունը: Արդյունքում՝ ունեցանք 88 թվականի աղետը: Աղետ, որը շատ կարևոր դասեր տվեց ոչ միայն մեզ, այլև ամբողջ աշխարհին՝ լրագրողների հետ զրույցում նկատեց ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը:
Եթե առաջ օգնություն ներմուծող երկիր էինք, ապա այժմ դարձել ենք օգնություն արտահանող: Սպիտակի երկրաշարժից հետո վերանայվեցին նաև շինարարության սեյսմիկ նորմերը, Հայաստանի շինարարության սեյսմիկ նորմերը լուրջ փորձաքննություն անցան: Նոր շենքերի սեյսմակայությունը նախատեսված է նվազագույնը 9 բալ երկրաշարժերի համար: Ծրագրեր են մշակվում հին շենքերն ամրացնելու ուղղությամբ, առաջնային են համարվում դպրոցները, մանկապարտեզները, հիվանդանոցներն ու կառավարման շենքերը: Զարգացած երկրներում երկրաշարժերից ունենում են ֆինանսական կորուստներ, իսկ աղքատ ու նոր զարգացողներում՝ մարդկային:
Այն, որ նորակառույց շենքերը լիովին անվտանգ են և սեյսմակայուն, կասկած չունի նաև «Հայնախագիծ» ընկերության տնօրեն Գրիգոր Ազիզյանը: Սակայն, ինչպես բոլոր բնագավառներում, այստեղ ևս սխալներն անխուսափելի են, «Ռադիլուրի» հետ զրույցում նկատեց մասնագետը:
Այսպիսով՝ Գրիգոր Ազիզյանը վստահությամբ փաստում է, որ մեր նախագծողներն այսօր լիովին տիրապետում են նոր տեխնոլոգիաներին և նոր նորմերին, որոնք թույլ են տալիս լավ և սեյսմակայուն շենքեր նախագծել, իսկ շինարարներն ունեն բոլոր ռեսուրսները պինդ և ապահով շենքեր կառուցելու համար, լինի դա դպրոց, թե բարձրահարկ շենք:




