

Եղանակն այնքան էլ բարեհաճ չէ, սակայն տվյալ տարածքի համար սովորական եղանակային պայմաններ են: Մեզ ուղեկցող սպան հավաստիացնում է, մառախուղը մի կողմից էլ լավ՝ հակառակորդի համար տեսանելի հատվածներում մեր անվտանգ տեղաշարժն է ապահովում: Խորդուբորդ ճանապարհն հաղթահարելուց հետո հասնում ենք դիրքեր։ Հենց այստեղ միանգամից փոխվում է տրամադրությունդ, մոռանում ես ճանապարհի դժվարությունների մասին. նախ՝ դիրքին մոտենալիս իրենց համար անսովոր մեր աշխուժությանը միանգամից արձագանքեցին շներն ու հաչոցով դիմավորեցին մեզ:
Հետո համակերպվում են դիրքեր այցելած հյուրերիս հետ, իսկ զինվորները կատակում՝ քաղաքացիական հագուստով այսքան մարդ չէին տեսել։ Ինչպես է անցել գիշերը՝ հարցնում եմ՝ սկսելով զրույցը։ Դիտակետում պայմանագրային զինծառայողներից մեկն արձագանքում է՝ այս պահին վիճակը հանգիստ է:
Զորամասի հրամանատար գնդապետ Սողոմոն Խաչատրյանը ներկայացնում է դիրքի ինժեներական եւ նյութատեխնիկական կահավորվածությունըˋ վստահեցնում, որ յուրաքանչյուր պահի բոլոր դիրքերը պատրաստ են մարտի: Իսկ զորամասի հրամանատարի տեղակալ Արշալույս Չոբանյան էլ ասում է, որ ցանկացած դիրք ապահովված է գիշերային տեսանելիության սարքերով, ինչն առավել հեշտացնում է գիշերային ժամերի հերթապահությունըˋ զինծառայողի կողմից վերահսկելի դարձնելով տարածքը:
Նկատենք, որ հայկական բանակն աստիճանաբար համալրվում է պայմանագրային զինծառայողներով: Տավուշի մարզի այն սահմանապահ դիրքում, որտեղ եղավ «Ռադիոլուրը», պայմանագրային զինծառայողներն էին: Խաշթառակ գյուղի բնակիչ, սերժանտ Սուրեն Խանումյանը երեք որդիների հայր է: Ասում է, որ սահմանամերձ գյուղում սեփական ընտանիքի անվտանգությունն անձամբ է ապահովում:
Իջևանի բնակիչ կապիտան Հրայր Խաչատրյանն ամսվա կեսն անցկացնում է ընտանիքից ու հարազատներից հեռու՝ հայրենիքի սահմանին: Մեծացել է զինվորականի ընտանիքում և իր ընտրությամբ ու գիտակցաբար է շարունակում հոր գործը: Իսկ Ռոբերտ Աղամյան էլ Բերքաբեր գյուղից է ու, ինչպես ինքն է նշում, եթե ոչ ինքը, ապա էլ ով պետք է պահի սահմանը։ Դիմացը թշնամին է, թիկունքում՝ հայրենի գյուղն ու հարազատները:
Դիրքում շրջելուց հետո գալիս ենք գետնատնակ։ Սերժանտ Սուրեն Խանումյանի հետ մտնում ենք խոհանոց:
Մինչ դիրքերից իջնելը զրուցում ենք ՊՆ 3-րդ բանակային զորամիավորման հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ, գնդապետ Հայկ Պետրոսյանի հետ: Հրամանատարն ասում է, որ հակառակորդը ծանր զենքի կիրառմամբ հիմնականում թիրախավորում է սահմանամերձ բնակավայրերըˋ նպատակ ունենալով խոչընդոտել գարնանային կամ աշնանային գյուղատնտեսական աշխատանքներինˋ այդ կերպ ահաբեկելով խաղաղ բնակչությանը: Իսկ հայկական կողմը հակառակորդի կրակոցներին արձագանքում է բացառիկ դեպքերում, երբ դրանք ուղղված են լինում մեր խաղաղ բնակավայրերին։
Մենք խաղաղ ու անվտանգ ծառայություն ենք մաղթում մեր զինվորներին ու հրաժեշտ տալիս։ Հենց այդ պահին զինծառայողներից մեկը ասում է՝ դեկտեմբերի 20-ից հետո տոնական զարդարելու ենք տարածքըˋ չշեղվելով ծառայությունից։ Հակառակորդին էլ ստիպելու են, որ չակտիվանան։




