

88-ի ավերիչ երկրաշարժից 28 տարի անց՝ Գյումրին իր հին վերքերով, փոքրիկ գյումրեցու նոր հայացքով ու ցավի դեմ մաքառելու լավագույն դեղամիջոց դարձած սև ու սպիտակ հումորով: Գյումրիի մասին պատմող այս նյութը «Ռադիոլուր»-ը պատրաստվել է քաղաքի «Սլաբոտկա» կոչվող թաղամասում, որտեղ գտնվում է Գյումրիի մշակութային խորհրդանիշներից մեկը՝ «Մեր մանկության տանգոն» ֆիլմից հայտնի շենքն իր՝ վառեմ-մարեմի բալկոնով: Տեղացիների բառապաշարում հենց այսպել էլ կոչվում է Սիրանույշի ու Ռուբենի պատմական պատշգամբը, որտեղից էլ այսօր փորձելու ենք հետևել քաղաքի անցուդարձին։
Աշխատատեղերի բացակայություն, սոցիալական ամենատարբեր խնդիրներ, երկրաշարժի դեռ չջնջված հետքեր: Այս ամենով հանդերձ Գյումրին համառորեն պայքարում ու շարունակում է պահպանել մշակութային քաղաքի իր տիտղոսն ու խիստ ինքնատիպ դիմագիծը:
Գյումրիի մասին պատմող այս նյութը պատրաստվել է քաղաքի «Սլաբոտկա» կոչվող թաղամասում, որտեղ գտնվում է քաղաքի մշակութային խորհրդանիշներից մեկը՝ «Մեր մանկության տանգոն» ֆիլմից հայտնի շենքն իր՝ վառեմ-մարեմի բալկոնով: Գյումրեցիներնը հենց այսպես են կոչում այն պատշգամբը, որտեղ նկարահանվել է ֆիլմի ամենահիշարժան դրվագներից մեկը: Փաստ, որով առ այսօր հպարտանում են գյումրեցիները, մասնավորապես Սլաբոտկայի բնակիչները՝ մեծից փոքր:
«Չնայած սոցիալական դժվարություններին, ցանկացողը կարողանում է գտնել այն տարածքը, որտեղ բավարարում է իր մշակութային քաղցը»: Աննման Մինասյանն է զրուցակիցս, ում բնորոշմամբ Գյումրիում կա երկու իրականություն, որոնք մշտապես քայլում են կողք կողքի՝
Աննման Մինասյան «Մշակութային կյանքը կա, միշտ էլ եղել է ու երբեք էլ չի քնել, պարզապես երկու շերտերը մշտապես հավասար քայլում են կողք կողքի: Կա մի խավ, որը մշտապես սոցիալականի մասին է մտածելու, կա խավ, որը ի հեճուկս բոլոր դժվարությունների, փորձում է մշակութային միջավայրում ապրել»:
Կողք կողքի քայլող երկու իրականություն, ասվածը փաստում են նաև գյումրեցի Ռիմա Վարդևանյանի խոսքերը.«կյանքը Գյումրիում շատ վատ է, բայց ես լավին կհավատամ»,-ասում է գյումրեցի կինը։
Գյումրիում բարձրացել է սերունդ, որի համար 88-ի երկրաշարժը միայն ծնողներից, տատիկից ու պապիկից լսած պատմություն է: Նրանց լսելով ակամա մտածում ես՝ միթե այսքան ժամանակ է անցել: Զարմանք են առաջացնում նաև երեխաների որոշ մեկնաբանություններ։
«Երկրաշարժի մասին լսել չեմ սիրում, որովհետև չափազանց տխուր են այդ պատմությունները»,-ասում է 8-րդ դասարանցի Սրբուհին, ում ավելի շատ Գյումրիի այսօրն ու վաղն է հետաքրքրում: Ուզում է տեսնել բարեկարգ փողոցներ, շենքեր, որոնք ոչ թե երկրաշարժի ծանր պատկերները կհիշեցնեն, այլ նախաերկրաշարժյան Գյումրին՝ իր գեղեցիկ ու չկրկնվող կոլորիտով: Հին Գյումրիի մասին պատկերացում կազմելու համար շատերն այցելում են Կումայրիի, բայց գեղագիտական լիրաժեք հաճույք այստեղ դժվար է ստանալ, ավերվող թաղամասի ուրվականը հակառակ զգացողությունն է առաջացնում։
Ավերված քաղաքի ուրվական հիշեցնող Կումայրիում նոր սերունդն, այնուամենայնիվ, նոր հայացքով է նայում կյանքին: Նրանց լուսավոր ու լավատես հայացքը հայտանաբերում եմ պատասխաններում, երբ առաջարկում եմ շատ կարճ, ընդամենը մի քանի բառով ներկայացնել իրենց հարազատ քաղաքը՝ Գյումրին:
«Միայն այն փաստը, որ այստեղ ապրել է Ֆրունզիկը, արդեն բավական է, Գյումրիում ապրում են աշխարհի ամենաուժեղ մարդիկ ու մեր պարծանք չեմպիոնները: Գյումրին հումորի միջազգային կենտրոնն է»,-խոսելու միմյանց հերթը խլելով ասում են գյումրեցի մանուկներն ու հավելում՝ հըմի կըսեք, թե գյումրեցիք էլի գլուխ կգովին: Գլուխ ունինք կգովինք, հըբը ինչ ընինք։




