Երիտասարդական պալատի ճակատագիրը


Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»
Երիտասդարդական պալատի շենքը նախագծվել է 1970- ական թվականներին և շահագործման հանձնվել 1979-ին: Սակայն մշակութային կոթող համարվող կառույցն արդեն մի քանի տարի է քանդված։ «Կառույցը սեփականաշնորհվեց և որոշվեց, որ դա սեփականատիրոջ պահանջներին չի համապատասխանում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Հրաչիկ Պողոսյանը:
Էդվարդ Ավետիսյանը, ով գնել էր 4 հա տարածքը և Երիտասարդական պալատը, ըստ մամուլի տեղեկությունների 700 հազար դոլարով, ասում էր, որ բարձրակարգ հյուրանոց է ուզում կառուցել։
Հրաչիկ Պողոսյանի խոսքով՝ կառույցի պատասխանատուները փաստաթուղթ ձևակերպեցին` ըստ որի, կառույցը վթարային է և պետք է քանդվի:
Մինչ այսօր ապամոնտաժված շնեքի փոխարեն ոչինչ չի կառուցվել։ Հայտարարվեց մրցույթ, մասնակցեցին բազմաթիվ մարդիկ՝ և’ արտասահմանից, և’ Հայաստանից: Մրցույթը 2-րդ փուլում շահեց մի ճապոնացի ճարտարապետ, ներկայացրեց նախագիծ, սակայն դրա ճակատագիրն անհայտ մնաց։ Հին կառույցի համահեղինակը չգիտի, թե ինչ է կառուցվելու, սակայն զարմանում է հանրության համբերության վրա:
Անդրադառնալով գալիք նախագահական ընտրություններին` ճարտարապետը նշեց, որ դժվար աշխատանք է սպասվում ապագա նախագահին, քանի որ պետության առջև ծառացել են բազմաթիվ մարտահրավերներ: Հրաչիկ Պողոսյանը զարմանալի համարեց անփորձ թեկնածուների առաջադրումը։