

\Անհատական տվյալների ուժեղ պաշտպանության համակարգ ունենալու խնդիրն այսօր առնչվում է թվային տեխնոլոգիաների հետ: Այսինքն` որքան զարգանում են թվային տեխնոլոգիաները, այնքան ավելի է շատանում անհատական տվյալների պաշտպանության ուժեղ համակարգի առկայության պահանջը: Այսօր Հայաստանի եւ Վրաստանի մասնագետների եւ համապատասխան շահագրգիռ հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ կազմակերպվել էր քննարկում՝ <<Անձնական տվյալների պաշտպանությունը Հայաստանում եւ Վրաստանում. Մարտահրավերներ եւ գործողությունների գերակա ուղղություններ>> թեմայով:
Որքանո՞վ են պաշտպանված այսօր Հայաստանում անձնական տվյալները։ Այս տարի Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի կողմից անցկացված հարցման արդյունքների համաձայն՝ քաղաքացիների 61 տոկոսն ընդհանրապես տեղյակ չէ, որ ինքն իրավունք ունի դիմելու պետական կամ մասնավոր կազմակերպությանը և ստանալու իր մասին պահվող տվյալները: Քաղաքացիների 46 տոկոսին էլ ընդհանրապես չի մտահոգում, որ պետական կամ մասնավոր կազմակերպությունները մշակում, պահում են իրենց մասին անձնական տվյալներ:
Հարցումները ցույց են տվել, որ խնդիր կա նաև սոցիալական ցանցերի հետ կապված: Մասնավորապես, հարցման մասնակիցների 21 տոկոսը նշել է, որ սոցիալական ցանցերում իր նկարները բաց է էջի յուրաքանչյուր այցելուի համար: Կարելի է ասել, որ նեղ անձնական լուսանկարները մատչելի են բոլորին, ու յուրաքանչյուր անձ կարող է դրանք օգտագործել ցանկացած այլ նպատակով, ինչը վտանգում է քաղաքացիների անհատական տվյալների պաշտպանությունը։ <<Հարկավոր է բարձրացնել մարդկանց իրազեկվածությունը>>,- նշեց արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Շուշան Դոյդոյանը՝ շարունակելով, որ մեկ տարի գործող գործակալությունը երեք հիմնական ոլորտ է առայժմ առաջնահերթ համարում ՝ տեսանկարահանում, կոմերցիոն հաղորդագրություններ, երեխաների անձնական տվյալների պաշտպանություն:
<<Տեսանկարահանման հարցում մշակվել է համապարփակ ուղեցույց, որի դրույթներին պետք է ուշադրություն դարձնի յուրաքանչյուր անձ>>,- տեղեկացրեց գործակալության պետը: Իսկ ամենակարևոր համարվող ոլորտներից՝ անչափահասների անձնական տվյալների պաշտպանությունն է՝ <<մեր երկրի, ժողովրդի համար ռազմավարական, ազգային անվտանգության խնդիր է>>՝ ընդգծեց գործակալության պետը:
Այժմ կոմերցիոն հաղորդագրությունների տարածման մասին, որն օգտագործում են առեւտրային կազմակերպությունները: Մարդ իր բջջային հեռախոսին չպետք է ստանա առևտրային բնույթի հաղորդագրություն, եթե չի տվել իր համաձայնությունը: Իսկ եթե անգամ տվել է՝ պետք է հնարավորություն ունենա հետ այն՝ բաժանորդի իրավունքը պաշտպանելով՝ նշում է Շուշան Դոյդոյանը։
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը տեղեկատվական տեխնոլոգիաների լայնորեն ներդրման պայմաններում անձնական տվյալների պաշտպանությունն էլ ավելի լուրջ խնդիր է համարում: <<Ինտերնետում գրեթե անվերահսկելի վիճակ է, բաց, անվերահսկելի տարածություն, բայց պետությունը առհասարակ պետք է հոգ տանի անձնական տվյալների գաղտնիությունը պաշտպանելու, անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը պաշտպանելու համար՝ ընդգծեց Մելիքյանը:
Հանդիպմանը ներկա Վրաստանի անձնական տվյալների պաշտպանության տեսուչ Թամար Կալդանին նշեց, որ խնդիրները գրեթե նույն են, ինչ Հայաստանում, եւ ԵՄ ասոցացման համաձայնագրի շրջանակում ձեւավորված իրենց տեսչությունն այսօր պարտավորվում է պաշտպանել, ինչպես նաեւ բարձրացնել հասարակության իրազեկվածությունը անհատական տվյալների օգտագործման եւ տարածման գործում, որը շարունակական աշխատանք է։
Նշենք, որ քննարկումը կազմակերպել էին Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպությունը:




