Հասարակություն

Թ՛ե խնդիրները, թե՛ դրանց լուծման եղանակները՝ խոշտանգումների կանխարգելման փորձագիտական խորհրդի ընդլայնված նիստում

karenghazaryan

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին առընթեր Խոշտանգումների կանխարգելման փորձագիտական խորհրդի ընդլայնված նիստում այսօր ներկայացվել են վիճակագրական տվյալներ, որոնք հիմնված են ՄԻՊ-ի վերլուծությունների վրա: Քննարկումների նպատակն այն է, որ խնդրի հետ կապված վեր հանվեն այնպիսի հարցեր, որոնք հասունացել են եւ ստանալու են օրենսդրական լուծումներ: Խոսքն, օրինակ, պայմանական վաղաժամկետ ազատման, քրեակատարողական հիմնարկներում բժշկական ծառայությունների մատուցման եւ նմանօրինակ այլ խնդիրների մասին է, որոնց լուծման ուղղությամբ պետք է ձեւակերպվեն հստակ առաջարկներ եւ ներկայացվեն արդարադատության նախարարությանը՝ օրենսդրական ամրագրման համար: Արդարադատության նախարարությունում հույս ունեն, որ, օրինակ, պայմանական վաղաժամկետ ազատման հետ կապված խնդիրների վերաբերյալ քննարկումների արդյունքում արված եզրահանգումների հիման վրա շատ կարճ ժամկետում լուծումները կներկայացվեն արդեն կառավարության հաստատմանը:

Քրեակատարողական հիմնարկներում մոնիթորինգ իրականացվում է միանգամայն հավասարության սկզբունքով եւ նշանակություն չունի, թե ինչ հանցագործության համար է անձը դատապարտված: Պահման պայմանները պետք է լինեն նույնը: Այսօր ի պատասխան լրագրողների հարցադրումների՝ շեշտեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

«Կարեւոր դերակատարություն ունեն թե հատուկ քննչական ծառայությունը, թե Քննչական կոմիտեն, թե նաեւ Դատախազությունը՝ որպես հսկող մարմին, որովհետեւ միջազգային կազմակերպությունների զեկույցներում էլ հենց կարեւորվում է դատախազության դերը, որը պետք է վեր հանի համակարգային հարցերը եւ նաեւ հսկողական գործառույթի միջոցով դրանց վերացնելուն նպաստի»:

Թ՛ե խնդիրները, թե՛ դրանց լուծման եղանակներն էին ՄԻՊ-ին առընթեր խոշտանգումների կանխարգելման փորձագիտական խորհրդի այսօրվա ընդլայնված նիստի քննարկման առանցքում: Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանի խոսքով՝ նախարարությունն այդ հարցերի վերաբերյալ արդեն ունի պատրաստի լուծումներ: Օրինակ՝ քրեակատարողական հիմնարկներում բժշկական ծառայությունների բարելավման, մահվան դեպքերին առնչվող հարցերի հետ կապված մշակված հայեցակարգն արդեն կառավարությունում նախնական քննարկվել է:

« Բժշկական ծառայությունների արդիականացման ծրագիրը քրեակատարողական հիմնարկներում, որտեղ հաշվի են առնվում եւ ինքնասպանության դեպքերը, եւ մահվան դեպքերը, եւ նաեւ քաղաքացիական բուժհիմնարկներում ու ՔԿՀ-ներում բուժման առանձնահատկությունները, որպեսզի առնվազն ՔԿՀ-ում գտնվող անձը ստանա նույն ծառայությունները, ինչ որ ստանում է համայնքում գտնվող անձը: Այս ստանդարտին են ուղղված մեր ամբողջ բարեփոխումները»:

Մահվան ընդհանուր դեպքերի մեջ որքա՞նն են խոշտանգումներով պայմանավորված. հարցին ի պատասխան՝ արդարադատության փոխնախարարն ասաց, որ նման փաստ չկա: Յուրաքանչյուր մահվան դեպքով կատարվում է համապատասխան նախաքննություն: Ըստ դրա վարույթն իրականացնող մարմիններն ընդունում են որոշում՝ քրեական գործի հարուցման կամ մերժման մասով:

«Չունենք նման դեպքեր, երբ խոշտանգումների պատճառով մահ լինի: Ավելի գլոբալ հարցեր են՝ բժշկական ծառայությունների, գերբեռնվածության, հիգիենայի պայմանների հետ կապված: Այդ խնդիրների գերակշիռ մասը լուծում ստացել են կամ այդ բարեփոխումները ընթանում են»:

Որեւէ մեկը չի հավակնում ասելու, թե իդեալական վիճակ է, բայց նախորդ տարիների համեմատ դրական փոփոխություններն զգալի են՝ հավելեց Սուրեն Քրմոյանը: Նա նաեւ տեղեկացրեց, որ որոշ դեպքերում, քրեակատարողական հիմնարկների ծառայողների կողմից կանոնների խախտման առկայությամբ, վարույթներ են հարուցվել, եղել են աշխատանքից ազատման եւ համապատասխան միջոցների կիրառման դեպքեր:

Քննարկվող առանցքային հարցերից մեկն էլ առնչվում է պայմանական վաղաժամկետ ազատմանը: Այստեղ խնդիր տեսնում են բոլորը: Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանի փոխանցմամբ՝ քննարկումների արդյունքում նախատեսված են մի քանի սկզբունքային փոփոխություններ: Ընթացակարգը պարզեցվելու է, սահմանվելու են վաղաժամկետ ազատման հստակ չափանիշեր, նաեւ՝ բողոքարկման եւ դատապարտյալի իրավունքների պաշտպանության մեխանիզմներ են ամրագրվելու. դատապարտյալը կմասնակցի ամբողջ գործընթացին: Փոխվելու է նաեւ հանձնաժողովի կազմը: Այս փոփոխությունների վերջնական տարբերակը գրեթե պատրաստ է՝ ասաց արդարադատության փոխնախարարը՝ հույս հայտնելով, որ հնարավորինս շուտ այն կկարողանան ներկայացնել կառավարությանը:

 

Կարդացեք նաև

Back to top button