
Արցախի հանրային հեռուստատեսության եթերում ԼՂՀ անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը, ով այս օրերին անձամբ է հետևում Թալիշի վերականգնման ու վերակառուցման աշխատանքներին հայտարարել է, որ այսօրվա արդիականացված պաշտպանական համակարգը երաշխավորում է, որպեսզի Արցախի բոլոր սահմանամերձ բնակավայրերի և, հատկապես, Թալիշ համայնքի անվտանգությունը լիովին ապահովված լինի:
Խոսելով Թալիշում արդեն ստեղծվող անվտանգության պայմանների մասին՝ Արցախի հերոսը ասել է, որ թե´ ռազմական, և թե´ քաղաքական իշխանությունները ապրիլյան ագրեսիայի օրերից անհրաժեշտ հետևություններ են արել, և կատարվում են համապատասխան համարժեք քայլեր՝ բնակչության անվտանգությունը բարձր մակարդակով ապահովելու համար:
Վիտալի Բալասանյանը կոչ է արել ժողովրդին՝ Թալիշի անվտանգության հարցում մտահոգություն չունենալ և հավելել, որ, գյուղի վերականգնմանը զուգահեռ, որպես սահմանամերձ բնակավայր, բնակիչներին տրվելու են արտոնյալ պայմաններ՝ վերանայվելու է գյուղի կարգավիճակը:
Օրենսդրական նախաձեռնությամբ՝ հարկերի և էլեկտրաէներգիայի մասով սահմանվելու են մեծ արտոնություններ։ ԼՂՀ անվտանգության խորհրդի քարտուղարը ավելացրել է նաև, որ ամիսներ հետո բոլորն ականատես կլինեն ոչ միայն ամբողջովին վերականգնված Թալիշին, այլև այն կվերածվի մի հրաշք տարածքի՝ իր բոլոր ենթակառուցվածքներով:
Ի դեպ, Թալիշի վերականգնման համար ԼՂՀ իշխանությունները արդեն հրավիրել են Հայաստանի և Սփյուռքի մի շարք ճանաչված հայ ճարտարապետների, ովքեր տեղում մասնակցում են գյուղի վերականգնմանն ուղղված նախագծային աշխատանքներին:




