

Մինչև երեքն աշխատել ու ամփոփել են «2017թ պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի շուրջ ստացված պատգամավորների առաջարկություններն ու այսօր կառավարության նիստին ներկայացրել: Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը գործադիրի նիստին այսօր մասնակցել է աշխատանքն ավարտած, սակայն չհանգստացած: Սա նկատել է վարչապետ Կարեն Կարապետյանը: Այսօր էլ ավանդույթը չի խախտվել, կառավարության նիստը վարչապետի հանձնարարականներով է սկսվել, ավարտվել՝ մաղթանքով: Գերատեսչություններում օպտիմալացումը շարունակվում է, վարչապետի ուշադրության կենտրոնում նաև խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողներն են ու նրանց առաջարկները:
Խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողների բողոքի ձայնը հասավ կառավարություն: Հիշեցնենք, տարիներ շարունակ նրանք բողոքի ակցիաներ են կազմակերպում կառավարության շենքի ու նախագահի նստավայրի առջև: Վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ուշադրությունը հրավիրեց խնդրի վրա, նշեց, որ իրեն ու աշխատակազմ են դիմել խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողները: «Դիմումի լավագույն ընթացքը կհանդիսանա, եթե ՀՀ գլխավոր դատախազի կողմից ընդունելություն կազմակերպվի: Նշված մոտեցումն արդարացված է այնքանով, որ ծնողների կողմից բարձրացված խնդիրները վերաբերում են կոնկրետ քրեական գործերին, որոնց մասով հսկողություն է իրականացնում դատախազությունը»։
ՀՀ-ում ԾԻԳ-երի օպտիմալացման երկրորդ փուլն է սկսվում: Մինչ այժմ հինգ ԾԻԳ է կրճատվել: ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարին վարչապետը հանձնարարեց, ներգրավելով ճյուղային պետական մարմինների պատասխանատուներին, բանակցել օտարերկրյա և միջազգային կազմակերպությունների հետ և կրճատել ԾԻԳ-երի քանակը և դրանց պահպանման ծախսերը: «Առաջարկում ենք քննարկել և նվազեցնել ԾԻԳ-երի քանակը առնվազն կիսով չափ, իսկ դրանց պահպանման ծախսերը մեկ երրորդով: Մենք նախնական հաշվարկել ենք և տասնմեկ ԾԻԳ-ից պետք է մնա հինգը։ Բոլոր կողքի կառույցները, բաժինները, ստորաբաժումները պետք է վերանան, փակ բաժնետիրական ընկերություններում այդ գործառույթներն իրականացնող կառույցներն էլ պետք օպտիմալացվեն»: Հաշվի առնելով, որ բանակցությունների գործընթացը ժամանակատար է, առաջարկեց երկշաբաթյա ժամկետում ներկայացնել աշխատանքների իրականացման ժամանակացույցը:
Բնապահպանության նախարարությունում ՊՈԱԿ-ների միավորման հետևանքով 20% հաստիքների կրճատում է իրականացվելու։ Արդեն կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն ասաց. «Շատ ցավոտ տեղի կպաք, որովհետև ցանկացած գերատեսչության համար դա իսկապես դժվար որոշելիք հարց է»,- ասաց նախարարը՝ նշելով, թե մի շարք կառուցվածքային փոփոխություններ են իրականացնելու կենտրոնական ապարատում: «Խոսքը վերաբերում է ոչ միայն վարչություններին, այլ նաև գործակալություններին: Նախնական հաշվարկով՝ շուրջ 22 % կրճատման ծրագիր է ներկայացվել»։
Օպտիմալացվում են նաև մարզային արխիվային ծառայությունները: Տարածքային կառավարման ու զարգացման նախարար Դավիթ Լոքյանի տեղեկացմամբ, 2017թ կփակվի մոտ երեք տասնյակ արխիվային ծառայություն: Քաղաքացիները տեղեկատվություն կստանան սոցիալական ծառայությունների միջոցով: Ծրագրի մեկնարկը կտրվի Մեղրի քաղաքից:
Կառավարությունը կստեղծի Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն՝ տեղեկացրեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
«Այն լինելու է կառավարությանը կից ու գործելու է հանրային — մասնավոր գործընկերության ձևաչափով: Կենտրոնի հիմնական գործառույթը ՀՀ կառավարության համար երկարաժամկետ ռազմավարության ու տարբեր գերակա ուղղություններով երկարաժամկետ բարեփոխումների հայեցակարգերի ու փաթեթների մշակումն է լինելու»,- ասաց վարչապետը։
Կառավարությունն այսօր հաստատեց 2017-ի պետական բյուջեի նախագծի շուրջ ԱԺ առաջարկությունները: 8 մլրդ դրամով կավելացվի կառավարության պահուստային ֆոնդը: Կառավարությունը շուրջ 334 առաջարկ է ստացել պատգամավորներից: Բյուջեն պետք է բալանսավորված լինի, ծախսերը ադեկվատ պետք է լինեն եկամուտներին՝ մեկ անգամ ևս հստակեցրեց հանրապետության գլխավոր ֆինանսիստը:
ՀՀ կառավարությունը կլուծի Երևանի քաղաքապետարանի, «Փարքինգ Սիթի Սերվիս» և «Լոկատոր» ընկերությունների միջև կնքված Երևան քաղաքում ավտոկայանատեղերի կազմակերպման ծառայությունների մատուցման գնման պայմանագիրը: «Միաժամանակ թույլատրվում է, որ ավտոկայանատեղերի կազմակերպման ծառայությունը ձեռք բերեն Երևանի ենթակայությամբ գործող կազմակերպությունները»,-նախագիծը ներկայացնելիս ասաց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Քաղաքապետի խոսքով՝ նախագծով առաջարկվում է նաև ավտոկայանատեղերի կազմակերպման ծառայությունները մատուցող Երևանի ենթակայությամբ գործող կազմակերպությունների հավատարմագրային կառավարման ծառայությունները ձեռք բերել բանակցային ընթացակարգով:
Կառավարությունը հաստատեց նաև ՀՀ-ում գյուղատնտեսության սուբսիդավորման ուղղությունների հայեցակարգը,. ՀՀ պարենային անվտանգության ապահովման հայեցակարգից բխող միջոցառումների 2017-2021 թվականների ծրագիրը: Հայեցակարգը 14 ուղղություն է ներառում: Գյուղնախարարությունում կարծում են, որ փաստաթղթով մեր երկրում կկրճատվի աղքատությունը, կբարելավվի բնակչության կենսամակարդակը:




