

Գործող խորհրդարանում 131 պատգամավորից 41-ը մեծամասնական ընտրակարգով ընտրվածներ են: Հաջորդ խորհրդարանում մեծամասնական ընտրակարգով ընտրվածներ այլեւս չեն լինելու: Փոխված կարգի համաձայն՝ անցնելով խորհրդարանական կառավարման՝ ԱԺ- ն այսուհետ ձեւավորվելու է բացառապես համամասնական, այսինքն՝ կուսակցական ցուցակներով: <<ԱԺ մոնիտորինգ>> ծրագիրը, իրականացնելով ուսումնասիրություն, փորձել է պարզել մեծամասնական պատգամավորների աշխատանքի արդյունավետությունը: Մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորների ծրագրային հիմնադրույթների, դրանց իրականացման կամ չիրականացման վերաբերյալ նրանց մեկնաբանությունների վիճակագրական տվյալների համադրությունից ստացվել է ուշագրավ պատկեր:
Վանաձորից մեծամասնական ընտրակարգով ընտրված անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը եւ Երեւանից նույն ընտրակարգով ընտրված հանրապետական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը այնքան էլ գոհ չեն իրենց 4 տարվա օրենսդրական աշխատանքից:
Սա այն դեպքում, երբ այս պատգամավորները ամենաշատ հարց տվող, ելույթ ունեցող եւ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես եկողներն են: Պատգամավոր Կորյուն Նահապետյանի հետ գլխավորում են ԱԺ-ում աշխատող 41 մեծամասնական պատգամավորների ակտիվ եռյակը: <<ԱԺ մոնիտորինգ>> ծրագիրն այս առումով բացահայտել է ուշագրավ փաստեր: Հաշվի առնելով հանգամանքը, որ հաջորդ խորհրդարանում մեծամասնական ընտրակարգով ընտրված օրենսդիրներ այլեւս չեն լինելու, ծրագիրը փորձել է ամփոփել, թե վերջին 5 տարվա ընթացքում մեծամասնականները որքանով են հաջողել իրենց աշխատանքում։ Համադրվել են ընտրություններում տրված խոստումներն ու այնուհետեւ կատարված աշխատանքը: <<ԱԺ մոնիտորինգ>> ծրագրի աշխատակիցներն ուսումնասիրության ժամանակ բախվել են մեծամասնական մի շարք պատգամավորների անհասկանալի գաղտնապահության: <<Մի մասը հակված չէր համագործակցել>>,- ասում է ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանը:
Ի դեպ՝ մի քանի հետաքրքիր ցուցանիշ: Մեծամասնական 41 պատգամավորից 30-ը Հանրապետական կուսակցությունից են: Խորհրդարանի ամենահարուստ 10 պատգամավորից 9- ը ընտրված է հենց նշված ընտրակարգով, խորհրդարանի 16 դոլարային միլիոնատերերից 12-ը կրկին մեծամասնականներն են: Թվային այս <<տպավորիչ>> ցուցանիշներին զիջում է մեծամասնական պատգամավորների գործունեության օգտական գործողության գործակիցը: Անցած տարիների ընթացքում 41 պատգամավորից 25-ը ընդհանրապես ամբիոնին եւ խոսափողին չի մոտեցել, իսկ մեծամասնականների 63 տոկոսի անունն ընդհանրապես երբեւէ չի եղել որեւէ օրենսդրական նախաձեռնության, օրենքի եւ այլ փաստաթղթի տակ: Այսպիսով՝ թվերը փաստում են՝ կա մտահոգիչ մի ցուցանիշ, համաձայն որի՝ խորհրդարանականների 1/6-ը իրենց գործառույթը համարում է պարզապես քվեարկություններին մասնակցելը: Բայց նույն այս պատգամավորները, մինչեւ խորհրդարան մտնելը, քարոզարշավի ընթացքում ընտրողների ուշադրությունը գրավելու համար տվել են ոչ թե պատգամավորին, այլ նախագահին կամ առնվազն համայնքի ղեկավարին <<հարիր>> գլոբալ եւ ֆունդամենտալ, կամ համայնքային խոստումներ:
Մարզերից շատերում, ի դեպ, արդեն չեն էլ հիշում, թե իրենց մեծամասնական պատգամավորն ինչ նախընտրական խոստումներ է տվել՝ փաստում է ուսումնասիրությունը: Թե ինչու պատգամավորներին չի հաջողվում իրացնել պատգամավորական աշխատանքի ողջ հնարավորությունը՝ կան տարբեր պատճառներ՝ սկսած ԱԺ կանոնակարգ-օրենքից մինչեւ հասարակական ընկալումներ: Պատգամավորները հաստատում են՝ ընտրողներն իրենց դիմում են ոչ թե օրինաստեղծ աշխատանքին վերաբերող հարցերով, այլ շատ կոնկրետ խնդրանքներով եւ ակնկալիքներով: Օրինակները ներկայացնում է պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:
Պատգամավոր Էդմոն Մարուքյանը լավատես չէ: Համոզված չէ, որ <<լուռ մեծամասնականների>> խնդիրը կլուծվի հաջորդ գումարման ԱԺ-ում: Ճիշտ է, մեծամասնական ընտրակարգ այլեւս նախատեսված չէ, բայց նույն գործիչները հնարավորություն կունենան կրկին հայտնվել խորհրդարանում;
Սա, ի դեպ, չի բխում խորհրդարանական կառավարման անցնելու սկզբունքից: Հայտնի է, որ խորհրդարանականների աշխատանքի ծավալն անհամեմատ շատանալու է եւ յուրաքանչյուր խմբակցությանն անհրաժեշտ կլինեն աշխատող պատգամավորներ: Իսկ դեռ այսօրվա պատգամավորները նշում են, որ ամեն ինչը հարաբերական է՝ լավ աշխատանքը կախված չէ ընտրակարգից, չաշխատող պատգամավորներ կարող են լինել նաեւ կուսակցական՝ համամասնական ցուցակներում: Բայց սա արդեն ապագայի եւ նոր ուսումնասիրությունների առարկա է, որտեղ Սամվել Ֆարմանյանը ցանկացավ տեսնել նաեւ <<խորհրդարանական դիվանագիտության>> ուսումնասիրության փորձագիտական գնահատականները:




